«Ռեգիոն» հետազոտական կենտրոնի տնօրեն Լաուրա Բաղդասարյանի ֆեյսբուքյան գրառումը
Փաստորեն, եթե ասվում է, որ Ղարաբաղյան շարժում չկա, դա պետք է հասկանալ, որ չի էլ եղել։
Այս տրամաբանությամբ ստացվում է, որ մեկ անձի «համարումով», պետք է խմբագրել հայոց պատմությունը իր բազմահատոր ու բազմաբովանդակ աշխատություններով, փակել բոլոր թանգարանները, որոնք նախեւառաջ հիշողության մասին են, պատմում են մարդկանց, նրանց ապրած կյանքի, հույզերի ու պատմական անցքերի մասին, որոնք այլեւս չկան։ Եթե, իհարկե, դրանք ներկայումս գործող կառավարության արտաքին քաղաքականության գծի մեջ չեն։
Իսկ ընդամենը 4 ամիս առաջ, անցած տարվա նոյեմբերին Ալիեւը հրահանգել էր իր ակադեմիկոսներին «ստեղծել ավելի շատ գիտական աշխատանքներ, հանրամատչելի նյութեր, որպեսզի այս իրողությունները (որ Հայաստանի տարածքում բնակվող հայերը չունեն իրենց բնակության վայրերի նկատմամբ պատմական իրավունք – Լ. Բ. ) տարածվեն նաև Ադրբեջանից դուրս: Սա կնպաստի նաև մեր Հայաստան վերադարձին, որպեսզի դա լինի տրամաբանական և արդարացի»:
Կարդացեք նաև
Ընդգծենք, ասում էր՝ ոչ թե «արդարացի է», այլ, որ «արդարացի լինի»։
Ու ոնց որ այս հրահանգը նա չի չեղարկել։
Այս հակադիր ուղղվածության հայկական ու ադրբեջանական ռեւիզիոնիզմները, Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղության հավերժ լինելու մասին Ալիեւի հայտարարությանը բոլորովին այլ իմաստ են հաղորդում։ Որ դիտանկյունից էլ ուզում եք նայեք։
Վերջերս եմ միայն հասկացել, որ գիտությունն ու տգիտությունը բացարձակ հակադիր բաներ չեն, քանի որ գոնե մի ընդհանրություն ունեն։ Երկուսն էլ անսահման են։


















































