Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանին անհրաժեշտ է ոչ թե կամակատարների վարչախումբ, այլ պետական մտածողություն ունեցող ղեկավարություն․ Տաթև Զորյան

Մարտ 14,2026 16:39 Share

ՀԱԿ վարչության անդամ Տաթև Զորյանի ելույթը Հայ Ազգային Կոնգրեսի 5 (23)-րդ համագումարում

Սիրելի կուսակից և գաղափարակից ընկերներ, հարգելի՛ ներկաներ,

Մեր համագումարը տեղի է ունենում մի ժամանակաշրջանում, երբ Հայաստանի անվտանգային միջավայրն առավել քան երբևէ խոցելի է և անկայուն։ Մենք գործ ունենք ոչ թե հերթական ճգնաժամի, այլ Հարավային Կովկասի արմատական վերաձևավորման հետ։ Ռուս-ուկրաինական պատերազմը, Մերձավոր Արևելքի ապակայունացումը և Իրանի շուրջ ծավալվող աշխարհաքաղաքական թնջուկը ստեղծել են մի իրականություն, որտեղ հին երաշխիքներն այլևս չեն գործում, իսկ նորերը դեռևս գոյություն չունեն։

Այս համատեքստում առանձնակի կարևորություն է ստանում մեր երկրի հարաբերությունն Իրանի Իսլամական Հանրապետության հետ։ Իրանը մեզ համար պարզապես հարևան չէ. այն տարածաշրջանային հավասարակշռության առանցքային գործոնն է և Հայաստանի «կենսական զարկերակը»։ Այստեղ ցանկացած դիվանագիտական վրիպում կամ սխալ հաշվարկ կարող է ունենալ անդառնալի հետևանքներ մեր հաղորդակցության ուղիների և ռազմավարական անվտանգության համար։

1. Անվտանգություն և արտաքին ազդեցություն

Հայաստանն այսօր դադարել է լինել միջազգային հարաբերությունների սուբյեկտ։ Իրավիճակն այլևս հնարավոր չէ նկարագրել սովորական քաղաքական տերմիններով. մենք գործ ունենք համակարգային փլուզման հետ, որի հիմնական պատճառը ոչ միայն արտաքին մարտահրավերներն են, այլև երկրի ներսում իրականացվող կործանարար քաղաքականությունը։ Գործող վարչախմբի անհեռատեսության և տգիտության հետևանքով մեր պետությունը վերածվել է աշխարհաքաղաքական կենտրոնների բախման թատերաբեմի։ Ավելին, մենք ունենք մի իշխանություն, որն օրեցօր կորցնում է սեփական օրակարգն առաջ մղելու ունակությունը։ Պետք է իրերն իրենց անուններով կոչել. այսօրվա կառավարող խմբակը, կորցնելով դիմադրողականության վերջին նշույլները, փաստացի վերածվել է թշնամական օրակարգերի կամակատարի։ Մենք գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ պետական որոշումները կայացվում են ոչ թե Երևանում, ելնելով մեր ազգային շահից, այլ պարտադրվում են դրսից՝ հաշվի առնելով բացառապես մեր հակառակորդների հավակնությունները։

2. «Խաղաղության» պատրանքը

Այս իշխանության հիմնական «վաճառվող ապրանքը» խաղաղության խոստումն է։ Սակայն եկեք չխաբվենք. այն, ինչ նրանք ներկայացնում են որպես խաղաղություն, ոչ մի կապ չունի իրական, արժանապատիվ և կայուն խաղաղության հետ։
Իրական խաղաղությունը հիմնվում է ուժերի հավասարակշռության և փոխադարձ հարգանքի վրա։ Այն, ինչ մատուցվում է մեզ այսօր, ոչ թե խաղաղություն է, այլ կապիտուլյացիայի շարունակական գործընթաց։ Դա թշնամու բոլոր պահանջների անվերապահ ընդունումն է՝ սեփական անվտանգության և արժանապատվության հաշվին։ Միամտություն է կարծել, թե միակողմանի զիջումներով կարելի է կանգնեցնել ագրեսորին. ընդհակառակը, դա միայն գրգռում է նրա ախորժակը և նորանոր նվաստացումների համար պարարտ հող ստեղծում։

3. Ներքին կազմաքանդում

Պետության հիմքերը ներսից խարխլելու գործընթացը հասել է իր գագաթնակետին։ Հասարակության բևեռացումն ու ատելության քարոզը թուլացրել են պետության դիմադրողականությունը։ Իշխանություններն իրենց գոյությունը պահպանելու համար թիրախավորում են ազգային ամենակարևոր ինստիտուտները։ Ասպատակությունը Հայ Առաքելական Եկեղեցու դեմ պատահական չէ։ Դա գիտակցված հարված է մեր հավաքական ինքնությանն ու պատմական հիշողությանը։ Երբ պետությունը փորձում է խարխլել իր հոգևոր և մշակութային հիմքերը, նա դառնում է անպաշտպան ցանկացած արտաքին հարվածի առաջ։

4. Մեր ուղին

Հայ Ազգային Կոնգրեսը միշտ եղել է այն ուժը, որը խոսել է դառը ճշմարտության լեզվով։ Մենք կրկնում ենք՝ փոքր պետության համար յուրաքանչյուր քաղաքական սխալի գինը չափազանց բարձր է։ Այսօրվա իշխանությունը սպառել է իրեն և դարձել է բեռ մեր պետականության համար։ Այսօր Հայաստանի ապագան կախված է ոչ թե ամբոխահաճո ճառերից, այլ իրականության սթափ գնահատումից։ Մեր առաջնահերթությունը պետք է լինի.

1. Պետական ինստիտուտների վերականգնումը,
2. Հասարակական համերաշխության հաստատումը,
3. Ճկուն և պրագմատիկ դիվանագիտությունը։

Մեր ուղին խելամտության և պատասխանատվության ուղին է։ Հայաստանին անհրաժեշտ է ոչ թե կամակատարների վարչախումբ, այլ պետական մտածողություն ունեցող ղեկավարություն, որն ի վիճակի է սթափ գնահատել իրավիճակը, վերականգնել ներքին համերաշխությունը և վարել պրագմատիկ, սառնասիրտ արտաքին քաղաքականություն։

Մենք պարտավոր ենք կանգնեցնել այս կործանարար անկումը։ Դա մեր պարտքն է եկող սերունդների և մեր կողմից հիմնադրված պետականության առջև։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031