«Շատ արատավոր բան է տեղի ունենում այսօր՝ պոլիկլինիկաներում փոխվում է հակատուբերկուլյոզային կաբինետների եւ ինֆեկցիոնիստների վարձատրության կարգը։ Այս մարդիկ սկսելու են աշխատավարձ ստանալ ընդունած հիվանդների քանակով, բայց այդ մասնագետներն այն մասնագետներն են, ովքեր կարող է ամսվա ընթացքում բացարձակապես հիվանդ չընդունեն»,- Ազգային ժողովում առողջության համընդհանուր ապահովագրության համակարգում առկա խնդիրների քննարկման ժամանակ ասաց բժիշկ, առողջապահության կազմակերպիչ Գեւորգ Գրիգորյանը։
Նա նշեց, որ այս մասնագետների գործառույթը հիմնականում հիվանդությունը կանխարգելելն է․ «Այսինքն՝ եթե տուբերկուլյոզով 1000 հիվանդ լինի եւ 1000-ին էլ այդ մարդն ընդունի, կվարձատրվի։ Բայց եթե ինքը լավ է աշխատել, կանխարգելել է, եւ տուբերկուլյոզով հիվանդ 1000 հիվանդ չկա, ինքը չի վարձատրվի։ Այսինքն՝ այս կաբինետների աշխատանքը պետք է գնահատել ոչ թե հիվանդների թվով, այլ ոնց արեցիր, որ չտարածվեց տուբերկուլյոզը կամ ինֆեկցիոն հիվանդությունը ոնց կանխարգելեցիր»։
Գեւորգ Գրիգորյանը հավելեց, որ բուժաշխատողի համբերությունն անսահման չէ, եթե այսպես շարունակվի, ոլորտից մասնագետների լուրջ արտահոսք կլինի։
Կարդացեք նաև
Նա նշեց, որ դեռեւս առաջին եռամսյակը չավարտված՝ կառավարության երեկվա նիստում չզեկուցվող հարցերի թվում պետական բյուջեի պահուստային ֆոնդից 2,5 մլրդ դրամ է հատկացվել՝ երկրորդ եռամսյակում առողջության համապարփակ ապահովագրության շարունակականությունն ապահովելու համար։
ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Թագուհի Թովմասյանը նկատեց․ «Մենք գիտենք, որ հունիսին Հայաստանում ընտրություններ են տեղի ունենալու։ Այսինքն՝ ստացվում է, որ որպեսզի մինչեւ ընտրություններ դժգոհություն չունենանք, այս ամենն իրականացվում է, վերաբաշխում է արվում, իսկ թե հունիսի 7-ից հետո ինչ կլինի, արդեն Աստծո գործն է»։
Թագուհի Թովմասյանն ասաց, որ մտահոգիչ է բժիշկների նկատմամբ այս վերաբերմունքը․ «Ի՞նչ է նշանակում՝ եթե չեք ուզում, գնացեք։ Լավ, բա որ բոլորը գնան, ո՞վ պետք է բուժի մարդկանց»։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ




















































