Այսօր «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության վարչապետի թեկնածու, ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը Գյումրիում գրասենյակ բացելու հանդիսավոր միջոցառման ժամանակ ծրագրային որոշ դրույթներ ներկայացնելիս՝ անդրադարձ կատարեց նաև Գյումրու «Շիրակ» օդանավակայանին։
«Այսօր Գյումրի գալուց՝ մտածում էի «Շիրակ» օդանավակայանը ինչո՞ւ է մնացել այսօր ստվերում։ «Շիրակ» օդանավակայանը պետք է դառնա «Զվարթնոցին» մրցակցող օդանավակայան։
Աշխարհում այդպես է՝ տեսեք, գնում ենք Փարիզ ամենաառաջին օդանավակայանը, բայց երկրորդն էլ ենք գնում, նույնը՝ ԱՄՆ-ում, մեծ հաշվով կապ չունի, չէ՞, ինչ օդանավակայան ենք գնում, բոլոր օդանավակայաններն էլ մեզ համապատասխան ընդունում են։ Բայց «Շիրակը» ինչու է այդպես, որովհետև «Շիրակը» պիտի դառնա «Զվարթնոց» օդանավակայանի համար մեկ մրցակիցը, որ հասկանան՝ մրցակցություն է լինելու, և այն զարգանալու է։
Սա գիտեք ինչու է կարևոր, պատկերացրեք օդանավակայանի կողքն արդեն սկսելու են զարգանալ նաև ենթակառուցվածքները․ ինչ նկատի ունեմ, բերենք, հյուրանոցներ կառուցենք, ասենք տրանզիտային թռիչքներով մեկը գալիս է, Եվրոպա է գնում, ենթադրենք արաբական որևէ երկրից, ինչո՞ւ պետք է անպայման Երևանից մեկնի։
«Զվարթնոցը» թող գոյություն ունենա, մեր հպարտությունն է, մեր պատմությունն է, բայց «Շիրակն» ինչո՞վ է պակաս։ Մեր համար էլ է լավ, ոչ միայն «Շիրակի» զարգացմանը զարկ կտանք, հարուստ կապրի, հնարավորությունները կմեծանան, բացի դրանից, մենք կունենանք համաշխարհային ներկայացվածություն։ Մարդը անպայման պիտի գնա, Երևան հասնի՞, որ կարողանա թռիչք ունենա՞։ «Շիրակ» օդանավակայանը շատ կարևոր ենթակառուցվածքային մաս է», -ասաց Արման Թաթոյանը։
Կարդացեք նաև
Նա նաև խոսեց այն մասին, որ Շիրակի մարզը պետք է դառնա հարկերից ազատման գոտի։ Ծրագրի այդ մասը մշակել են տնտեսագետ, ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ Դավիթ Անանյանի հետ։
Ըստ նրա, Շիրակի մարզին անհապաղ միջամտություն է պետք, որովհետև այն ամենաբարձր աղքատություն ունեցող մարզերից է․ շուրջ 43 տոկոս է այստեղ աղքատությունը։
«Ամենաշատ արտագնա աշխատանքի գնացող մարզերից է, մենք երկու շատ արտագնա աշխատանքի մեկնող, այսպես ասած «խոպանչիների» մարզ ունենք․ մեկը Գեղարքունիքն է, մյուսը՝ Շիրակը։
Այստեղ ամենաուժեղ պոտենցիալը կա, ինչու պետք է թողնեն, տղամարդիկ գնան, քարից հաց քամող ժողովուրդ ենք մենք։ Կանայք մենակ են մնում, ընտանիքիների վրա է ազդում, դա նույնպես պետք է լուծել»,- ասաց Արման Թաթոյանը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ


















































