Լրահոս
Օրվա լրահոսը

«Բարձրաստիճան պաշտոնյաներին փաստացի աշխատավարձ տալով և դա որպես պարգևավճար ձևակերպելով՝ ՀՀ վարչապետը վերազանցել է իր լիազորությունները». Արտակ Քյուրումյան

Մարտ 13,2026 19:50 Share

Պետական գնումների փորձագետ Արտակ Քյուրումյանը գրում է.

«2020թ․ սեպտեմբերի 8-ին քաղաքական պաշտոն զբաղեցնող անձանց տրվող պարգևավճարների հետ կապված գրություն էի պատրաստել և էլեկտրոնային հաղորդագրությամբ ուղարկել գործընկերներից մեկին։

Գիտենք, ինչպես ավարտվեց 2020թ․ սեպտեմբերը։

2020թ․ սեպտեմբերին մտածում էի, որ քաղաքական պաշտոն զբաղեցնող անձանց տրվող պարգևավճարներն անօրինական են։ Շարունակում եմ այդպես մտածել։ Դրա հետ կապված FB գրառումներ ունեմ։ Մասնավորապես, FB գրառմամբ դիմել եմ Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին։

Այսօր որոշեցի հրապարակել 2020թ․ սեպտեմբերի սկզբին պատրաստածս գրությունը։

Իրավունքների և պարտականությունների շրջանակը, գործունեության արդյունքները գնահատելու և աշխատանքի վարձատրության համակարգը արմատապես բարեփոխելու փոխարեն ՀՀ կառավարությունն ընտրել է կիսատ-պռատ, ոչ բաց, ոչ թափանցիկ, ոչ հաշվետու և անպատասխանատու գործելաոճ։

ՀՀ վարչապետն իր գաղտնի որոշմամբ սահմանել է բարձրաստիճան պետական պաշտոնյաների ավելի բարձր աշխատավարձ։

Սահմանադրության հոդված 6-ի առաջին մասի համաձայն՝ «Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով»։ Պետական բարձրաստիճան պաշտոնյաների աշխատանքի վարձատրությունը կարգավորվում է «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքով (ՀՕ-157-Ն, ՀՀ ԱԺ կողմից ընդունվել է 2013թ. դեկտեմբերի 12-ին

ՀՀ վարչապետը լիազորված չէ պետական բարձրաստիճան պաշտոնյաներին աշխատավարձ նշանակել։ 2020թ․ մայիսի 6-ին ՀՀ Ազգային ժողովում իր ելույթի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ «Ինչո՞ւ պարգևավճարների համակարգով և ոչ աշխատավարձերի համակարգով, որովհետև գործող աշխատավարձերի համակարգը, որն այսօր գործում է, իր ստեղծման առաջին օրից դեֆորմացված է, և այսօր հանրային ծառայության բարեփոխումների շրջանակում այս ողջ պրոցեսը, որը մենք հիմա իրականացնում ենք՝ դե ֆակտո որպես աշխատավարձ, դե յուրե որպես պարգևավճար, կտրանսֆորմացնենք ձեր հաստատմամբ և աջակցությամբ՝ որպես աշխատավարձի համակարգ»։

Բարձրաստիճան պաշտոնյաներին փաստացի աշխատավարձ տալով և դա որպես պարգևավճար ձևակերպելով՝ ՀՀ վարչապետը վերազանցել է իր լիազորությունները։

«Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի համաձայն պետական բարձրաստիճան պաշտոնյաների աշխատանքի վարձատրությունը և պարգևավճարները պետական գաղտնիք չեն համարվում։

«Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի հոդված 3-ի առաջին մասի կետ 3-ի համաձայն՝ «պարգևատրում` միանվագ վճար, որը պետական պաշտոն զբաղեցնող անձին տրվում է ծառայողական գործունեության գնահատման և (կամ) հատուկ առաջադրանքների և (կամ) որակյալ աշխատանքների կատարման համար»։

Գործունեությունը պետք է գնահատվի ոչ թե նախապես, ինչպես ենթադրում է նշանակված ամսական պարգևավճարի դեպքում, այլ պոստ ֆակտում՝ պետական բարձրաստիճան պաշտոնատար անձանց գործունեությունն իրականացնելուց հետո։

Միանվագ վճարը չի կարող լինել ամսական։ Պետական բարձրաստիճան պաշտոններ զբաղեցնող անձիք տարեկան մեկ անգամ են բանավոր հաշվետվություն ներկայացնում (տարվա վերջում), իսկ պարգևատրում ստանում են յուրաքանչյուր ամիս։

Հատուկ առաջադրանքների կատարումը խիստ խնդրահարույց է, քանի որ պետական բարձրաստիճան պաշտոնյաների պարտականությունները սահմանվում են օրենքներով և համապատասխան կառույցների կանոնադրություններով, իսկ Սահմանադրության հոդված 6-ի առաջին մասի համաձայն՝ «Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով»։

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից կատարված աշխատանքի որակի գնահատում հանրությանը չի ներկայացվել։

ՀՀ կառավարության 2011թ․ հոկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմիններում աշխատանքային ծրագրերի կազմման, էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգ աշխատանքային ծրագրերի մուտքագրման, հաստատման, այդ համակարգով կատարողականների գնահատման և կատարողականների հիման վրա պարգևատրման կարգը հաստատելու մասին» №1510-Ն որոշում։ Այս որոշումը վերաբերում է պետական մարմիններում աշխատողներին, սակայն ոչ բարձրաստիճան պետական պաշտոնյաներին։

Բարձրաստիճան պետական պաշտոնյաները քաղաքական գործիչներ են։ Քաղաքական գործիչների աշխատանքի գնահատումը կատարվում է ընտրությունների (վերընտրման) միջոցով»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031