Ամերիկյան Միջազգային հանրապետական ինստիտուտն իրականացրել է Հայաստանում հանրային կարծիքի ուսումնասիրություն, ըստ որի՝ «Ո՞ր քաղաքական գործչին եք ամենից շատ վստահում։ Իսկ ո՞վ է երկրորդ ամենավստահելին», 48%-ը պատասխանել է «Ոչ ոքի»։ Ընդ որում, 18-35 տարեկանները, այսինքն՝ երիտասարդության 63%-ը, ոչ ոքի չի վստահում։
«Առավոտի» «Առերեսում» հաղորդաշարի տաղավարում մեկնաբանելով ուսումնասիրության այս տվյալները՝ ՀՀԿ խորհրդի անդամ Հայկ Դերզյանն ասաց. «Իրականում ժամանակի ընթացքում մարդկանց, հատկապես երիտասարդության հասարակական ակտիվության ու քաղաքականությանը հետևելու մասով միտումները փոխվում են։ Դա, իհարկե, չի արդարացնում քաղաքական ուժերի ունեցած բազմաթիվ սխալներն ու թերությունները, օրինակ՝ ընդդիմադիր պայքարում երիտասարդներին ներգրավելու հարցում: Թեև անկեղծ պետք է արձանագրել մի քանի կարեւոր հանգամանք, որ երիտասարդների ակտիվ ներգրավվածություն կա, և իհարկե ցանկալի է, որ ավելի մեծ լինի։ Մյուս շատ կարևոր հանգամանքը, որ մի ցուցանիշը չպետք է առանձին դիտարկել, այլ համադրելով այլ ցուցանիշների հետ, հատկապես, երբ խոսքը գնում է քաղաքական ուժերի ու անհատների մասին»:
Այս առնչությամբ առաջարկեց այս տվյալը համադրել այն ցուցանիշների հետ, որոնք ուսումնասիրության մեջ արձանագրվել են եկեղեցու վերաբերյալ: Նախորդ՝ 2025-ի հունիսին արված հարցման համեմատ, եկեղեցու վարկանիշը կրկին աճել է։ Հայ առաքելական եկեղեցու գործունեությունը դրական է գնահատել հարցվածների 61 տոկոսը՝ 2025 թվականի հունիսին արձանագրված 58 տոկոսի համեմատ։ Եկեղեցու վարկանիշը բարձր է հատկապես երիտասարդների շրջանում՝ 69 տոկոս։ Հայկ Դերզյանն արձանագրեց. «Եկեղեցու նկատմամբ վստահությունն ավելացել է, այսինքն՝ Նիկոլ Փաշինյանի և թիմի իրականացրած քարոզչությունը ձախողման է տանում։ Նաև երիտասարդներն ավելի շատ են սկսել հետաքրքրվել եկեղեցով, գնալ եկեղեցի, ճանաչել հոգևորականներին»:
Կարդացեք նաև
Դիտարկմանն ի պատասխան, թե քաղաքական PR-ի գործիք դարձած հարցումների միջոցով կարծես փորձ է արվում է տատանվող ընտրազանգվածին, որը մոտ 40-50% է, հուշել, թե ամեն ինչ կանխորոշված է, իսկ այդպես կարող է ձևավորվել հիասթափության մթնոլորտ, ինչը կնվազեցնի ընտրություններին մասնակցելու պատրաստակամությունը՝ ՀՀԿ խորհրդի անդամն ասաց. «Հրապարակված ցուցանիշների մեջ կա հստակ ցուցանիշ, ըստ որի՝ մարդիկ, այո, մտածում են, որ եթե ամեն ինչ որոշված է, ուստի ինչի՞ գնան քվեարկեն։ Բայց այստեղ մի քանի կարևոր արձանագրում պետք է անենք։ Հայաստանի գործող իշխանությունն, ինչպես ցանկացած երկրի իշխանություն, ունի իր հստակ ընտրազանգվածը։ Այո, մարդկանց չգնալն ընտրությունների մեծ խնդիր է, մարդկանց ակտիվ մասնակցությունն առավել մեծ հնարավորություններ կտա ցանկացած ընդդիմության հաջողելու»:
Հայկ Դերզյանը հավելեց. «Ինչ վերաբերում է կոնկրետ այս ընտրություններին, ունենք ահռելի թվով հիասթափված, չկողմնորոշված մարդիկ։ Պետք է ֆիքսենք, որ իշխանությունն ունի իր հստակ կողմնորոշված մարդկանց թիվը, և ես, անկեղծ ասած մի փոքր զարմանում էի, թե ինչի՞ են իրենք ցուցանիշների վրա ուրախանում, որովհետև այդ ցուցանիշներով 50% չեն հավաքում։ Դա, իհարկե, բոլորիս համար պարզ էր»:
Ըստ հարցման արդյունքների՝ «Քաղաքացիական պայմանագիրը» կապահովի ձայների հարաբերական մեծամասնությունը՝ 29 տոկոսով, սակայն չի հավաքի բացարձակ մեծամասնություն։ Եվ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սոցցանցի իր էջերում ներկայացնելով այս տվյալները՝ գրել էր. «Դե հիմա թող նորից իրենց ճղեն, պատեպատ տան, ասեն, որ ռեժիմը խուճապի մեջ է, իրենք հակառակ պատկերը ունեն և իրենց հանգստացնեն»:
ՀՀԿ խորհրդի անդամը նաեւ ընդգծեց, որ քաղաքական ուժերի համար դեռ ժամանակ կա, թե դաշինքներ ձևավորելու, թե նաեւ փողոցային պայքարի համար. «Փողոցային պայքարը, իշխանության նկատմամբ ճնշումը ոչ միայն չի հակասում ընտրություններին, այլ կարող է նպաստել առավել զգոնությանն ու զգուշությանը»: Ըստ նրա՝ մարդկանց վստահությունը ցանկացած պահի կարող է փոխվել, եթե լավ քարոզարշավ տարվի, ինչպես փողոցում, այնպես էլ ընտրություններ նախապատրաստող ուժերի կողմից։
Հաղորդումն ամբողջությամբ
Աննա ԻՍՐԱՅԵԼՅԱՆ


















































