Ամերիկյան Միջազգային հանրապետական ինստիտուտի իրականացրած ուսումնասիրություն շրջանակում հարցված 1,506 քաղաքացիների մեծ մասը կարծում է, որ կառավարության ամենամեծ ձախողումներն արտաքին քաղաքականությունն ու դիվանագիտությունն են, իսկ ամենամեծ ձեռքբերումը՝ խաղաղության և անվտանգության ապահովումը։ Ուսումնասիրության արդյունքները փաստում են, որ անվտանգության, խաղաղության և տնտեսական զարգացման վերաբերյալ ընդդիմության առաջարկները հանրության համար առայժմ համոզիչ չեն, այս կարևորագույն հարցերում ընդդիմությունը գոնե այս պահին որպես ծանրակշիռ այլընտրանք չի դիտարկվում: Ասենք՝ ազգային անվտանգության եւ սահմանային խնդիրների հարցում երկու կողմի նկատմամբ էլ բացասական վերաբերմունքը գերակշռում է, սակայն ընդդիմության դեպքում անորոշությունն ավելի մեծ է (կառավարություն. 41% դրական, 57% բացասական։ Ընդդիմություն. 29% դրական, 50% բացասական):
«Առավոտի» «Առերեսում» հաղորդաշարի ընթացքում անդրադառնալով այս տվյալներին՝ «Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորման վարչության անդամ, պատմաբան Արեգ Սավգուլյանը հիշեցրեց Արման Թաթոյանի բացահայտումները, որոնք վերաբերում են Վարդենիսի շրջանում և Ջերմուկի լեռներում ադրբեջանական զինուժի նոր դիրքավորմանն ու առաջխաղացմանը. «Հիմա, եթե վերցնենք այս իրականությունն ու հաշվի առնենք խաղաղության օրակարգը, դրանք բացարձակ առումով իրար չեն համապատասխանում։ Այո, այս առումով իշխանությանը դեռեւս հաջողվել է հասարակությանը պահել թմբիրի մեջ և նույնիսկ ասել, որ եթե իրենք չվերարտադրվեն, խաղաղություն ու անկախություն չի լինի»:
Հաղորդման մյուս հյուրը՝ ՀՀԿ խորհրդի անդամ Հայկ Դերզյանն այս համատեքստում նկատեց, թե այս իշխանությունն անգամ 2021 թվականի իր նախընտրական ծրագիրը չի իրականացրել անվտանգային բազմաթիվ խնդիրների վերաբերյալ. «Մի իշխանություն, որի օրոք Հայաստանը տեսել է իր ամենաշատ պատերազմները, Արցախի փաստացի հայաթափումը… Հիմա Նիկոլ Փաշինյանը փաստացի կամովի գերի է Իլհամ Ալիեւին, որովհետև մեկ կրակոց Հայաստանի սահմանների ուղղությամբ և չակերտավոր «խաղաղության» թեզը ջրվում է։ Ինչ ունի Նիկոլ Փաշինյանը անելու՝ բավարարել Իլհամ Ալիևի բոլոր հին, ներկայիս և նաև հետագա պահանջները։ Չմոռանանք, այդ պահանջները կարող են ընդլայնվել»:
Քիչ անց հավելեց. «Շատ ուղիղ ասենք. Նիկոլ Փաշինյանը և իր թիմը շանտաժի են ենթարկում հայ հասարակությանը, ասում են՝ մենք չլինենք, կլինի պատերազմ։ Կրկնում եմ՝ մի իշխանություն, որի օրոք եղել են ամենաշատ պատերազմները։ Շանտաժի ենթարկող իշխանությունը չի կարող երկար գոյատևել»:
Կարդացեք նաև
Զրույցի ընթացքում անդրադարձ եղավ նաեւ հարցման այն տվյալներին, որոնք վերաբերում են խաղաղության բացակայությանը. սա այն ոլորտն է, որտեղ կառավարության և ընդդիմության միջև տարբերությունը ամենակտրուկն է (կառավարություն. 76% դրական, 21% բացասական։ Ընդդիմություն. 17% դրական, 60% բացասական)։ Դիտարկմանը, թե ընդդիմադիր ուժերը վերստին չեն կարողացել համոզել ընտրողներին, որ լուծելու են անհանգստացնող անվտանգային խնդիրները՝ Արեգ Սավգուլյանը մասնավորապես այսպես արձագանքեց. «Այն հանգամանքը, որ ընդդիմությանը դեռևս լիարժեք կերպով չի հաջողվել հասարակությանը դուրս բերել թմբիրից և գեներացնել դեպի գալիք փոփոխություններ՝ փաստ է, պետք է ընդունել: Եվ որքան շուտ մենք դա ընդունենք, այնքան շանսերն ավելի մեծ կլինեն, որ հունիսի 7-ին ընդդիմությունը՝ չնշեմ կոնկրետ որ ուժը, կարող է բացարձակ հաղթանակ տանել գործող վարչախմբի նկատմամբ։
Բայց ասեմ նաև մի այլ բան. Հայաստանի Հանրապետությունում այսօր ամենառազմատենչ, պատերազմամոլ գործիչը, գիտե՞ք ով է. Նիկոլ Փաշինյանը… Ազգային ժողովում անցած տարի բյուջեի քննարկման ժամանակ նա հայտարարեց, որ պետական պարտքով, որը իրենց օրոք կուտակվել է, 8 միլիարդ դոլարի զենք են գնել»: Հիշեցնենք, որ 2025-ի նոյեմբերի 13-ին պետական բյուջեի խորհրդարանական քննարկումների ժամանակ Փաշինյանը հայտարարել էր. «Մի հատ էլ ասում են՝ 8 միլիարդ արտաքին պարտքն աճել է, ի՞նչ եք արել: Չգիտե՞ք՝ ինչ ենք արել, լավ, չէինք ուզում ասել, դա էլ ասենք՝ զենք ենք առել: Պարտքո՞վ ենք զենք առել՝ այո՛, պարտքով ենք զենք առել, ինչո՞ւ, որովհետև շատ է պետք եղել ու միանգամից… »:
Ի դեպ, անդրադառնալով իշխանավորների պնդումներին, որ եթե իրենք չլինեն՝ ոչ միայն խաղաղություն չի լինի, այլ TRIPP-ն էլ չի լինի (վերջինիս մասին մասնավորապես պնդել էր էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը)՝ Հայկ Դերզյանն ասաց. «Ամենահետաքրքիրն այն է, որ TRIPP-ի նկատմամբ հասարակության հետաքրքրությունը գրեթե զրոյական է… չասեմ զրոյական, բայց առնվազն շատ ցածր է՝ 2-3% էր կազմում»: Ըստ ամերիկյան IRI-ի հարցման արդյունքների՝ հայաստանցիների մեծամասնությունը TRIPP-ի գործարկմանը կամ դեմ է կամ էլ առնվազն լուրջ վերապահումներ ունի։ Նախագծին միանշանակորեն կողմ է հարցվածների 24, մասամբ՝ 20 տոկոսը։ Իսկ հարցվածների 34 տոկոսը կտրականապես դեմ է նախագծի կյանքի կոչմանը, ևս 13 տոկոսը՝ մասամբ է դեմ։
Հաղորդումն ամբողջությամբ
Աննա ԻՍՐԱՅԵԼՅԱՆ


















































