«2020-ից փողոցում բոլոր հնարավոր ընդդիմադիր շարժումների մեջ ներգրավված լինելով՝ մասնակցել եմ Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու ջանքերին և նախագծերին։ Հիմա տեսնում եմ, որ ամենամեծ հնարավորությունն ունի «Ուժեղ Հայաստան» նախաձեռնությունը, և ինքս պատրաստակամություն եմ հայտնել իմ ջանքերը ներդնել այս գործում հաջողության հասնելու համար»,- դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց նախկինում Վայոց ձորի մարզպետի, Լեհաստանի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի, ՀՀ սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարի պաշտոնները զբաղեցրած Էդգար Ղազարյանը։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այս պահին դատարանը քննում է Քննչական կոմիտեի միջնորդությունը՝ մեկ ամսով երկարաձգել Սամվել Կարապետյանի տնային կալանքը։
Էդգար Ղազարյանը վստահ է, որ հաջողության հասնելու են․ «Սամվել Կարապետյանն ազնիվ, հայրենասեր մարդ է, ուժեղ անհատականություն։ Վստահ եմ՝ նրա առաջնորդությամբ ունենալու ենք մեծ հաջողություն։ Այդ հարցում ամենամեծ վստահությունն ունի Նիկոլ Փաշինյանը, դրա համար էլ վախենում է, Սամվել Կարապետյանին պահում է անազատության մեջ։ 2021-ին Նիկոլ Փաշինյանը բարձր ինքնագնահատական ուներ իր մասին, ասում էր՝ ինքն իբր գելխեղդ է, հիմա՝ հինգ տարվա ընթացքում ինչո՞ւ է վախենում, հասկանալի է»։
Կարդացեք նաև
Դատարանի բակից ուղիղ հեռարձակումն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































