Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Վարդանյանին թույլ չեն տվել դիմել Ադրբեջանի օմբուդսմենին. ընտանիքի հայտարարությունը

Մարտ 16,2026 12:45 Share

Մարտի 13-ին ընտանիքի հետ հեռախոսազրույցի ժամանակ Ռուբեն Վարդանյանը փորձել է հրապարակային կոչով դիմել Ադրբեջանի օմբուդսմեն Սաբինա Ալիևային, բայց հեռախոսազրույցը հարկադրաբար ընդհատվել է։

Ռուբեն Վարդանյանը ստիպված է եղել դիմել այս քայլին, քանի որ նախորդ 10 օրերին օմբուդսմենի հետ փաստաբանի միջոցով, գրավոր դիմումներով և հեռախոսազանգերով կապ հաստատելու փորձերը որևէ արդյունք չեն տվել:

Դատավարություններն ավարտվել են մեկ ամիս առաջ, սակայն ո՛չ Ռուբենը, ո՛չ էլ, մեր տեղեկություններով, մյուս հայ բանտարկյալներն իրենց պաշտոնական դատավճիռների տեքստերը որևէ լեզվով՝ ռուսերեն, հայերեն կամ ադրբեջաներեն, դեռ չեն ստացել: Նրանք չգիտեն, թե ինչ հոդվածներով են դատապարտվել, երբ կամ ուր են նրանց տեղափոխելու։

Մենք խորապես մտահոգված ենք ստեղծված իրավիճակով: Նրա և մյուս հայ գերիների կացության մասին արժանահավատ տեղեկությունների բացակայությունը և Ադրբեջանում մարդու իրավունքների անկախ մեխանիզմների վերացումը, այդ թվում՝ երկրից Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հեռացումը, բոլոր գերիներին զրկում են ինստիտուցիոնալ որևէ պաշտպանությունից։

Մենք նաև մտավախություն ունենք, որ նույնիսկ կարճ հեռախոսազրույցները՝ կապի պահպանված միակ միջոցը, կարող են դադարեցվել։

Հրապարակում ենք Ադրբեջանի օմբուդսմեն Սաբինա Ալիևային ուղղված Ռուբենի դիմումի աուդիոձայնագրությունը, որը նրան թույլ չեն տվել ավարտել։ Հուսով ենք՝ այն կհասնի հասցեատիրոջը:

ՌՈՒԲԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ՀՐԱՏԱՊ ԴԻՄՈՒՄԸ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՕՄԲՈՒԴՍՄԵՆ ՍԱԲԻՆԱ ԱԼԻԵՎԱՅԻՆ

(Փոխանցվել է ընտանիքի հետ հեռախոսազրույցի ընթացքում)

2026 թ․ մարտի 13

«Ես կցանկանայի…

Ադրբեջանի Հանրապետության օմբուդսմեն, տիկին Ալիևա. ստիպված եմ դիմել Ձեզ: Չնայած 2023-ի հոկտեմբերին տեսախցիկի առաջ մեր առաջին հանդիպման ժամանակ Դուք մեծահոգաբար տրամադրել էիք ձեր հեռախոսահամարը, վերջին 10 օրվա ընթացքում ես չեմ կարողացել կապվել Ձեզ հետ, թեև փաստաբանի միջոցով, գրավոր դիմումներով և զանգելու փորձերով գործադրել եմ հնարավոր բոլոր ջանքերը: Հետևաբար, ստիպված եմ դիմել Ձեզ հրապարակայնորեն: Եվ, ցավոք, ինձ ու իմ գործընկերների հետ այստեղ կատարվողը ձեզ փոխանցելու այլ միջոց չունեմ:

Ես խնդրում եմ հանդիպում Ձեզ հետ: Դուք հանրային միակ հաստատության ղեկավարն եք, որին կարող եմ դիմել այս իրավիճակում, քանի որ ադրբեջանական մյուս բոլոր մարմինները կա՛մ իրականացնում են պետական վերահսկողություն, կա՛մ…

(Այստեղ Ռուբեն Վարդանյանին ընդհատում են և թույլ չեն տալիս շարունակել Ադրբեջանի օմբուդսմենին ուղղված իր խոսքը)

Եվ հիմա նրանք նույնիսկ թույլ չեն տալիս ինձ դա անել: Ուզում եմ ասել, որ, ցավոք, նրանք թույլ չեն տալիս ինձ դիմել Ձեզ, որպեսզի Դուք՝ միակ մարդը, որը կարող է այս իրավիճակում, այնտեղ…

Ես մեկ ամիս է՝ չեմ կարողանում ստանալ դատավճիռը. ո՛չ ռուսերեն, ո՛չ հայերեն, ո՛չ ադրբեջաներեն. չգիտեմ՝ ինչի համար եմ դատապարտվել և որ հոդվածներով։

Ես հանդիպում եմ խնդրում, որպեսզի կարողանանք քննարկել այս ամենը: Որովհետև, ցավոք, Կարմիր խաչը հեռացել է: Այստեղ չկա որևէ այլ հաստատություն, որը կարող է մեզ հետ կապ պահել։

ՀՀ կառավարությունն այստեղ չունի ներկայացուցչություն և զբաղված է մատակարարումներով…»

(Զանգն ադրբեջանական կողմից ընդհատվում է` հնարավորություն չտալով Ռուբեն Վարդանյանին ավարտել օմբուդսմենին ուղղված իր խոսքը)։

«Ռուբեն Վարդանյան» հիմնադրամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031