Փետրվարին ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի՝ Հայաստան կատարած այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին անդրադարձել է ԱՄՆ առևտրի քարտուղարի տեղակալ, ԱՄՆ Առևտրի քարտուղարության Միացյալ Նահանգների և արտաքին առևտրային ծառայության՝ միջազգային առևտրի ադմինիստրացիայի (ITA) հարցերով գլխավոր տնօրեն Դեյվիդ Ֆոգելը:
Ամերիկյան կառավարության պաշտոնական trade.gov կայքում վերջինս ընդգծել է արդյունաբերության ոլորտում գործընկերների հետ աշխատելու պատրաստակամությունը՝ ներդրումները և առևտուրը խթանելու նպատակով։
«…Հիմնվելով փոխնախագահ Ջեյ Դի Վենսի՝ Հայաստան և Ադրբեջան կատարած վերջին այցի վրա՝ Առևտրի նախարարությունը կշարունակի համագործակցել արդյունաբերության և տարածաշրջանային գործընկերների հետ՝ աջակցելու փոխշահավետ առևտրի և ներդրումային հնարավորությունների զարգացմանն ամբողջ տարածաշրջանում»։
Նույն հարթակում հրապարակվել է նաև ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի հետևյալ մեջբերումը.
Կարդացեք նաև
«2025 թվականի օգոստոսի 8-ին նախագահ Թրամփը միջնորդեց Հայաստանի և Ադրբեջանի միջև պատմական խաղաղության հաստատմանը՝ ներկայացնելով Միջազգային խաղաղության և բարգավաճման Թրամփի ուղին (TRIPP)՝ որպես Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախագծի մաս։ Այս կարևոր նախաձեռնությունը բացում է հաղորդակցության, առևտրի և փոխկապակցվածության նոր ուղիներ՝ նպաստելով կայունությանը, աճին և բարգավաճմանն ամբողջ Հարավային Կովկասում և դրանից դուրս՝ դեպի Կենտրոնական Ասիա և Եվրոպա։ Փոխնախագահ Վենսի՝ 2026 թվականի փետրվարին կատարած այցն առաջ մղեց TRIPP-ի իրականացման գործընթացը և պայմանավորվածությունները արհեստական բանականության, կիսահաղորդիչների, էներգետիկայի, պաշտպանության և կարողությունների զարգացման ոլորտներում՝ ներկայացնելով բազմամիլիարդ դոլարների նախագծեր արհեստական բանականության և միջուկային էներգետիկայի ոլորտներում։
Քանի որ Հայաստանն արագորեն ձևավորվում է որպես արհեստական բանականության տարածաշրջանային կենտրոն և ԱՄՆ-ի կարևոր գործընկեր, TRIPP-ը տարածաշրջանը դիրքավորում է տնտեսական բարգավաճման, նորարարության և աննախադեպ հնարավորությունների առաջնագծում»։


















































