-Սամվել Կարապետյանին 7 ամիս շարունակ կալանքի տակ պահելով՝ Նիկոլ Փաշինյանը փաստում է մի բանի մասին: Նա վախենում է ուժեղ մարդկանցից, ունի ներքին վախ, այդ վախերը, վստահաբար, կհաղթահարվեն ու ստիպված կլինի հունիսի 8-ից հետո համակերպվել այն մտքի հետ, որ Հայաստանը լինելու է ուժեղ,- այսօր կառավարության շենքի դիմաց ի պաշտպանություն բարերար Սամվել Կարապետյանի իրականացվող ակցիայի ժամանակ հայտարարեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արթուր Միքայելյանը:
Հիշեցնենք, որ այսօր՝ Սամվել Կարապետյանի դատական նիստի օրը, ամբողջ քաղաքում ի պաշտպանություն Սամվել Կարապետյանի եւ նրա ազատության պահանջով, նրա աջակիցները ֆլեշմոբ են անցկացնում:
Կարդացեք նաև
-Փոքրիկ խմբակի պատմությանը մնացել է 86 օր,- կառավարության շենքի դիմաց ազդարարեց Արթուր Միքայելյանը:
Նրա խոսքով՝ այս ութ տարվա մեջ գործող իշխանությունը ՀՀ համար ոչ մի լավ բան չի արել. «Ուզում եմ՝ կառավարության ներկայացուցիչը իջնի ներքեւ ու ցույց տա գեթ մի կետ, որ կատարել են իրենց նախընտրական խոստումներից: Արել են այն, ինչ մեր թշնամիներին չի հաջողվել հազարամյակներով, նվաստացրել են հայի պատիվն ու արժանապատվությունը»:
Կարապետյանի աջակիցները խորհրդանշական նվեր էին նաեւ բերել Փաշինյանի համար՝ հեռախոս:
«Օրեր առաջ Փաշինյանի մտքով անցավ ու որոշեց, որ կարելի է հեռախոս նվիրել Սամվել Կարապետյանին, որ կապ հաստատի ժողովրդի հետ: Ոչ մի նորմալ, բանականություն ունեցող մարդու մտքով նման բան չէր կարող անցնել. հեռախոս նվիրել այն մարդուն, ով իր ամբողջ կյանքում միլիոնավոր դոլարներով օգնել է հայ ժողովրդին ու Արցախին: Բայց եկեք մի բան ֆիքսենք՝ այս անգամ էլ նա խաբեց, խոստացավ ու կրկին չարեց: Մինչ օրս իր նվերը չի հասել, թեեւ Սամվել Կարապետյանը դրա կարիքը չունի էլ: Սամվել Կարապետյանը, երբ ունենա հնարավորություն, ինքը ժողովրդի հետ անպայման խոսելու է: Այսօր այս հեռախոսն ենք բերել, որի միջոցով հնարավոր չէ կեղծ լուրեր տարածել, հնարավոր չէ ազգը պառակտել, ընտանիքների մեջ թշնամություն մտցնել: Այս հեռախոսն ամեն ինչը բլոկելու է, վարչապետի նման խոսույթը բլոկելու է: Ուզում ենք նվիրել, որ հայ ժողովուրդը նորմալ ապրի ու վերջին անգամ սրանով ինքը դուրս գա ուղիղ եթեր, հայտարարի, որ սրանից հետո ՀՀ-ում գերիշխում է օրենքը ու սրանից հետո իմ ասածներին բանի տեղ մի դրեք»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ























































