«Իշխանության հիմնական առաջատար մրցակիցը կալանքի տակ է։ Փաստացի իշխանությունը պայքարում է Սամվել Կարապետյանի նկարի դեմ միայն, բայց էլի պարտվում են»,- դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Նարեկ Կարապետյանը։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այս պահին դատարանը քննում է Քննչական կոմիտեի միջնորդությունը մեկ ամսով երկարաձգել Սամվել Կարապետյանի տնային կալանքը։
Նարեկ Կարապետյանը հայտարարեց՝ Սամվել Կարապետյանի խոսքի ազատությունը սահմանափակված է․ «Մենք Քննչական կոմիտե նամակներ ենք գրել, պատասխանները դրական չեն եղել, հաստատում չենք ստացել։ Ստացվել է պատասխան, որ իրենք իրավասու չեն դատարանի վճիռը մեկնաբանել։ Մենք հարցրել ենք՝ իրավասություն ունի՞ Սամվել Կարապետյանը հանդես գալ իր դեմքով հայտարարությամբ։ Լողլողուկ պատասխան է եղել։ Պատկերացնում եք՝ մարդը գնում է ընտրության, իր հիմնական մրցակցին, ումից վախենում է, նրա նկատմամբ բոլոր սահմանափակումները կիրառում է, բայց էլի չի կարողանում հաղթել»։
Կարդացեք նաև
Լրագրողները փաստեցին՝ ՀՀ Արտաքին հետախուզության ծառայությունը սլաքներն ուղղում է իրենց դեմ և հարցրին՝ Սամվել Կարապետյանն ո՞ւմ է փորձել ճնշել, Նարեկ Կարապետյանը պատասխանեց․ «Սամվել Կարապետյանը տնային կալանքի տակ է ութ-ինը ամիս։ Արտաքին հետախուզության ծառայություն ուրախ եմ, որ ունենք, սակայն այդ ծառայությունը միայն ներքին գործերի մասին է խոսում, դարձել է երկրի ներքին քաղաքական կյանքը մեկնաբանող կառույց։ Հուսամ՝ այդ կառույցը մեծ գործ ունի անելու ՀՀ-ում մեր հակառակորդ երկրների կողմից ազդեցության գոտիների ավելացման դեմ պայքարելու հարցում»։
Ըստ Նարեկ Կարապետյանի՝ իշխանությունների վախն ավելացել է, և ամեն ինչ անելու են, որ Սամվել Կարապետյանը մնա կալանքի տակ։ Նա վստահեցրեց՝ ՀՀ հաջորդ վարչապետը Սամվել Կարապետյանն է․ «Հայաստանի հաջորդ վարչապետը պետք է լինի նոր մարդ, տնտեսական գործիչ, հաջորդ ղեկավարը Սամվել Կարապետյանն է»։
Նարեկ Կարապետյանը նաև վստահեցրեց՝ խորհրդարանական ընդդիմության հետ կոնսոլիդացիա չի լինելու, հնարավոր է միայն արտախորհրդարանական ընդդիմության հետ կոնսոլիդացիա։
Դատարանի բակում ուղիղ հեռարձակումն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































