Ֆրայբուրգի համալսարանի «Ցվետաևա» կենտրոնի և Երևանի քաղաքապետարանի «ՀայԱրտ» կենտրոնի համագործակցությամբ մարտի 12-ից մեկնարկել է «Fear-Less-Hope․ Շրջանակելով ժամանակը» խորագրով արվեստի փառատոնը, որը կտևի մինչև մարտի 31-ը։
Փառատոնի ծրագրում ներառված են ցուցահանդեսներ, ֆիլմերի ցուցադրություն, վարպետաց դասեր և գիտական համաժողով, որի ընթացքում կքննարկվեն արդի արվեստին և կրթությանը վերաբերող հարցեր։
Aravot.am-ի հետ զրույցում «ՀայԱրտ» կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սոնա Հարությունյանը, խոսելով փառատոնի առանձնահատկության և կարևորության մասին, նշեց․ «Առաջին անգամ Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող արվեստի հարթակում հյուրընկալվում է 47 հոգուց բաղկացած պատվիրակություն գերմանական Ֆրայբուրգ քաղաքից, որը ներկայացնում է գերմանական մշակույթի տարբեր ոլորտները՝ կերպարվեստ, կինո, թատրոն, երաժշտություն… Այս փառատոնի շրջանակում հնարավորություն է ընձեռվում տվյալ ոլորտների հայ և գերմանացի արվեստագետներին առաջին հերթին ճանաչելու միմյանց, նաև մասնագիտական փորձի փոխանակում է տեղի ունենալու։
Կարդացեք նաև
Միևնույն ժամանակ մշակույթի և արվեստի միջոցով մենք ցանկանում ենք նպաստել երկու քաղաքների միջև համագործակցությանը։ Քանի որ 2026-ը հռչակվել է քաղաքապետարանի կողմից Երևան-Լայպցիգ մշակութային տարի, նաև հետամուտ ենք լինում գերմանական երկրորդ քաղաքի հետ համագործակցային, բարեկամական, նաև միջմշակութային կապերի խթանմանը։ Այս փառատոնի շնորհիվ Ֆրայբուրգի և Երևանի քաղաքային իշխանությունների համատեղ ջանքերով երկու քաղաքները ձեռք են բերում ապագայում քույր քաղաքներ դառնալու հնարավորություն»։
Դառնալով «Fear–Less–Hope․ Շրջանակելով ժամանակը» ցուցադրության խորագրին՝ Սոնա Հովհաննիսյանը նշեց․ «Մարդիկ իրենց վախերն ու հույսերն ամփոփում են ժամանակային որոշակի հատվածում, այսինքն՝ մեր հիշողությունները, վախերը, հույսերը շրջանակված են ժամանակի մեջ։ Երբ հայացք ենք գցում մեր անցած ուղուն, կարողանում ենք ժամանակը շրջանակելով անդրադարձ կատարել տվյալ ժամանակահատվածի մեր ապրումներին, փորձառությանը, մարդկանց հետ մեր հանդիպումները ոչ թե սահմանափակելով, այլ մեր կյանքի դրվագները շրջանակի մեջ դնելով։ Այդպիսով ամրագրում է լինում մեր վախերի, բայց միևնույն ժամանակ մեր հույզերի և ցանկությունների… Այսպիսով, ներկան դառնում է մի տարածք, որտեղ վախն ու հույսը միաժամանակ տեսանելի և քննարկելի են»։
Ֆիլմի, վիդեո ինստալացիայի միջոցով Վահրամ Աղասյանը, Գրետա Հարությունյանը, Անաս Քահալը և Յոհաննես Վայլանդտը ուսումնասիրում են, թե ինչպես են վախն ու հույսը փոխկապակցվում և շարժվում ժամանակի, սահմանների, ինչպես նաև հավաքական և անձնական փորձառությունների միջով, որտեղ մտերմությունն ու հեռավորությունը, հիշողությունն ու սպասումը, ճեղքումն ու վերականգնումը մշտապես հատվում են։
Հավելենք, որ «Fear–Less–Hope․ Շրջանակելով ժամանակը» նախագիծը համադրել են Եվա Խաչատրյանը, Կատարինա Գրյունը և Մարգարիտա Աուգուստինը։ Այն առաջին անգամ ներկայացվել է DELPHI_space Freiburg-ում 2025 թ․-ի հոկտեմբերին և հանդիսանում է գերմանա-հայկական FEAR–LESS–HOPE երկխոսության մաս, որը ֆինանսավորվում է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Արտաքին գործերի դաշնային նախարարության կողմից։
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարները՝ տրամադրել է ՀայԱրտ կենտրոնը























































