Այսօր Մատենադարանի Հրաչյա Թամրազյանի անվան դահլիճում կայացավ «Կրթվելը նորաձև է» շարժման հերթական բանախոսությունը, որի հատուկ հյուրն էր ԱՄՆ-ից Հայաստան ժամանած ականավոր տնտեսագետ և ներդրումային խորհրդատու Մարք Չէնեանը։
Միջոցառմանը ներկա էին շուրջ 150 մասնակիցներ՝ հրավիրյալ հյուրեր, հիմնադրամի գործընկերներ, ծրագրերի շահառուներ և շարժման գաղափարակիցներ։
Բանախոսությունը, ավանդույթի համաձայն, մեկնարկեց «Gaudeamus Igitur» ակադեմիական հիմնով։ Մինչ բուն բանախոսությանն անցնելը «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի փոխտնօրեն Թալին Թոփալաքեանը, հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանի, հոգաբարձուների խորհրդի և ողջ աշխատակազմի անունից ողջունեց հյուրերին, համառոտ ներկայացրեց «Կրթվելը նորաձև է» շարժման գաղափարախոսությունն ու նպատակները, ինչպես նաև ներկայացրեց օրվա բանախոսի՝ ակնածանքի արժանի անձնական և մասնագիտական ճանապարհն ու ձեռքբերումները։
Կարդացեք նաև
Մարք Չէնեանը հանդես եկավ «Նեղոսի ափերից մինչև Խաղաղ օվկիանոս. ութ տասնամյակի պատմություն» թեմայով բանախոսությամբ՝ կիսվելով իր կյանքի, կրթական ու մասնագիտական ճանապարհով, որը սկսվել է Եգիպտոսում և շարունակվել աշխարհի տարբեր երկրներում։ Իր ելույթի ընթացքում նա անդրադարձավ պատմական ու քաղաքական մի շարք կարևոր իրադարձությունների՝ Երկրորդ համաշխարհային պատերազմից մինչև Մերձավոր Արևելքի պատերազմներ, ինչպես նաև հայկական սփյուռքի ձևավորման և Հայաստանի տարբեր ժամանակաշրջանների մարտահրավերներին։
Բանախոսը խոսեց նաև արտերկրում ապրող հայերի՝ հատկապես Եգիպտոսում ձևավորված հայկական էլիտայի ունեցած կարևոր դերի մասին կրթության, մշակույթի և սփյուռքի ձևավորման գործում։ Չէնեանը ընդգծեց նաև Խորհրդային Հայաստանի ունեցած ազդեցությունը սփյուռքի պատմության որոշ շրջադարձային փուլերում՝ անդրադառնալով նաև Հայաստանի տարբեր ժամանակաշրջանների ազդեցությանը իր անձի և աշխարհայացքի ձևավորման վրա, ինչպես նաև իր սեփական ներդրմանը Հայաստանի զարգացման գործում։
Բանախոսությունից հետո տեղի ունեցավ փոքրիկ մշակութային դադար։ Ելույթ ունեցավ «Երևանի ձայներ» կանանց կամերային երգչախումբը, որի կատարմամբ հնչեցին մի շարք գեղեցիկ ստեղծագործություններ, այդ թվում՝ «Dream a Little Dream», Կոմիտասի մշակմամբ ժողովրդական երգեր, Առնո Բաբաջանյանի «Իմ Երևան» և այլն։
Ըստ ընդունված ձևաչափի՝ բանախոսության ավարտին ներկաներից 5-ը հնարավորություն ունեցան հարցեր ուղղելու բանախոսին՝ բարձրացնելով հարցեր ազգային գաղափարախոսության կարևորության, կրթության դերի, ապագայի մարտահրավերների, ինչպես նաև բանախոսի անձնական կյանքի ու մասնագիտական փորձառությունների մասին։ Հարցուպատասխանի ընթացքում «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը, հաշվի առնելով բանախոսի ֆինանսատնտեսական ահռելի փորձը, հետաքրքրվեց նաև, թե ինչպիսի արդյունավետ մեխանիզմներով կարելի է ապահովել ֆինանսական միջոցների գեներացումը ,որպեսզի հնարավոր լինի իրականացնել հիմնադրամի լայնածավալ ծրագրերն ու մեծ նպատակները։ Հնչեցին բովանդակալից, խորը և խորհելու տեղիք տվող պատասխաններ։
Այսօրվա բանախոսությունը ևս մեկ անգամ ընդգծեց «Կրթվելը նորաձև է» շարժման կարևոր առաքելությունը՝ Հայաստանում խթանել կրթության, խորը և բովանդակալից քննարկումների ու փորձի փոխանակման մշակույթը։




















































