Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգվեց եւս մեկ ամսով։ Քիչ առաջ նման որոշում կայացրեց ՀՀ հակակոռուպցիոն դատարանը` դատավոր Վարդգես Ստեփանյանի գլխավորությամբ։
«Դատարանը բավարարեց քննիչի կողմից ներկայացրած միջնորդությունը։ Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարացվեց մեկ ամսով»,- Հակակոռուպցիոն դատարանում, լրագրողների հետ զրույցում ասաց նրա պաշտպան Արամ Վարդեւանյանը։
Ըստ փաստաբանի՝ ընտրական գործընթացի ամենապատասխանատու փուլում՝ նախընտրական ցուցակների ձեւավորման փուլում, իրենք ունեն լրջագույն խնդիր․ « Սա քաղաքական գործընթացի, հավասարության, արդարության, մրցակցության պայմանների ապահովման տեսանկյունից լրջագույն խնդիր է: Սա քաղաքական գործընթացին մասնակցության խաթարման ռիսկ է»։
Սամվել Կարապետյանի հրապարակային ելույթների մասին հարցը դատական նիստի ընթացքում քննարկվել է, բայց այդպես էլ հստակ պատասխան չի ստացել։
Կարդացեք նաև
Տնային կալանքի պայմաններում Սամվել Կարապետյանի շփումներն են սահմանափակ, մինչդեռ նա, հիշեցնենք «Ուժեղ Հայաստանի» վարչապետի թեկնածուն է, իսկ կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորելու է նրա եղբոր որդին՝ Նարեկ Կարապետյանը։ Նրանց շփումը սահմանափակված է։ Վարչապետի թեկնածու լինելու համար տնային կալանքի երկարացումը, ըստ Արամ Վարդեւանյանի, չի խոչընդոտի։
Արամ Վարդեւանյանն այս ամենը համարում է իշխանության կողմից ուղիղ միջամտություն ընտրական գործընթացին։
Հիշեցնենք, այսօր Հակակոռուպցիոն դատարանում քննվում էր գործարար, բարերար, «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի խափանման միջոց տնային կալանքի ժամկետը երկարաձգելու հարցը։ Միջնորդության քննությունը տեւեց շուրջ 10 ժամ։
Ողջ օրվա ընթացքում Սամվել Կարապետյանի աջակիցները հավաքվել էին Հակակոռուպցիոն դատարանի բակում՝ իրենց աջակցությունը հայտնելու անազատության մեջ գտնվող գործարարին։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































