Արցախ Միությունը զեկույց է ներկայացրել Մեծ Բրիտանիայի խորհրդարանի հետաքննությանը Արցախի մշակութային ժառանգության ոչնչացման հարցով
Մեծ Բրիտանիայի խորհրդարանում պաշտոնապես մեկնարկած «Ջնջելով անցյալը. մշակութային ժառանգության ոչնչացում» (Erasing the Past: The Destruction of Cultural Heritage) խորհրդարանական հետաքննության շրջանակում Արցախ Միությունը բարձրաձայնել է Ադրբեջանի կողմից իրականացվող ցեղասպանական քաղաքականության վերաբերյալ, ինչպես նաև հանդես է եկել ի պաշտպանություն Արցախի վտանգված պատմամշակութային ժառանգության։
Փետրվարի 23-ին կայացած անդրանիկ նիստին որպես հիմնական բանախոս ելույթ է ունեցել Արցախ Միության նախագահ Արտակ Բեգլարյանը։ Իր ելույթում նա բրիտանացի խորհրդարանականներին և միջազգային իրավական փորձագետներին է ներկայացրել համակողմանի փաստեր Արցախի մշակութային ժառանգության ոչնչացման, Արցախի ժողովրդի բռնի տեղահանման ու ներկա վիճակի և հայ գերիների իրավունքների խախտման վերաբերյալ:
Արտակ Բեգլարյանն ընդգծել է միջազգային մշտադիտարկման ու կանխարգելիչ մեխանիզմների ներդրման անհրաժեշտությունը, որոնք կնպաստեն ադրբեջանական բռնազավթման ներքո գտնվող՝ Արցախի ժողովրդի ժառանգության ու սեփականության պաշտպանությանը՝ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի հրամաններին համապատասխան: Նա հատուկ անդրադարձ է ունեցել նաև Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի իրացման անհրաժեշտությանն ու միջազգային աջակցությանը՝ կարևորելով դրա նշանակությունը արդար, արժանապատիվ ու կայուն խաղաղության ապահովման համար:
Կարդացեք նաև
Բացի Ա. Բեգլարյանի բանավոր վկայությունից, Արցախ Միությունը հաջորդիվ նաև Մեծ Բրիտանիայի խորհրդարանին և Փաստաբանների միջազգային ասոցիացիային է ներկայացվել Արցախ Միության և «Արցախի մշակույթի և զբոսաշրջության զարգացման գործակալություն» ՀԿ-ի համահեղինակությամբ պատրաստված համապարփակ զեկույցը՝ «Ադրբեջանի կողմից Արցախում հայկական մշակութային ժառանգության համակարգված ոչնչացումը և յուրացումը (2020-2026թթ.)» խորագրով:
Զեկույցը փաստագրում է հայկական եկեղեցիների, գերեզմանատների, հուշարձանների և թանգարանային հավաքածուների միտումնավոր ոչնչացումն ու յուրացումը՝ ներկայացնելով անհերքելի ապացույցներ առ այն, որ Ադրբեջանի գործողությունները կրում են ցեղասպանական բնույթ և նպատակ ունեն վերացնելու Արցախում հայկական հետքը և կանխելու բնիկ ժողովրդի վերադարձն իր հայրենիք։
Հետաքննությունն իրականացվում է Փաստաբանների միջազգային ասոցիացիայի Մարդու իրավունքների ինստիտուտի (IBAHRI) աջակցությամբ և Մեծ Բրիտանիայի բազմակուսակցական խորհրդարանական խմբի կողմից՝ պատգամավոր Բրենդան Օ’Հարայի նախագահությամբ։ Այն բաղկացած է լինելու հինգ փուլից, որոնց արդյունքում հրապարակվելու է վերջնական զեկույց՝ ուղղված Մեծ Բրիտանիայի կառավարությանն ու միջազգային դերակատարներին:
Արցախ Միության և Արցախի մշակույթի և զբոսաշրջության զարգացման գործակալության համահեղինակությամբ պատրաստված վերոնշյալ զեկույցի ամբողջական տարբերակին ծանոթանալու համար պետք է անցնել հետևյալ հղմամբ:



















































