Հայաստանի շուրջ աշխարհաքաղաքական փոթորիկ է ծավալվում, ՀՀ իշխանությունն ասում է՝ «թուլացեք եւ վայելեք խաղաղությունը»․ «ՀայաՔվեի» հեղինակած` Հայաստանի ազգային անվտանգության հայեցակարգի ներկայացման ժամանակ ասաց «ՀայաՔվե» նախաձեռնության հեղինակ Ավետիք Չալաբյանը (լուսանկարում)։
Այս նոր իրողությունները, բանախոսի փոխանցմամբ, չեղյալ են համարում մինչեւ 2020 թվականը ՀՀ-ի ընդունած անվտանգության ռազմավարության բոլոր փաստաթղթերը եւ ստեղծված իրավիճակում, երբ գործող իշխանությունը ազգային անվտանգության ռազմավարություն չի մշակվում, իսկ 20 տարի նման փաստաթուղթ ՀՀ-ում առհասարակ չի հաստատվել, իրենք փորձել են դա անել՝ 40 էջի սահմաններում։ Հայեցակարգը կլրամշակվի, հետագայում՝ համապետական ընտրություններից հետո ձեւավորվող նոր իշխանությանը կներկայացնի, ակնկալիքով, որ այն հիմք կհանդիսանա ազգային անվտանգության նոր ռազմավարության համար։
«ՀայաՔվե» նախաձեռնության անդամ Ավետիք Քերոբյանը ներկայացրեց իրենց մշակած փաստաթղթի հիմնական դրույթները։ Մինչ այդ նա նկատեց՝ գործող ՔՊ-ական կառավարությունը հրաժարվել է նույնիսկ իր ներկայացրած ազգային անվտանգության ռազմավարությունից․ այն անհետացել է կառավարության կայքից։
Ըստ «ՀայաՔվեի» մշակած փաստաթղթի, Հայաստանի գլոբալ սպառնալիքը ռադիկալ անկայունությունն է աշխարհում․ աշխարհում որեւէ երկիր վստահ չէ ապագայի վրա եւ անգամ մեկշաբաթյա կանխատեսումներ հնարավոր չի իրականացնել։ Տնտեսությունը դանդաղել է, աշխարհում ռեսուրսների մրցավազք է։
Կարդացեք նաև
Տարածաշրջանում, ըստ բանախոսի, միջին ուժերը՝ Իրանը, Թուրքիան են փորձում գրավել ՌԴ-ի դերը, որը հեռացել է։ Ի դեպ, Հայաստանի անմիջական արտաքին սպառնալիքները փաստաթղթի հեղինակները համարում են Թուրքիային եւ Ադրբեջանին․ դրանք ուղիղ եւ բացահայտ թշնամական վերաբերմունք են ցույց տալիս ՀՀ-ի նկատմամբ։ Ավետիք Քերոբյանը խորհուրդ է տալիս Թուրքիայի եւ Ադրբեջանի վերաբերմունքը ՀՀ-ին չշփոթել գործող իշխանության նկատմամբ վարքագծի հետ։ Իսկ Իրանում պատերազմը, ըստ բանախոսի, անկանխատեսելի հետեւանքներ կարող է ունենալ մեր երկրի համար՝ կախված իրադարձությունների հետագա զարգացումներից։
Փաստաթղթի հեղինակները Հայաստանի համար ներքին սպառնալիքներից են համարում նաեւ ազգային ընդդիմության եւ Հայ առաքելական եկեղեցու խոցելիությունը։ Իրենց գնահատմամբ՝ ՔՊ-ական իշխանության այս պայքարը ՀԱԵ կամ եկեղեցականների դեմ չէ, այլ հայ ազգային ինքնության։ Ներքին սպառնալիքներից է նաեւ պետական արդյունավետ կառավարման բացակայությունը։
«Անկախության հռչակագիրը մեր ինքնության ինքնորոշման եւ ինքնուրույնության հիմքն է, այն պետք է պահպանենք»,- ասաց Ավետիք Քերոբյանը՝ նկատի ունենալով Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությունը, որ նոր Սահմանադրության մեջ Անկախության հռչակագրի հղում չպետք է լինի։
Փաստաթղթի հեղինակները նախատեսում են Սփյուռքի հետ հարաբերությունների կարգավորում, Սփյուռքի ներուժի կենտրոնացում՝ ի շահ Հայաստանի եւ ազգային ռեսուրսների կենտրոնացում հայրենիքում, Հայաստանի, արցախահայության եւ Նախիջեւանի հայերի իրավունքների վերականգնում՝ սկսած գույքայինից, ազատ խոսքի տեղաշարժից եւ այլն։
«Լինել սեղանի շուրջ ոչ թե ուտելիք, այլ ուտող, ոչ թե խոսակցության թեմա, այլ խոսակցություն վարող»,- ըստ Ավետիք Քերոբյանի, սա է իրենց պատկերացումների հիմքը։ Դրա համար պետք է՝ Հայաստանի դիվանագիտական ներուժի համախմբում եւ երկրի սուբյեկտայնության բարձրացում աշխարհում, դիվանագիտական գործիքների ընդլայնում, դիվանագիտական աշխատանքի ակտիվացում։ Իրենց գնահատմամբ, Հայաստանը կարող է դերակատար լինել Չինաստանի եւ Հնդկաստանի երկխոսության համար։
«Մենք պետք է բոլորով պատրաստ եւ պատրաստված լինենք հայրենիքի պաշտպանությանը»,- հայտարարեց Ավետիք Քերոբյանը՝ հավելելով, որ ռազմարդյունաբերությունը կարող է առաջատար դարձնել Հայաստանի տնտեսությունն աշխարհում, այն տեխնոլոգիական առումով զարգացման լուրջ ներուժ ունի։ Գաղտնիքներ չբացելով՝ ասաց, որ կան հայկական ընկերություններ, որոնք աշխարհի ռազմարդյունաբերական համալիրում լուրջ դերակատարումներ ունեն․ դա հատվածական է, պետք է համակարգել եւ առաջ տանել՝ ավելի ամբողջական։ Անհրաժեշտ է նաեւ կիբերանվտանգության եւ տեղեկատվական անվտանգության պաշտպանությունը բարձրացնել։ Փաստաթղթի հեղինակները նաեւ, որպես խաղաղության ապահովման գործիք հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն են դիտարկում, որպեսզի դրա կրկնություն չլինի, ինչի նկրտումները մեր թշնամիներն ունեն՝ իրենց քարտեզներում Հայաստանը չկա։
Մանրամասները՝ տեսանյութում
Տեսանյութն ամբողջությամբ՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































