Եթե Իրանի արդի պատմության հիմք ընդունենք 1905-1911 թթ. Սահմանադրական շարժումը, ապա իրանաբնակ հայերը հենց այդ օրերից եղել են Իրանի ժողովրդի ուրախ և տխուր օրերի բարեկամը։ Իրանահայերը Անդրկովկասի հայերի օգնությամբ օժանդակել են Սահմանադրական շարժմանը և, ջոկատ կազմելով, պայքարել են Ղաջար արքաների բռնապետության դեմ։ Իրանն առաջին անգամ Սահմանադրական կարգեր է հաստատում և մշակում է Սահմանադրություն։ Հենց այդ Սահմանադրությամբ էլ պաշտոնապես ճանաչվում է իրանաբնակ հայերի և մյուս քրիստոնյաների իրավունքները և նրանց տրվում է խորհրդարանի պատգամավորի երկու տեղ։
Հայերը Իրանի սահմանադրական կարգերի հաստատման համար տալիս են նաև զոհեր. հիշենք Եփրեմ Խան Դավթյանին և Արշակ Գավաֆյանին։ Ղաջար դինաստիայի վերջին արքա Ահմադը գահընկեց եղավ 1925 թվականին և նրան փոխարինեց պաշտպանության նախարար, ապա վարչապետ Ռեզա խանը, որն իրեն հռչակեց արքա և Փահլավի դինաստիայի հիմնադիր։ Փահլավիները` հայր և որդի, իշխեցին 54 տարի, ապա 1979 թվականին ղեկն անցավ իսլամիստներին։
Փահլավիների գահակալության շրջանը զուգադիպեց կոմունիզմի համաշխարհային տարածմանը։ Իրանի կոմունիստական կուսակցությանն (Թուդե) անդամակցեցին նաև մեծ թվով հայեր։ Կոմունիստները Փահլավիներին համարում էին Արևմուտքի դրածո և պայքարում էին նրանց դեմ. պայքարի գագաթնակետը դարձավ Մուհամմեդ Ռեզա արքայի նշանակած վարչապետի` Մոսադեղի ազգային պայքարը, որին միացան նաև Կոմունիստները։ Արքան ԱՄՆ-ի օգնությամբ հաղթեց այդ պայքարում և երեք օր փախուստից հետո վերանվաճեց իր գահը (1953 թ.)։ Այդ շրջանում հայերը տվեցին զոհեր և քաղբանտարկյալներ. զոհերից դյուցազունի անուն թողեց կոմունիստ Վարդան Սալախյանը։
Հետագայում իրանցի նշանավոր պոետ Ահմադ Շամլուն գրեց իր նշանավոր բանաստեղծությունը` «Վարդանը չխոսեց وارتان سخن نگفت»։ Արքայի դեմ կոմունիստների պայքարը` այս անգամ զինյալ տեսքով, շարունակվեց նաև մինչև նրա տապալումը. Մարտիկ Ղազարյանը այդ շրջանի մեր զոհերից է։
Կարդացեք նաև
Իրանահայերը հետո մասնակցեցին 1979 թ. հեղափոխության. մեր առաջին հերոսը դարձյալ Վարդան էր կոչվում։ Վարդան Ավետիսյանը հեղափոխության հաղթանակի գիշերը զոհվեց` պետական ռադիո-հեռուստատեսության շենքի գրավման ժամանակ։ Ունեցանք նաև այլ զոհեր և վիրավորներ։ Այդ ժամանակ մոտ մեկ տարի երկիրը հեղափոխական ետուզեռի մեջ էր գտնվում։ Հայկական թաղերը հսկում էին հայ զինյալ կամավորներ, եկեղեցական թեմերի առաջնորդարաններում և հայկական միություններում գործում էին օգնության և շտապ արձագանքման կետեր։
Իրանահայության հաջորդ փորձությունը եղավ Իրան-Իրաք ութամյա պատերազմը (1980-1988)։ Այդ ընթացքում զոհվեցին ավելի քան հարյուր հայեր` ճնշող մեծամասնությամբ ժամկետային զինվորական ծառայողներ։ Ռազմաճակատ մեկնեցին հայ հարյուրավոր արհեստավորներ, որոնք թիկունքային զորամասերում նորոգում էին զինված ուժերի ծանր տեխնիկան։ Եկեղեցական թեմերի առաջնորդները և Իսլամական խորհրդարանի հայ պատգամավորներն անգամներ այցելեցին ռազմաճակատ և ոգևորեցին իրանցի ռազմիկներին։ Հայ համայնքները պարբերաբար կատարում էին նվիրահավաք և մթերային մեծ փաթեթներ էին ուղարկում ռազմաճակատ։ Իրանահայերի այս մեծ նվիրվածությունը Իրանի Իսլամական Հանրապետության ղեկավարների հիացմունքի առիթ դարձավ։ Երկրի առաջնորդը, Հանրապետության նախագահը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ անգամներ այցելեցին հայ զոհերի ընտանիքներին և վշտակցեցին հայերին։
Ավելի քան 30 տարվա հարաբերական խաղաղությունից հետո վրա հասան 2025 թ. հունիսի իսրայելա-ամերիկյան տանդեմի հակաիրանյան ռազմական գործողությունների օրերը, որտեղ իրանահայերը դարձյալ հավատարմորեն իրենց հնարավորությունները տրամադրեցին իշխանություններին։ Այդ օրերին ռմբակոծումների հետևանքով տուժեցին հայկական որոշ հաստատությունների շենքեր և անհատների բնակարաններ, որոնց նորոգման ծախսն իր վրա վերցրեց կառավարությունը։
Այս տարվա հունվարից սկսած իրանահայերը երկրի ամբողջ բնակչության հետ միասին ծանր օրեր են ապրում։ Նախ տնտեսական ծանր պայմանների և ազատությունների սահմանափակման դեմ տեղի ունեցան զանգվածային ցույցեր, որոնք ճնշվեցին դաժանաբար, սպանվեցին հազարավոր ցուցարարներ` այդ շարքում նաև երկու հայ երիտասարդ։
Այժմ փակ են երկրի ամբողջ դպրոցներն ու բուհերը, պետական հիմնարկները և սպասարկման կետերը աշխատում են հերթապահությամբ, իսկ մասնավոր բիզնեսները հիմնականում փակ են։ Մեծ քաղաքների բնակիչների մի ստվար զանգված` այդ շարքում նաև հայեր, փոխադրվել են ամառանոցային, ծովափնյա և գյուղական բնակավայրեր։ Այս անգամ ևս տուժել են հայկական որոշ հաստատությունների շենքեր և հայ բնակիչների տներ։ Եկեղեցիները, հայկական միությունները և խորհրդարանի հայ պատգամավորները աչալուրջ կերպով հետևում են հայերի կարիքներին։ Առավելապես վտանգված են հայ ժամկետային զինվորական ծառայողները, քանի որ Զինված ուժերի զորամասերը ռմբակոծման թիրախ են։ Պետական հիմնարկներում և Զինված ուժերի սպայական կազմում հայեր չկան։ Հայերը հիմնականում զբաղված են արդյունաբերական և սպասարկման ոլորտում, ունեն առևտրի ընկերություններ, սպասարկման կետեր, արհեստանոցներ և գործարաններ։
Իրանահայերի մոտ գաղթի տրամադրություն չի նկատվում և անցյալի նման ժամանակավորապես Հայաստան են գալիս նրանք, ովքեր այստեղ ունեն սեփական բնակարան և կամ ազգականներ։
Իրանաբնակ հայերը` դարձյալ հավատարիմ իրենց կոչման, Իրանի ամբողջ ժողովրդի դժվար օրերի աջակիցն են և կանգնած են հայրենասեր իրանցիների կողքին։ Նրանք լիահույս են, որ շուտով խաղաղություն կտիրի և դարձյալ կնվիրվեն Իրանի բարգավաճման և հզորացման գործին։
Տիգրան ԴԱՎՈՒԴՅԱՆ


















































