Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր նպատակն էր ստեղծել այնպիսի ձեռնարկ, որը կօգնի երիտասարդ հետազոտողներին հասկանալ գիտական աշխատանքի տրամաբանությունը․ Ատոմ Մխիթարյան

Մարտ 15,2026 23:32 Share

«Գիտական հետազոտությունների մեթոդաբանություն և գիտաչափություն» ուսումնական ձեռնարկի շնորհանդեսը տեղի ունեցավ Ավ. Իսահակյանի անվան գրադարանում։ Մանկավարժության դոցենտ, ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի դեկան Ատոմ Մխիթարյանի և տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Արմեն Ճուղուրյանի համահեղինակությամբ լույս տեսած ուսումնական ձեռնարկը «Կրթության կառավարում» շարքի հերթական հատորն է և նպատակ ունի դառնալու գործնական ուղեցույց ոլորտում որոշումներ կայացնողների, հետազոտողների, ասպիրանտների, ուսանողների համար։

Գիրքը ներկայացնում է գիտական հետազոտությունների տեսական հիմքերը, գիտության կազմակերպման գործնական մոտեցումները և գիտաչափության ժամանակակից մեթոդները՝ առաջարկելով համապարփակ տեսլական գիտակրթական ոլորտի զարգացման համար:

 

 

Միջոցառմանը մասնակցում էին գիտության և բարձրագույն կրթության ոլորտի ներկայացուցիչներ Հայաստանից և արտասահմանից, դասախոսներ, երիտասարդ հետազոտողներ և ուսանողներ։

Շնորհանդեսը վերածվեց ոչ միայն նոր գրքի ներկայացման, այլև գիտական աշխատանքի մշակույթի, հետազոտական մտածողության և գիտության զարգացման արդի մարտահրավերների շուրջ մասնագիտական քննարկման հարթակի։

Գրքի հեղինակները ներկայացրին աշխատության ստեղծման շարժառիթներն ու նպատակները՝ ընդգծելով, որ ժամանակակից գիտական միջավայրում կարևոր է ոչ միայն գիտելիքի ստեղծումը, այլև գիտական աշխատանքի մեթոդաբանական ճշգրտությունն ու գիտական արդյունքների գնահատման արդյունավետ համակարգը։

Գրքի համահեղինակ Ատոմ Մխիթարյանը իր խոսքում նշեց, որ գիտական հետազոտությունը պահանջում է մտածողության մշակույթ և համակարգված մոտեցում. «Գիտությունը միայն գաղափարների ստեղծում չէ։ Այն նաև գիտելիքի որոնման և կազմակերպման մշակույթ է։ Մեր նպատակն էր ստեղծել այնպիսի ձեռնարկ, որը կօգնի երիտասարդ հետազոտողներին հասկանալ գիտական աշխատանքի տրամաբանությունը և ձևավորել գիտական մտածողության ճիշտ հիմքերը»։ Հեղինակի խոսքով՝ հատկապես կարևոր է, որ երիտասարդ գիտնականները կարողանան ճիշտ կառուցել հետազոտական գործընթացը՝ սկսած թեմայի ընտրությունից մինչև գիտական արդյունքների ներկայացում և դրանց ազդեցության գնահատում։ Գրքի մյուս համահեղինակ Արմեն Ճուղուրյանն էլ ընդգծեց գիտաչափության կարևորությունը ժամանակակից գիտական աշխարհում. «Այսօր գիտական արդյունքները գնահատվում են ոչ միայն դրանց բովանդակությամբ, այլ նաև դրանց ազդեցությամբ գիտական հանրության վրա։ Գիտաչափությունը հնարավորություն է տալիս տեսանելի դարձնել գիտության ազդեցությունը և հասկանալ, թե ինչպես է զարգանում գիտական միտքը»։ Նրա խոսքով՝ գրքում ներկայացված են գիտական գործունեության գնահատման ժամանակակից գործիքներ և մեթոդներ, որոնք կիրառվում են միջազգային գիտական համայնքում և կարևոր նշանակություն ունեն գիտության զարգացման համար։
Շնորհանդեսի ընթացքում ելույթ ունեցողները կարևորեցին նման աշխատությունների հրատարակությունը՝ ընդգծելով, որ գիտական մեթոդաբանության և գիտաչափության մասին հայերեն մասնագիտական գրականությունը դեռևս սահմանափակ է, և նման ձեռնարկները կարող են նշանակալի դեր ունենալ երկրի գիտական պոտենցիալի զարգացման գործում։

Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը նշեց, որ «Գիտությունը, ըստ էության, աշխարհճանաչման մեթոդ է, իսկ մեթոդաբանությունը դրա առանցքային հիմքը։ Այս տեսանկյունից նման ձեռնարկի լույսընծայումը կարևոր ուղեցույց է բոլոր հետազոտողների և գիտությամբ զբաղվողների համար, հատկապես նրանց, ովքեր այսօր կանգնած են ղեկի մոտ և պարտավոր են հասկանալ, թե ինչպե՞ս պետք է զարգացնել գիտությունը, այլ ոչ թե զբաղվել իմիտացիայով»։

ՀՈՒՄԿ կրթական հիմնադրամի տնօրեն Հասմիկ Սահակյանն ընդգծեց, որ այս ձեռնարկը կարող է դառնալ ոսկե բանալի հետազոտողների, գիտական ղեկավարների համար։

Ձեռնարկի կարևորությունը բարձր գնահատեց նաև հանրային կառավարման մասնագետ, Ռուս-հայկական համալսարանի հայցորդ Սերոբ Անտինյանը՝ ընդգծելով, որ գիտական մեթոդաբանությունը գիտության հիմնարար բաղադրիչներից է, և առանց դրա իմացության ցանկացած հետազոտող պարզապես «կույր է մնում մեծ ճանապարհին»:

Միջոցառման ավարտին հեղինակները ներկաներին նվիրեցին նոր հրատարակությունը՝ նշելով, որ այն հասանելի կլինի նաև գրադարաններում։ Առանձնահատուկ ցանկություն հայտնեցին, որ այն հայտնվի նաև պետական կառույցների ղեկավարների աշխատասենյակներում՝ դառնալով սեղանի գիրք-ուղեցույց: Ատոմ Մխիթարյանի տեղեկացմամբ՝ ձեռնարկի էլեկտրոնային տարբերակն արդեն տեղադրված է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի կայքում: Նոր ձեռնարկը նպատակ ունի ոչ միայն աջակցել գիտական հետազոտությունների մշակույթին, այլև ծառայել որպես գործնական ուղեցույց Հայաստանի գիտակրթական համակարգի արդյունավետ կառավարման և ռազմավարական զարգացման համար՝ այն դարձնելով կարևոր նվեր այսօրվա և վաղվա որոշում կայացնողներին:

ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031