«Ես տվեցի շատ ցավոտ հարց, որը փաստացի մերկացրեց այն ամենն, ինչ-որ իրենք արել են։ Ես խոսեցի նրա մասին, որ Կենտրոն վարչական շրջանում, ամբողջական գույքագրում անելուց հետո, նույն դենդրոլոգի օրոք, չենք ունեցել հատման ենթակա ծառ, բայց մասսայական ծառահատում են անում․․․ 2023 թվականից ի վեր հանկարծ պարզվեց, որ բոլոր ծառերը Կենտրոն վարչական շրջանում հատման ենթակա են՝ մոտ ութ փողոց ամբողջությամբ զրկվեց ծառերից։ Ի՞նչ տեղի ունեցով այդ ծառերի հետ՝ երկու տարվա ընթացքում, երբ մենք այդ գույքագրումն ամբողջական ավարտել էինք։ Ու փաստացի, ես խոսում եմ խնդրի մասին, քանի որ չկա պատասխան ու չի կարող լինել, քանի որ սա հանցագործության նման ինչ-որ մի բան է, քանի որ նույն դենդրոլոգի օրոք, այսինքն, ոչ մարդ է փոխվել, ոչ մեթոդաբանություն․ ի՞նչ եղավ մեր ծառերին, որ դուք դրեցիք ու ամբողջությամբ հատեցիք»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Երեւանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Քրիստինա Վարդանյանը։
Հիշեցնենք, հինգշաբթի օրը կայացած ավագանու նիստում Երեւանի կանաչապատում, շրջակա միջավայրի պահպանություն ՀՕԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը հեգնեց՝ ասելով․ «Ինչ-որ բլոգերների, իրենց բուսաբանության մասնագետ հռչակած բլոգերների խոսույթն է տիրաժավորվում եւ ժողովրդին սթրեսի են ենթարկում»։
Խնդիրը վերաբերվում էր Երեւան քաղաքում ծառահատումներին եւ ծառերի փոխանակումներին։
«Ես այսքան ժամանակ չեմ նկատել, որ որեւէ բուսաբան խոսի ծառերի փոխանակման ծրագրի դեմ կամ հատված ծառերը ներկայացնի, որպես կենսունակ։ Ասենք, տնտեսագիտական համալսարան ավարտածը չի ամաչում, գնում հատված ծառերի կողքը կանգնում է եւ հայտարարում՝ հատվեց լրիվ կենսունակ ծառ»,- ասաց Արմեն Բեգոյանը՝ հավելելով, որ «Երեւանի կանաչապատում» ՀՕԱԿ-ը գիտական, մասնագիտական կառույց է, որտեղ պրակտիկա են անցնում համալասարանականները․ «Հիմնարկ է, որտեղ աշխատում են ոչ թե բժշկական, պատմական գիտությունների, այլ բուսաբանական գիտությունների բազմաթիվ թեկնածուներ, պրոֆեսորներ։ Հետեւաբար, ես որպես ղեկավար, մեր աշխատանքների կազմակերպման մեջ պարտավոր եմ լսել ոչ թե մանկաբույժների, ոսկերիչների, պատմաբանների կարծիքը, այլ բուսաբանների կարծիքը, ինչը եւ արվում է»։
Կարդացեք նաև
Նա պնդեց՝ ծառերը, որոնք հեռացվում են, իրենց կենսունակության տարիքը վաղուց ապրել են եւ հանդիսանում են Երեւանում վնասատուների բարգավաճման վայրեր եւ վեգետացիայի շրջանում տարածվում են ողջ կանաչ տարածքների վրա։
Քրիստինա Վարդանյանը թեղիների հատմանը մշտապես դեմ է եղել, այդ օրն էլ դեմ արտահայտվեց․ ասում է՝ երեւանցիներն իրենց առողջության վրա կզգան զանգվածային ծառահատման հետեւանքները։ Նա նաեւ ծառերի խորը էտին է դեմ։ Հիշեցրեց, որ Երբ Տիգրան Ավինյանը Ալեք Մանուկյան փողոցում էր, իր կողքին էր Երեւանի գլխավոր դենդրոլոգը, որը նախկինում բուսաբանական այգու տնօրենն էր եւ ասել էր՝ «ով ոնց ուզեց՝ էտեց ծառերը, ծառերը փչացան, հիմա հատվում են»։ Նկատել էր՝ այդ նույն անձինք հանդիսանում են բոլոր նախորդ քաղաքապետերի խորհրդատուները, այդ թվում՝ նաեւ Տիգրան Ավինյանինը եւ հետաքրքրվել՝ ո՞վ է պատասխան տալու սխալ էտի համար, որի արդյունքում այսօր մենք ունենք այս պատկերը։
Տիգրան Ավինյանը Քրիստինա Վարդանյանին մեղադրեց «քաղաքական կեղծավորության» մեջ․ «Տիկին Վարդանյան, մենք ձեզ չենք մեղադրում նրա համար, որ դուք մանկաբույժ եք, մենք ձեզ մեղադրում ենք քաղաքական կեղծավորության համար։ Մենք ձեզ մեղադրում ենք, որ դուք մի քանի տարի առաջ․․․ ես չգիտեմ, դուք ձեր հարցազրույցը ինքնուրույն․․․ գոնե երկրորդ անգամ ինքներդ ձեզ լսե՞լ եք։ Դուք մեկը մեկին կրկնում եք այն թեզերը, որոնք մեր գիտնականներն ասում են։ Այն 20 գիտնականներն, ովքեր, որ զբաղվում են այս հարցերով, ովքեր որ որոշում են՝ որ դեպքերում, ինչ է պետք իրականացնել, ասում են այն, ինչը որ դուք ասում էիք մի 5-6 տարի առաջ։ Եվ տիկին Վարդանյան, այո, մենք ձեզ մեղադրում ենք կեղծավորության մեջ, որովհետեւ, գիտեք, մարդ խոսում է մի բան, այնքան համապարփակ է խոսում, այնքան հիմնավոր է խոսում, այնքան լավ է բացատրում, թե ինչո՞ւ քաղաքի բոլոր թեղիները պետք է փոխարինվեն, ինչ խնդիրներ են նրանք առաջացնում, ինչ պրոբլեմներ ունեն, բոլոր տեսակների մասին խոսում է այդ պրոբլեմների եւ դրանից հետո դառնում է ընդդիմադիր խմբակցության ավագանու անդամ եւ իր խոսույթը 180 աստիճանով փոխում է։ Կներեք, թույլ տվեք ուրեմն, ձեզ մեղադրել կեղծավորության մեջ, որովհետեւ դա բացարձակ քաղաքական կեղծավորություն է։ Դուք որ դուք եղել եք կանաչապատման ՀՕԱԿ-ի փոխտնօրեն, ես հասկանում եմ, որ ՀՕԱԿ-ի այսօրվա աշխատանքը շատ ակնառու է, բայց ես ձեզ մի բան խորհուրդ կտամ՝ պետք չէ խանդով վերաբերվել, դա մեր քաղաքի համար է արվում, դա երեւանցիների համար է արվում, պետք չի էդտեղ անընդհատ փորձել համեմատվել, առավել ևս, որ դուք այդ համեմատության մեջ պարտվելու եք։ Ուզում եք մեզ խոցած լինեք, բայց դրան հավատողների թիվը տարեց տարի նվազում է»։
Մանրամասները՝ տեսանյութում
Քրիստինա Վարդանյանը մեզ հետ զրույցում հակադարձեց․ «Այն պարագայում, երբ պետք է պատասխան տալ հարցին, սկսում են խոսել ոչ թե հարցի մասին, այլ իմ՝ վեց տարի առաջ տված հարցազրույցի մասին»։ Նաեւ մանրամասնեց՝ վիճելի հարցազրույցի ընթացքում ինքը գնահատականներ է հնչեցնում մեր մայրաքաղաքում 30 տարիների ընթացքում ծառերի վատ վիճակի մասին, հղում է անում միջազգային փորձագետներին, ովքեր ասում են, որ ի վերջո, ստիպված ենք լինելու հատել այդ ծառերը, որովհետեւ չենք կարողանալու դրանք բուժել, խնդիրները խորացած են․ «Այսինքն, ես գնահատական եմ տալիս, իսկ իրենք կիրառված մեթոդաբանությունն են դրա տակ դնում։ Մենք որեւիցե պարագայում, որպես մեթոդաբանություն, չենք ընդունել ծառահատումները։ Ասել ենք, որ այդ խնդիրը կա։ Ես արձանագրել եմ խնդիր, իրենք երրորդ տարին անընդմեջ մեթոդաբանություն են դա ընտրել եւ հարմարեցնում են, թե՝ դուք էլ էիք ասում դա՝ պաշտպանելու համար իրենց կիրառած մեթոդաբանությունը։ Ես ոչ մի ծառ չեմ հատել, դուք չեք կարող ինձ հետ լինել նույն դաշտում, ես միայն բուժել եմ ծառերը, հատուկ սխեմաներ եմ մշակել՝ ո՞նց բուժենք, միջազգային փորձագետների հետ ենք աշխատել, որ հասկանանք՝ ոնց բուժել, մենք արգելել էինք խորը էտը, որպես մեթոդաբանություն, դուք նորից սկսեցիք կիրառել։ Դուք աշնանը խորը էտ արեցիք Պռոշյան փողոցում, հետո հատեցիք այդ ծառերը։ Նույնն արեցիք Մելիք-Ադամյանում, Ալեք Մանուկյանում, Ուլնեցի փողոցում»։
Ավագանու ընդդիմադիր անդամը նաեւ չի հասկանում՝ ինչպե՞ս է հնարավոր, որ Երեւանի տարբեր վարչական շրջաններում միեւնույն ժամանակ ծառահատում եւ ծառատունկ իրականացվի։ Օրինակ է բերում Քանաքեռ-Զեյթուն համայնքը եւ Կենտրոն համայնքը՝ նկատելով, որ Քանաքեռ-Զեյթուն համայնքն ավելի ուշ է կառուցվել եւ այնտեղ բնականաբար, ծառատունկն էլ է ուշ եղել։ Այսինքն, այդ համայնքում ծառերն ավելի երիտասարդ ու առողջ էին, բայց հատվեցին․ «Մենք իրենց ասել ենք, ասում ենք՝ մի արեք, դա հանցանք է բնակչության առողջության նկատմամբ, երբ Երեւանը հինգ անգամ պակաս ունի»։
Մեր զրուցակիցը նաեւ նկատում է․ «Իսկ եթե ես մասնագետ չեմ, ինչո՞ւ են իրենք անվերջ հղում անում այդ հարցազրույցին։ Չէ՞ որ հազարավոր մարդիկ դրա մասին խոսում են, ինչո՞ւ են ինձնից պաշտպանվում, ինչո՞ւ են հարցազրույցներ հրավիրում, որ հերքեն իմ ասածը։ Այսինքն, վախ կա չէ՞, տեսնո՞ւմ են չէ, որ հազարավոր մարդիկ լսում են այն, ինչ ես եմ ասում»։
Քրիստինա Վարդանյանի բնութագրմամբ, այս դաշտում իշխանություններին ինքն ամենալուրջ ընդդիմախոսն է, որն ունի գիտական հիմնավորումներ եւ միջազգային մեծ փորձ։
Ինչ վերաբերվում է ծառահատումներին, Քրիստինա Վարդանյանն ունի Ֆրանսիայի լանդշաֆտային ճարտարապետության ասոցիացիայի նախկին նախագահի եզրակացություն նամակը, նա նաեւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գիտխորհրդի անդամ է, որում ասում է, որ 2000-ականներին իրենք էլ են Ֆրանսիայում կիրառել զանգվածային հատման մեթոդաբանությունը ու դրա հետեւանքների տակից մինչ օրս չեն կարողանում դուրս գալ։ Նամակում նաեւ հորդոր կա՝ Հայաստանում իրենց ցավալի սխալը չկրկնել։
«Ես խոսել եմ մեթոդաբանության մասին, որն աշխարհում առհասարակ կիրառվում է, բայց ես մեկ ծառ չեմ կտրել։ Առհասարակ, բոլորին ասել եմ, որ ես սկսելու եմ պայքարել, փորձելու եմ կանգնեցնել վարակը քաղաքում եւ եթե չկարողանանք ոչ մի բան անել, միգուցե եւ մասնակի հատումներ անենք։ Բայց զանգվածային հատումներ երբեւէ չէինք անի, որովհետեւ չի կարելի կիսաանապատային քաղաքում փողոցները տասնամյակներով ծառերից զրկել։ Իմիջիայլոց, այն մասին, որ թեղիները Երեւանում խնդիր ունեն, ես ավագանու նիստերում խոսել եմ եւ ասել եմ, որ դեմ եմ կիրառվող մեթոդաբանությանը եւ այն ծառատեսակներին, որոնք որ ընտրվում են տնկելու համար, որովհետեւ դրանք բացարձակապես փողոցների կանաչապատման համար չեն»,- ասաց Քրիստինա Վարդանյանը։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































