Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում պնդեց, թե քաղաքական դաշտը դիրքավորվում է այս տրամաբանության մեջ՝ «խաղաղության կուսակցություն», որն ասում է, թե պետք չէ շարունակել Ղարաբաղյան շարժումը, և «պատերազմի կուսակցություն», որն, ըստ էության, ուղղակի կամ անուղղակի ասում է՝ պետք է շարունակենք Ղարաբաղյան շարժումը․ «Եվ մենք պետք է շատ հստակ ընտրություն կատարենք՝ Ղարաբաղի շարժումը շարունակո՞ւմ ենք, թե՞ ոչ։ Եթե շարունակում ենք, դա նշանակում է նոր պատերազմ, չի կարող ուրիշ կերպ լինել»:
«Առավոտի» «Առերեսում» հաղորդաշարի ընթացքում անդրադառնալով այս պնդմանը՝ «Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորման վարչության անդամ, պատմաբան Արեգ Սավգուլյանն ասաց. «Դա ինձ շատ է հիշեցնում Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականի տեքստը, երբ նա հայտարարեց, որ ինքը գնում է, և գալիս է «պատերազմի կուսակցությունը»։ Ես չեմ ասում, որ նույնությամբ նույն սցենարն է, ուղղակի հետաքրքիր դեժավյու իրավիճակ է այս առումով:
Խնդիրն այն է, որ այս իշխանություններից ոչ խաղաղության օրակարգն է կախված, ոչ պատերազմինը, որը բացարձակ ճշմարտություն է։ Եթե հավատանք այս իշխանությունների օրակարգին, ապա Մերձավոր Արևելքը եռում է պատերազմի մեջ, ամբողջ աշխարհը, Միացյալ Նահանգները, Իրանը, Իսրայելն ու բոլորը սպասում են, որ Հայաստանի Հանրապետությունում հունիսի 7-ին բարեհաջող կերպով կայանան համապետական ընտրություններ, որից հետո Հայաստանը հայտնվի, օրինակ, պատերազմական իրավիճակում… Ուղղակի այս ժամանակաշրջանում պատերազմի ալիքը դեռեւս հրաշքով շրջանցում է մեզ»:
Կարդացեք նաև
Ամերիկյան Միջազգային հանրապետական ինստիտուտի հանրային կարծիքի ուսումնասիրության ընթացքում հարցին, թե ի՞նչ կարծիքի են Հայաստանի բնակիչները՝ արդյոք երկիրը շարժվում է ճի՞շտ ուղղությամբ՝ հարցվածների 47 տոկոսը համոզմունք էր հայտնել, թե Հայաստանը շարժվում է ճիշտ, իսկ 41 տոկոսի պնդմամբ՝ սխալ ուղղությամբ: Հաղորդման մյուս հյուրը՝ ՀՀԿ խորհրդի անդամ Հայկ Դերզյանն այս առնչությամբ նկատեց. «Այս ցուցանիշի մեջ կա մի շատ կարևոր կետ. զգալի հատվածը, որ տվել է «ճիշտ» պատասխանը, ավագ սերնդի ներկայացուցիչներն են, մարդիկ, որոնց մանիպուլացնելն ավելի հեշտ է»:
Իսկ Արեգ Սավգուլյանն այս համատեքստում դիտարկեց կառավարության վերջին սոցիալական ծրագրերը. «Որոնք ուղղված են, այո, տարիքով ավելի մեծահասակներին՝ առողջության ապահովագրությունն է, թոշակների բարձրացումը, որոնք մատուցվում են տնտեսական աճի հոլովույթում, բայց իրականում դրանք դասվում են, այսպես ասած, «օրինական-չակերտյալ կոռուպցիայի» շարքին»:
Մինչդեռ, ըստ նրա՝ «Հենց մի քանի օր առաջ էլ պարզվեց, որ 2026-ի առաջին կիսամյակում այս իշխանությունը 4.6 միլիարդ դրամ պարգևավճարային ֆոնդ է սահմանել, որն անցած տարվա նույն շրջանի համամասնությամբ 1 միլիարդ դրամով ավել է։ Եթե գումարենք փաստորեն 3 միլիարդ 600 միլիոնը, որը Նոր տարուն տվեցին, դա կազմում է 8.1 միլիարդ։ Այսինքն, սրա շրջանակներում իրենք կարող են 81 միլիոն հատ տաք կարկանդակ գնել, օրինակ, կարող են դրա շրջանակներում մոտավորապես, չգիտեմ, մի 30 միլիոն հատ խաշած եգիպտացորեն գնել։
Բայց իրականությունը, գիտե՞ք ինչ է. եթե ութ տարվա ընթացքում այս իշխանությունը (տեսեք՝ արտաքին քաղաքականության հետ կապ չունի) փորձեր մեր բնակչության մասին իրականում մտածեր, ապա այդ ամբողջ պարգևավճարային ֆոնդը, որը 1 միլիարդ դոլարից անցնում է, կարող էր ծառայել 25.000 հատ բնակարան կառուցելուն՝ սոցիալապես անապահով խավի համար։
Հաղորդումն ամբողջությամբ
Աննա ԻՍՐԱՅԵԼՅԱՆ


















































