«Դա այն հարցն է, որը միշտ տալիս են՝ թուրքը վաղը որ մտավ Հայաստան, ի՞նչ եք անելու։ Մենք ունենք, իհարկե, անմիջական սպառնալիքներ, անմիջական վտանգներ եւ այդ վտանգները կարող են իրականանալ հենց այս պահին։ Բայց դա չի նշանակում, որ մենք պետք է ձեռքներս ծալած նստենք եւ չունենալով ռազմավարություն, հեռանկարային տեսլական՝ գնալ առաջ, որովհետեւ այդ ճանապարհը, եթե դու հեռուն չես տեսնում, միշտ սխալ է»,- այսօր պատասխանելով լրագրողի հարցին, ասաց ՀՀ ռազմարդյունաբերական կոմիտեի նախկին նախագահ, «ՀայաՔվե» միավորման անդամ Ավետիք Քերոբյանը։
«ՀայաՔվե» միավորումն այսօր ներկայացրեց իր հեղինակած` Հայաստանի ազգային անվտանգության հայեցակարգը։ Այն առաջարկվելու է ընտրություններից հետո ՀՀ-ում ձեւավորվելիք նոր իշխանությանն՝ իբրեւ ազգային անվտանգության ռազմավարության հիմք։
«Մենք չենք տիրապետում խորքային թվերին, որովհետեւ այդ թվերը մեզնից թաքցվում են, մանիպուլացվում են, հասարակությանը եւ հանրությանը ներկայացվում է իրողությունից տարբեր՝ կեղծ իրականություն»,- ասաց Ավետիք Քերոբյանը՝ հավելելով, որ անմիջական սպառնալիքների մասով անելիքներն այժմ դժվարանում է շատ հստակ ասել։ Բայց մի բանում վստահ է՝ առաջ քայլելու համար «մեջքը պիտի ամուր լինի», իսկ մեջքի ամրացումը ժամանակ է պահանջում։
«ՀայաՔվե» միավորման համակարգող Ավետիք Չալաբյանն էլ հավելեց՝ ՔՊ-ական իշխանությունն իր գոյության ընթացքում ամեն տարի ականապատել է Հայաստանը։ Նա տարակուսած է Եվրոպական խորհրդարանում Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունից, որ արցախահայերը պետք է համակերպվեն իրենց տեղահանության հետ եւ մոռանան վերադարձի իրենց իրավունքը ՝ զարմացնելով նաեւ ԵԽ պատգամավորներին, այն պարագայում, երբ անգամ Ալիեւն է ասում՝ պատրաստ է «իր քաղաքացիներին» ընդունել։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































