ԱԺ ընդդիմադիր պատգամավորներն այսօր խորհրդարանում կազմակերպել են առողջության համընդհանուր ապահովագրության համակարգում առկա խնդիրների քննարկում։
Բժիշկ, առողջապահության կազմակերպիչ Գեւորգ Գրիգորյանն ասաց, որ բուժաշխատողների շրջանում բողոք կա, քանի որ առողջապահության նախարարությունն, իր վարչական լծակը կիրառելով, պարտադրում է տնօրեններին՝ շանտաժի եւ տեռորի ենթարկել բուժաշխատողներին, ովքեր ձայն են բարձրացնում։ Կա նույնիսկ դեպք, երբ մեկնաբանություն գրելու համար բուժաշխատողին ազատել են աշխատանքից։
«Այսօր առավոտյան դարձյալ ստացել եմ դիմում-բողոք, որտեղ նշվում է, որ անեսթեզիոլոգ բժիշկը, որը չափազանց պատասխանատու գործ է անում, ընդամենը 4,7 տոկոս է վարձատրվում վճարված գումարից։ Ստանում ենք տարատեսակ բողոքներ տնօրենների ճնշումների ու շանտաժի վերաբերյալ»,- ասաց Գրիգորյանը։
Կարդացեք նաև
Նա նշեց, որ բուժաշխատողները նամակներ են գրել նախարարին, որոնք մնացել են անպատասխան։ «Ասոցիացիաներ կան, որ փետրվարի 10-ին նամակ են ուղարկել, որ աշխատավարձի հաշվարկը վերանայեք, առ այսօր պատասխան չեն ստացել։ Ստացել են պատասխան, որ դա քննարկման փուլում է, բայց ամիսներ է տեւում դա, եւ բուժաշխատողը մնում է առանց վարձատրության։ Դա անխուսափելիորեն բերելու է բուժօգնության որակի անկմանը, բուժաշխատողի մոտիվացիայի նվազմանը։ Դեռեւս տաք են, չեն հասկանում, սրա հետեւանքով տուժելու են թե պացիենտը, թե բուժկենտրոնների տնօրենները, որովհետեւ ուղիղ կախման մեջ են ընկնելու նախարարի որոշումից՝ կուզի, այնտեղ կուղղորդի հիվանդներին, չի ուզի, չի ուղղորդի։ Ուղղորդողներն էլ պետական պոլիկլինիկայում աշխատող ընտանեկան բժիշկներն են, ովքեր նախարարի անմիջական ենթակայության տակ են գտնվում»,- ասաց Գեւորգ Գրիգորյանը։
ԱԺ քննարկմանը ներկա չեն նախարարության պաշտոնյաները եւ ՔՊ խմբակցության պատգամավորները։ «Ես ցավ եմ ապրում, որ առողջապահության նախարարությունը, ինչպես նաեւ ԱԺ առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահն այս քննարկմանը ներկա չեն։ Դահլիճում չկա նաեւ որեւէ անձ ՔՊ խմբակցությունից։ Սա ես գնահատում եմ, որ առողջապահության նախարարությունը քաղաքական որոշման արդյունքում չի ներկայացել այստեղ, որպեսզի չառերեսվի առկա խնդիրների հետ։ Եվ նախարարությունը քաղաքականացնում է բուժաշխատողների՝ աշխատանքային պայմաններին առնչվող բողոքը»,- ասաց Գեւորգ Գրիգորյանը։
«Առողջության իրավունք» ՀԿ նախագահ Անուշ Պողոսյանն էլ ներկայացրեց սոցիալական ցանցերում բուժաշխատողների հարցադրումները՝ ուղղված առողջապահության նախարարին․
«Հարգելի նախարար, ինչպե՞ս կարելի է ապրել ու աշխատել 62 հազար դրամ աշխատավարձով։ Մանկաբարձ գինեկոլոգ եմ, ունեմ 35 տարվա աշխատանքային ստաժ։ Առողջապահության ապահովագրության ներդրումից հետո ունեցել եմ աշխատավարձի նվազում»։
«Տիկին Ավանեսյան, ես մանկաբարձուհի եմ, աշխատում եմ պոլիկլինիկայում, դեռ չեմ ստացել աշխատավարձ, պոլիկլինիկայի նեղ մասնագետների եւ բուժքույրերի վարձատրությունը ձեր ասածին չի համապատասխանում»։
«Առանց այդ էլ ստանում ենք բժիշկի համար խայտառակ աշխատավարձ՝ 135 հազար դրամ, որոշեցիք, որ դա էլ է շա՞տ։ Ապահովագրությունը լավ բան է, բայց ոչ բժիշկի հաշվին»։
«Տիկին Ավանեսյան, վերանայեք առաջնային օղակի, հատկապես մանկաբարձների վարձատրությունը, 85 հազար դրամով ո՞նց կարելի է աշխատել»։
«Անահիտ Ավանեսյանը հայտարարել է՝ քննարկման համար բաց եմ, սակայն, ինչպես տեսնում ենք, ոչ ինքը, ոչ իր տեղակալները, ոչ հիմնադրամի ղեկավարն այստեղ չեն։ Նրանց այստեղ չլինելը փաստում է մեկ բանի մասին՝ նրանք ասելիք չունեն, չունեն պարզաբանումներ, թե ինչո՞ւ են բուժաշխատողները ստանում 2-3 անգամ ցածր աշխատավարձ, ինչո՞ւ են տնօրեններին հանձնարարել ապահովագրական արդեն իսկ ցածր աշխատավարձից եւս պահումներ կատարել։ Սա նոր հանձնարարական է, հերիք չէ ցածր են վարձատրվում, մի հատ էլ աշխատավարձային ֆոնդ են պահում, որ տարվա վերջին կարողանան արձակուրդային հաշվարկ անել։ Պարզ ասած՝ բուժաշխատողին ասում են՝ եթե չես համաձայնում աշխատել ավելի ցածր աշխատավարձով, դիմում գրի, գնա։ Մի պայման էլ կա՝ հանկարծ սոցիալական ցանցերում բողոք արտահայտող գրառումներ չանեք, այլապես կազատվեք աշխատանքից։ Նախարարն ասում է, որ սիրում է բուժաշխատողներին, սակայն այդ սիրով բուժաշխատողները ոչ կարողանում են իրենց վարկերը վճարել, ոչ էլ ապրել»,- ասաց Անուշ Պողոսյանը։
Սրտաբան Էլիզաբեթ Գրիգորյանն ասաց, որ բժիշկները միանշանակ կողմ են առողջության ապահովագրության համակարգի ներդրմանը։ Սակայն Հայաստանում դրա ներդրումը մի շարք խնդիրներ է առաջացրել։ Մասնավորապես, շեշտակի նվազել է բուժաշխատողների աշխատավարձը՝ թե պետական, թե մասնավոր բժշկական կենտրոններում։ «Ապահովագրական համակարգը չի կարող լինել կայուն, եթե այն չի ապահովում բժշկի աշխատանքի կայունությունը։ Մենք պացիենտի հետ աշխատելու համար ունենք սահմանափակված ժամանակ՝ 20 րոպե, որի հետ պետք է տեղավորենք հիվանդի զննումը, թղթերի հետ աշխատանքը եւ այդ ամենը ԱՐՄԵԴ-ում գրանցենք։ Հավաստիացնում եմ, որ գործնականում մենք ավելի շատ համակարգչի հետ ենք շփվում, քան հիվանդի։ Բնականաբար, բուժօգնության որակը պետք է իջնի։ Բժիշկը չպետք է կանգնի ընտրության առաջ՝ ընդունել ավելի շատ հիվանդնե՞ր, թե՞ ապահովել բժշկական օգնության բարձր որակ»,- ասաց նա։
Էլիզաբեթ Գրիգորյանն առողջապահության նախարարությանը հորդորում է վերանայել այս քաղաքականությունը եւ նստել քննարկման սեղանի շուրջ։ «Կոչ եմ անում առողջապահության նախարարին ընդունել «Բժշկի ձայն» նախաձեռնող խմբի ներկայացուցիչներին եւ լսել մեր կողմից բարձրաձայնվող խնդիրները, քանի որ դրանք անտեսելու դեպքում խնդիրները միայն կսրվեն»,- ասաց նա։
Բժիշկները փաստեր ներկայացրեցին, որ բուժաշխատողների աշխատավարձերն էապես նվազել են։ Ասացին, որ եթե, օրինակ, առաջնային օղակի մանկաբույժը ստանում էր 195 հազար դրամ ֆիքսված աշխատավարձ, ապահովագրության ներդրումից հետո ստացել է 18 հազար դրամ։ Սրտաբանի հունվար ամսվա աշխատավարձը 160 հազար դրամի փոխարեն կազմել է 18 141 դրամ։ Նյարդաբանը, որը 170 հազար դրամ էր ստանում, ստացել է 30 հազար դրամ։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ




















































