-Մեր նպատակն է իրազեկել քաղաքացիներին, որ ունենք ոչ միայն Սամվել Կարապետյան, այլ բազմաթիվ քաղբանտարկյալներ: Եվ որ հունիսի 7-ից հետո արդարությունը պետք է վերականգնվի ու քաղբանտարկյալների գոյությունը կդառնա պատմություն Հայաստանում,- այսօր քննչական կոմիտեի շենքի դիմաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ, բարերար Սամվել Կարապետյանին ազատ արձակելու պահանջով կազմակերպված բողոքի ցույցի շրջանակներում լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստանի» անդամ Հարություն Մնացականյանը:
Կուսակցության անդամ Տիգրան Բադոյանն էլ խոստացավ, որ ուժեղ Հայաստանում, որն, ըստ նրա, շատ շուտով լինելու է՝ չի լինելու ընտրովի արդարադատություն. «Չեն լինելու այնպիսի հանձնարարություններ, որոնք մեր հասարակության մեջ կառաջացնեն դժգոհություններ»
Կարդացեք նաև
«Ուժեղ Հայաստանից» Տիգրան Աբրահամյանն էլ խոսեց այսօր նշանակված Սամվել Կարապետյանի խափանման միջոցի քննության ակնկալիքներից՝ ասելով, որ արդարադատության հաղթանակի են սպասում. «Շատ լավ հասկանում ենք, որ ներկայիս իշխանությունները վախենում են Սամվել Կարապետյանից ու անկախ արդյունքից՝ 86 օր անց Հայաստանն ունենալու է ուժեղ վարչապետ՝ ի դեմս Սամվել Կարապետյանի»:
«Ուժեղ Հայաստանից» Արթուր Դանիելյանն էլ նկատեց, որ ունենք պրոֆեսիոնալ կադրեր նաեւ իրավապահ համակարգում, բայց չկա մթնոլորտը, որ արդարադատություն իրականանա, ինչի հետեւանքով ունենք այսպիսի դեպքեր, երբ մարդը կալանավորվում է խոսքի համար:
Հիշեցնենք, որ այսօր՝ Սամվել Կարապետյանի դատական նիստի օրը, ամբողջ քաղաքում ի պաշտպանություն Սամվել Կարապետյանի եւ նրա ազատության պահանջով, նրա աջակիցներն ու կուսակցական ընկերները ֆլեշմոբ, բողոքի ցույցեր են անցկացնում:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































