-Սովորական հեռախոս է, լիցքավորման սարքն էլ է հետը, որ հանկարծ լիցքավորելու խնդիր չլինի: Ինձ թվում է՝ քարտ կգտնեն, եթե չգտնեն, կխնդրենք՝ կապ հաստատեն, քարտ էլ կտանք: Որ այս հեռախոսով լայվ մտնի ու ասի՝ Հայաստանում այլեւս բոլորը գործեն օրենքի շրջանակներում ու բանի տեղ չդնեն իր խոսքին: Որ չլինի զանգովի արդարադատություն, որ չլինի sms-ներով պաշտոնյաներին գործից ազատում: Մի խոսքով՝ բարի հեռախոս է, ո՛չ հայհոյանք է տարածում, ո՛չ կեղծ խոսք է տարածում,- այսօր կառավարության շենքի դիմաց Նիկոլ Փաշինյանին նվեր բերած հեռախոսը ներկայացրեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արթուր Միքայելյանը:
Հիշեցնենք, որ այսօր՝ Սամվել Կարապետյանի դատական նիստի օրը, ամբողջ քաղաքում ի պաշտպանություն Սամվել Կարապետյանի եւ նրա ազատության պահանջով, նրա աջակիցներն ու կուսակցական ընկերները ֆլեշմոբ, բողոքի ակցիաներ են անցկացնում:
Կարդացեք նաև
Փաշինյանի նվերը վերցնելու համար կառավարությունից ոչ մեկը չիջավ, «Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչները սպասեցին, վերջին երեք րոպեն էլ ժամանակ տվեցին, հետո փորձեցին նամակների փոխանցման բաժնին հանձնել, այնտեղ էլ չվերցրին: Ի վերջո, հեռախոսը ցուցարարները դրեցին կառավարության շենքի դիմաց՝ ոստիկանների ոտքերի առաջ, ու հեռացան կառավարության շենքից:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ



















































