Aravot.am-ը Գյումրու ավագանու «Իմ հզոր համայնքը» և «Մեր քաղաքը» խմբակցությունների ղեկավարներ Ռուբեն Մխիթարյանից ու Լիզա Գասպարյանից հետաքրքրվեց, թե որպես PR ոլորտում փորձ ունեցող մասնագետներ՝ ինչպես կմեկնաբանեն ԱԺ ընտրություններին ընդառաջ երկրի վարչապետի՝ «պեռաշկի», «կուկուռուզ» կամ խնձորն ուտելը համացանցով հանրայնացնելը։ Արդյոք սա PR է ու ի՞նչ ազդեցություն կարող է թողնել նախընտրական շրջանում հասարակական կարծիքի վրա։
«Իմ հզոր համայնք» խմբակցության ղեկավար Ռուբեն Մխիթարյանը, որը ճանաչված ռեժիսոր ու պրոդյուսեր է, «Հայաթ փրոջեքթ Գյումրի» երաժշտական խմբի երգերի հեղինակն է, ասաց․ «Միանշանակ սա PR է, լսարան պահելու շատ լավ միջոց է։ Դուք մի կարևոր բան ֆիքսեք․ տվյալ անձնավորության սոցցանցային լայքերի մոտ 80 տոկոսը Հայաստանի ու հայկական լայքեր չեն։ Ինքը կարողացել է մտնել միջազգային հոսքի մեջ, տարբեր երկրներից նայում են։ Թե ինչի համար են նայում, ես չեմ ուզում որակական ձևակերպում տալ, գիտեմ, հասկանում եմ, դուք էլ եք հասկանում ինչի համար են նայում, բայց արդյոք ընտրական շրջանում արդյունավետ է աշխատելու, այդպես չէ։
Այո, ինքը կարողանում է ստեղծել տեղեկատվական պատճառ, информационный повод է կոչվում, հիմա մի օր խնձոր կուտի, մի օր «պեռաշկի» կուտի, մի օր «կուկուռուզ» կուտի, բայց ամենամեծ փորձառությունը մարդկանց գլուխ ուտելն է էս մարդկանց մոտ»։
Կարդացեք նաև
«Մեր քաղաքը» խմբակցության ղեկավար Լիզա Գասպարյանն էլ, որը մասնագիտությամբ լրագրող է, նաև PR-ի մասնագետ, այսպես մեկնաբանեց․ «Դա առաջին հերթին ուշադրություն հրավիրելու մեթոդ է։ Որպես PR մասնագետ՝ ասեմ՝ PR-ում ավելի շատ աշխատում է սև PR-ը, քան սպիտակը։ Չնայած որ ես իմ անցած ճանապարհով աշխատել եմ սպիտակ PR-ի շրջանակներում, բայց սև PR-ի ազդեցությունը շատ ավելին է։ Եվ հետո մեկ շատ կարևոր նախադասություն և ֆիլմ կա այդ նախադասության հետ կապված․ «Մեր բրենդը կրիզիսն է» (наш бренд – кризис), երբ ճգնաժամ ես ստեղծում քո անձի, քո կերպարի, քո իմիջի, քո քաղաքական ֆիգուրի շուրջ, և մեկ ամբողջ օր, մեկ ամիս, չակերտավոր ասած, ճգնաժամի շուրջ է հասարակությունը խոսում։
Դա ևս հնչեղություն է ապահովում, այդ PR տեխնոլոգիան ունի մեկ բանաձև․ ինչ գնով էլ լինի, ինչպես լինի, կլինի լավը, կլինի վատը, կլինի քննադատություն, այս իշխանությունը բերեց օրակարգ հայհոյախառը մեկնաբանությունները, չկա առողջ մեկնաբանություն, մասնագիտական վերլուծություն, քավ լիցի, թող անգամ լինի հայհոյանք, բայց մամուլում լինեն թոփ 1-ը»։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ




















































