Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը հայտարարել է, որ թեև հանցավորության դեմ պայքարում կան արձանագրված արդյունքներ, այդուհանդերձ կանխարգելման ուղղությամբ դեռ զգալի աշխատանք կա անելու։
Նրա խոսքով՝ պետության խնդիրը միայն արդեն կատարված հանցագործությունների բացահայտումը չէ, այլև դրանց կանխումը։ Այս իմաստով առանձնահատուկ կարևորություն ունի օպերատիվ կանխարգելիչ աշխատանքի ուժեղացումը, ինստիտուցիոնալ կարողությունների զարգացումը և ծառայողների կրթական մակարդակի բարձրացումը։
Անդրադառնալով հանցավորության պատճառներին՝ Սարգսյանը նշել է, որ հատկապես բռնության և սպանությունների մի շարք դեպքեր ծագում են կենցաղային կոնֆլիկտներից, հայհոյանքներից, ճանապարհային վեճերից կամ հուզական պոռթկումներից։ Նրա համոզմամբ՝ այստեղ խնդիրը միայն իրավապահ համակարգինը չէ, այլև հանրային մտածողության մասով խնդիր կա, քանի որ տարիներ շարունակ ձևավորվել է մի վտանգավոր ընկալում, թե բռնությանը պետք է պատասխանել ավելի կոշտ բռնությամբ։
Սարգսյանի համոզմամբ՝ նման մտածողությունն է տարիներ շարունակ ուժեղացրել քրեական ենթամշակույթը Հայաստանում։ Նա նշել է, որ երբ հասարակության մեջ տարածված է այն պատկերացումը, թե խնդիրները պետք է լուծել ուժով կամ տարբեր «հեղինակությունների» միջամտությամբ, բնականաբար ամրապնդվում են հենց այդ մեթոդաբանությամբ գործող խմբերը։
Կարդացեք նաև
Ըստ նախարարի՝ քրեական ենթամշակույթի արմատախիլ անումը կարող է պահանջել տասնյակ տարիներ, սակայն Հայաստանի Հանրապետությունը ունի այդ հանձնառությունը՝ նախ հստակ ախտորոշել խնդիրը, ապա հետևողականորեն շարժվել դրա լուծման ճանապարհով։
Անդրադառնալով անչափահասների շրջանում հանցավորությանը՝ նախարարը կարևորել է, որ կանխարգելման հարցում անելիք ունեն ոչ միայն ոստիկանությունն ու մյուս իրավապահ մարմինները, այլև դպրոցները, ընտանիքը, ուսուցիչները և համայնքը։ Հատկապես անչափահասների հետ կապված խնդիրներում, ըստ նրա, միայն պետական կառույցների միջամտությունը բավարար չէ։
Արփինե Սարգսյանն ընդգծել է՝ պետությունը ոչ միայն արձանագրում է արդյունքները, այլ նաև ընդունում է խնդիրները և փորձում է դրանց համակարգային լուծումներ տալ։
ՀՀ ՆԳՆ հանրային հաղորդակցության և իրազեկման վարչություն


















































