Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Սաքունցը մնում է իր կարծիքին՝ դեմ է քվեարկելու Անկախության հռչակագիրը Սահմանադրության նախաբանից հանելու Նիկոլ Փաշինյանի հանձնարարականին

Մարտ 16,2026 13:21 Share

«Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը շատ ակտիվ աշխատում է: Ամեն շաբաթ նիստեր ենք հրավիրում: Եվ տեքստն պատրաստ է, ինչպես և խոստացել էի: Բայց հրապարակման մասով դեռ նորություն չունեմ, որովհետև որոշվել է տեքստը քննարկել նաեւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունում և խորհրդարանական խմբակցությունում: Դրանից հետո տեքստը հրապարակելու մասով որոշում կկայացվի». այս մասին այսօր ասել է ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը Արդարադատության նախարարին կից հասարակական խորհրդի առաջին նիստի ընթացքում:

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջին ճեպազրույցում հայտարարեց․ «Այո, Նոր Սահմանադրության մեջ Անկախության հռչակագրին հղում պետք է չլինի, եւ ասեմ՝ ինչո՞ւ, որովհետեւ Անկախության հռչակագիրը կառուցված է կոնֆլիկտի տրամաբանության վրա։ Չենք կարող մենք կոնֆլիկտի տրամաբանության վրա գնալ ու ուզենալ անկախ պետություն կառուցել»։

Արթուր Սաքունցի լուսանկարը՝ ՀՀ արդարադատության նախարարության ֆեյսբուքյան էջից

«ՍԴ որոշումը շատ հստակ է եւ Անկախության հռչակագիրը՝ իր բոլոր խնդիրներով հանդերձ, մեր ծննդականն է։ Ամենից կարեւորը՝ դա բացառապես Հայաստանի ներքին գործն է եւ այն խոսույթը, որն Ալիեւի նման բռնապետը կարող է իրեն թույլ տալ՝ հաշվի առնելով իր ինչ-որ առավելությունները եւ այլն, անթույլատրելի է»,- սա Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ Արթուր Սաքունցի կարծիքն է ՀՀ Սահմանադրության նախաբանից Անկախության հռչակագիրը հանելու մասին։ Այս պնդումներն Արթուր Սաքունցն ավելի վաղ էլ էր արել, այժմ էլ շարունակում է մնալ նույն կարծիքին։

Aravot.am-ի հետ զրույցում նա ասաց՝ եթե հարցը հասնի սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովում քվեարկության, ինքը դեմ է քվեարկելու։

Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն էր Հայաստանին «տնային աշխատանք» հանձնարարել՝ փոխել Սահմանադրությունը, նախաբանից հանելով Անկախության հռչակագրին հղումը։

Գործընթացն ավելի վաղ էր սկսվել․ դեռ 2024 թվականի մայիսին Բաքվից հնչած հերթական հայտարարություններին ընդառաջ, Նիկոլ Փաշինյանը հանձնարարեց նոր սահմանադրության նախագիծ մշակել ու մինչեւ 2026 թ. դեկտեմբերի 30-ն այն հաստատել։ Փաշինյանը փոփոխություն կատարեց 2022-ին ձեւավորված սահմանադրական բարեփոխումների խորհրդի որոշման մեջ՝ գործող խորհրդի ուսերին դնելով նորանկախ Հայաստանի ամենաամոթալի գործընթացներից մեկը՝ գրելը նոր սահմանադրություն, որտեղ հղում չի արվելու Անկախության հռչակագրին եւ Ալիեւի ցանկություններն են իրագործվելու:

Սահմանադրական բարեփոխումների խորհուրդն ի պաշտոնե ղեկավարում է արդարադատության նախարարը, անդամներն են ՔՊ-ական երկու պատգամավոր՝ Վլադիմիր Վարդանյանն ու Արուսյակ Ջուլհակյանը, «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, քաղհասարակության ներկայացուցիչներ՝ Իրազեկ քաղաքացիների միավորման նախագահ Դանիել Իոաննիսյանը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը, Իրավունքի Եվրոպա միավորման համակարգող Տիգրան Եգորյանը։ Հանձնաժողովում ներկայացուցիչներ ունեն նաեւ «Հանրապետություն» կուսակցությունը եւ Բարձրագույն դատական խորհուրդը։

Դանիել Իոաննիսյանի լուսանկարը՝ ՀՀ արդարադատության նախարարության ֆեյսբուքյան էջից

Դանիել Իոաննիսյանը ժամանակին նույնպես դեմ էր արտահայտվում Անկախության հռչակագրին հղումը հանելուն. «Կներեք, բայց ես ապուշ չեմ, որ գրեմ մի բան, որ մարդիկ հետո մերժեն, ես մազոխիստ չեմ, մի կողմ դրած, որ ես համարում եմ, որ պետք չի հռչակագրի հղումը հանել, բայց մարդ պետք է մազոխիստ լինի, որ սահմանադրությունում այնպիսի կարգավորում մտցնի, որ ամբողջ ռեֆորմը գրողի ծոցն ուղարկի»:

ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը մինչ օրս հստակ դիրքորոշում չի արտահայտել այդ մասին։ Լրագրողների տարբեր հարցերին մշտապես խուսափողական պատասխաններ է տվել։

Էդմոն Մարուքյանը՝ սահմանադրական հանձնաժողովում: Լուսանկարը՝ Արդարադատության նախարարության ֆեյսբուքյան էջից

«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հարցին անդրադարձել է իր յութուբյան ալիքում։ Խոսելով Նիկոլ Փաշինյանի պնդման մասին՝ «Անկախության հռչակագիրը կոնֆլիկտի հռչակագիր է», ասում է՝ դրանով, նա, ըստ էության, ցուցմունք է տալիս իր երկրի դեմ․ «Իր երկիրն է, որը կոնֆլիկտ է հրահրել։ Նա համարում է, որ Հայաստանը կոնֆլիկտ է հրահրել։ Այսինքն, ՍՍՀՄ փլուզման ժամանակ Հայաստանն է կոնֆլիկտ հրահրել»։ Էդմոն Մարուքյանը պնդում է․ «Սա ադրբեջանական թեզ է»։ Բացատրում է՝ ՀՀ-ն կոնֆլիկտ չի հրահրել, Ադրբեջանը երկար ժամանակ վարել է քաղաքականություն, որն ուղղված է եղել ՍՍՀՄ տարածքում բնակվող հայերի դեմ, մասնավորաբար, ԼՂՀ-ում բնակվող հայերի դեմ։

Էդմոն Մարուքյանը նաեւ հստակեցնում է՝ իշխանական շրջանակներից երբ հայտարարում են, թե ուժեր կան, ԼՂՀ-ի էջը չեն փակել ու դրանով պատերազմ կբերեն, ստում են․ «ԼՂՀ էջը փակված է, Հայաստանում ղարաբաղյան շարժում գոյություն չունի, շարժումն ավարտված է, այդ էջն էլ փակված է։ Հիմա, ինչ-որ ուզում է անել՝ փակում է Հայաստանի էջը։ ՀՀ Սահմանադրության նախաբանից հանել Անկախության հռչակագիրը, նշանակում է՝ Հայաստանի ծննդականը մայր փաստաթղթից հանել։ Այսինքն, չկա նման պետություն։ Նիկոլ Փաշինյանի այս գործողության դեմ պետք է պայքարեն բոլոր անկախական մարդիկ, այսինքն, ովքեր ուզում են Հայաստանը լինի անկախ երկիր, ինքնիշխան երկիր։ Նիկոլ Փաշինյանը հիմա գործում է ՀՀ անկախության դեմ»։

Հիշեցնում է՝ 2024 թվականի սեպտեմբերի 30-ին ՀՀ ՍԴ որոշումը․ ՍԴ-ն քննել է հարցը եւ եկել այն եզրակացության, որ Սահմանադրության նախաբանը որեւէ երկրից տարածքային պահանջ չի ենթադրում, ուստի խնդիր չկա, որ այն հանենք Սահմանադրությունից, բայց հիմա Փաշինյանը, ՔՊ-ն որոշել են հանել Անկախության հռչակագիրը։ Էդմոն Մարուքյանի բնութագրմամբ՝ Փաշինյանն իր ժողովրդին շանտաժ է անում, արդյունքում փորձելով վերացնել ՀՀ անկախության հիմքը։

Եթե ՀՀ Սահմանադրության նախաբանից հանվի Անկախության հռչակագիրը, Էդմոն Մարուքյանը զգուշացնում է՝ մեր երկիրը հիմնարար խնդիրներ է ունենալու․ «Կարող է չճանաչեն այս պետությունը։ Դա Հայաստանի կործանումն է»։

Հարցի լուծումն ինքն այսպես է տեսնում՝ ոչ թե պետք է ասել՝ հանրաքվե լինի՝ գնանք դեմ քվեարկենք, այլ պետք է ամեն ինչ անել, որպեսզի չլինի այդ հանրաքվեն, իսկ դրա համար, պետք է ամեն ինչ անել, որ Նիկոլ Փաշինյանը վարչապետ չլինի․ դրանով ի չիք են դառնում նրա խոստումները Ադրբեջանին․ «Եթե ինքը դուրս է գալիս արանքից, հարցը վերանում է, մենք էլ շարունակում ենք խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները՝ հիմք ընդունելով ՍԴ որոշումը։ Իրեն օգտագործում են երկիրը վերացնելու համար, ինքն էլ լծված է դրան»։

Ինչ վերաբերվում է սահմանադրական բարեփոխումների խորհրդին եւ նրա աշխատանքներին, որում ինքն ընդգրկված է, Էդմոն Մարուքյանն ասում է՝ խորհրդի աշխատանքները դադարեցին այն պահից, երբ հրապարակվեց Նիկոլ Փաշինյանի հայտնի հարցազրույցը՝ մենք կարմիր շորերով ենք ու դա կատաղեցնում է ցլին, մեր կարմիր շորերը պետք է հանենք։ Դրանից հետո էր, որ Էդմոն Մարուքյանը հեռացավ Նիկոլ Փաշինյանի հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնից, իսկ սահմանադրական բարեփոխումների խորհրդում, ասում է՝ մնացել է, որպեսզի դեմ քվեարկի Անկախության հռչակագիրը հանելուն․ «Վերջերս լսել եմ, որ էլի մարդիկ կան, որ դեմ են, վստահ չեմ, բայց կապրենք՝ կտեսնենք»։

Վերջին շրջանում Էդմոն Մարուքյանը բոյկոտել է հանձնաժողովի նիստերը, չի մասնակցում դրանց, քանի որ Ալիեւը հանձնարարել էր՝ ՀՀ-ին, որ իր «տնային աշխատանքը կատարի», իսկ ինքը չի կատարում Ալիեւի հանձնարարությունները։ Պնդում է՝ սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը չի կատարում իր գործառույթը, չի փոխում Սերժ Սարգսյանի «աղետ բերած» սահմանադրությունը, վստահ է՝ «մի քանի բան են փոխում, վերջում նախաբանն էլ հանեն եւ հանգեցնեն նրան, որ՝ ըհը՝ նոր Սահմանադրության տեքստ ունենք»։

Ամեն դեպքում, այս պահից սկսած ինքն անիմաստ է համարում այդ խորհրդում իր լինելը, քանի որ Նիկոլ Փաշինյանն ասել է՝ Անկախության հռչակագիրը հանվելու է, դա անբեկանելի է, իսկ մնացածն անիմաստ է։

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031