Եղիշե Չարենցի տուն-թանգարանը տարեկան 17-18 հազար այցելու է ունենում, բանաստեղծի 125-ամյակին այդ թիվը գերազանցել է 20 հազարը: Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում նշեց բանաստեղծի տուն-թանգարանի տնօրեն Ժաննա Մանուկյանը: Քանի որ մարտի 13-ին լրանում է Եղիշե Չարենցի ծննդյան 129-ամյակը, օրվա առիթով թանգարանը մի շարք միջոցառումներ էր նախապատրաստել՝ դրանց թվում նաեւ «Չարենց-նամե» պոեմի երկլեզու հրատարակության շնորհանդեսը:

Ժաննա Մանուկյանը նշեց, որ «Չարենց-նամեի» հայերեն տարբերակը առանձին գրքույկով հրատարակվել էր դեռեւս 2020 թվականին։ Այս տարի, ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, հրատարակությունը համալրվեց պարսկերեն թարգմանությամբ: Նախագծի ղեկավարը Ժաննա Մանուկյանն է, ծանոթագրությունները պատրաստել է Անուշ Թասալյանը, պարսկերեն է թարգմանել Ժորժ Աբրահամյանը:
«Այսօր կարեւոր օր է թե անձնապես ինձ համար, թե թանգարանի աշխատակիցների, եւ թե հանրության համար, որովհետեւ մեկ անգամ եւս հնարավորություն ունենք Չարենցի ժառանգության մասին խոսելու, հիշատակելու: Ինչպես ամեն տարի, այս տարի եւս մեր հարգանքի տուրքը մատուցեցինք՝ այցելելով Եղիշե Չարենցի հուշարձանին, Հայաստանի գրողների միության անդամների, Չարենցի անվան դպրոցի աշակերտների եւ չարենցասերների հետ միասին: Դրա շարունակությունն այստեղ՝ թանգարանում գրքի շնորհանդեսն է, որը հրատարակվել է Չարենցի տուն-թանգարանի նախաձեռնությամբ»:
Կարդացեք նաև
«Չարենց-նամե» պոեմի պարսկերենի թարգմանիչ Ժորժ Աբրահամյանի ձեւակերպմամբ, երբ սկսում ես Չարենց թարգմանել, նրան ավելի խորն ես ճանաչում. «Ես հասկացա, որ Չարենցը մեծ սեր է տածել Իրանի նկատմամբ, եւ այն , որ ինքը ասում է՝ ես եկել եմ հեռու Իրանից (Չարենցը Կարսում է ծնվել), հայրենիքս է, իմ հոգում Իրանի արեւն է, նշանակում է, որ այնքան սեր ու հարգանք է ունեցել այդ երկրի նկատմամբ, որ անգամ իրեն հայտարարել է Իրանի քաղաքացի:
Չարենցն այնպես է նկարագրում Շիրազի վարդերը, Իրանը, որ քեզ թվում է, թե եղել է այնտեղ: Դա սիրուց է բխում: Երբ թարգմանում էի «Չարենց-նամեն», թվում էր՝ կողքիս նստած Չարենցն ինձ ժպտում է եւ ուրախ է, որ վերջապես գնաց Իրան…Վստահ եմ, որ այս օրերին Չարենցի սիրտը կցավեր Իրանում կատարվածի համար, նաեւ ինքը կուրախանար, որ վերջապես իրեն կարող են կարդալ պարսկալեզու ընթերցողները, հնարավորություն կունենար այս գիրքը տանել Իրան, եթե պատերազմ չլիներ»:
Ժորժ Աբրահամյանը նշեց, որ Հայաստանում Իրանի դեսպանատունը նպատակ ունի գիրքը վերահրատարակել նաեւ Իրանում, որպեսզի իրանցի ընթերցողները ճանաչեն Չարենցին: Հնարավոր է շնորհանդեսն էլ կայանա Չարենցի սիրելի Մակու քաղաքում, որտեղ գտնվում է Սուրբ Թադեի վանքը. «Հուսամ մի օր առիթ կլինի խաղաղ պայմաններում այնտեղ այցելել եւ մասնակցել գրքի շնորհանդեսին»:
Ժաննա Մանուկյանը տեղեկացրեց, որ Իրանի դեսպանության նախաձեռնությամբ գրքի շնորհանդեսի երկրորդ բաժինը կկայանա Կապույտ մզկիթում, որի հետ Չարենցն առնչություն ունի:
Ժորժ Աբրահամյանն էլ նշեց, որ ժամանակին Կապույտ մզկիթի տեղում պետք է գինու գործարան լիներ, եւ Եղիշե Չարենցի ջանքերով մզկիթը փրկվել է՝ վերածվելով հայ-իրանական բարեկամության խորհրդանիշի, շուտով այնտեղ երկլեզու արձանագրություն կլինի, որտեղ կնշվի, որ Կապույտ մզկիթը փրկվել է Չարենցի շնորհիվ: «Չարենցի տնկած թթենին մինչեւ հիմա կա: Ժամանակին Երեւանում մարդիկ առաջին թութն այնտեղ էին ուտում: Հուսով եմ այդ ավանդույթը նորից կվերականգնվի»,-հավելեց թարգմանիչը:
Միջոցառման ժամանակ ոչ թե գինեձոն, այլ կոնյակաձոն եղավ, որովհետեւ թանգարանի տնօրենի խոսքով, Չարենցը սիրում էր կոնյակ խմել: Կոնյակաձոնին մասնակցեցին նաեւ Չարենցի ժառանգները՝ Գոհար Չարենցն ու Արմեն Չարենցը:
Նշենք, որ փետրվարի 19-ին Եղիշե Չարենցի տուն-թանգարանը հյուրընկալել էր Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Խալիլ Շիրղոլամիին, որը Ժաննա Մանուկյանի եւ Չարենցի թոռան՝ Գոհար Չարենցի ուղեկցությամբ շրջայց էր ունեցել թանգարանում: Ժաննա Մանուկյանը դեսպանին նվիրել էր նորատիպ «Չարենց-նամեն»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ





















































