Լրահոս
Օրվա լրահոսը

Նախատեսում է գնել մոտ 69 միավոր հատուկ տեխնիկա՝ սանմաքրման ու աղբահանության ծառայությունները բարելավելու համար

Մարտ 16,2026 15:35 Share

Այս շաբաթ գործակարգավարականի ընթացքում քննարկված ծրագրեր

Երևանի քաղաքապետարանը 2026թ. նախատեսում է գնել մոտ 69 միավոր հատուկ տեխնիկա՝ սանմաքրման ու աղբահանության ծառայությունները բարելավելու համար:

***
Երևանում տրոլեյբուսների էլեկտրամատակարարումը կատարվում է 23 ենթակայաններով։ 2025թ. ներդրված թվային նոր համակարգը հնարավորություն է տալիս մեկ կենտրոնից հեռավար կերպով վերահսկել ու կառավարել ենթակայանների աշխատանքը, հետևել տեխնիկական պարամետրերին և ապահովել անվտանգությունը, որի շնորհիվ տարեկան կխնայվի շուրջ 100 մլն դրամ։
***
2026թ. հունվարի 5-ին հիմնադրված «Երևանի երթևեկության կառավարման կենտրոնը» նպատակ ունի ձևավորել Երևանի հանրային տրանսպորտի տվյալահեն կառավարման համակարգ՝ տրամադրելով վերլուծական տվյալներ ընդհանուր շարժունակության վերաբերյալ: Մեկնարկային փուլում կենտրոնի անձնակազմը համալրվել է շուրջ 60%-ով, իրականացվել է երթուղային ցանցի և կանգառների համադրման աշխատանքների մոտ 70%-ը, ինչպես նաև թվայնացվել է 81 երթուղի (64՝ ավտոբուսային, 5՝ տրոլեյբուսային, 12՝ միկրոավտոբուսային)։

Մշտադիտարկման նպատակով փորձնական եղանակով կիրառվում են «Wialon և Nimbus» համակարգերը, որոնց շնորհիվ կանգառները բաց թողնելու դեպքերը նվազել են՝ 81-ից 35-ի։ Միաժամանակ բացահայտվել է երթուղուց շեղվելու 125 դեպք, բարելավվել են որոշ երթուղիներ և ուսումնասիրվել է քաղաքացիների 322 բողոք։ Նշենք նաև, որ Yandex ընկերության հետ ձեռք է բերվել համագործակցության պայմանավորվածություն, և քննարկվում է նրանց ծրագրային լուծումների կիրառելու հնարավորությունը։
***
Էրեբունի վարչական շրջանի Արին-Բերդի և Արցախի  փողոցների խաչմերուկը Արին-Բերդի փողոցի 5-րդ նրբանցքի խաչմերուկին միացնող ճանապարհահատվածը կհիմնանորոգվի: Աշխատանքների ձեռքբերման հայտերը կբացվեն ապրիլի 6-ն է:

***
Կենտրոն վարչական շրջանի Ծովակալ Իսակովի 2/1 հասցեում գտնվող Երևանի Վաղարշ Վաղարշյանի անվան հ. 80 դպրոցի բակի խաղահրապարակն ու հանրային ֆուտբոլի դաշտը կհիմնանորոգվի: Աշխատանքային նախագիծը մշակել է «ԻՆԻՇԸԹԻՎ» ՍՊԸ-ն. նախատեսվում է իրականացնել շուրջ 765 քմ մեծածավալ հիմնանորոգում՝ ստեղծելով հարմարավետ և ժամանակակից մարզական տարածքներ՝ վազքուղիներով, հեռացատկի և թիմային խաղերի համար նախատեսված գոտիներով, ինչպես նաև հանրային ֆուտբոլի դաշտ՝ դպրոցականների և Կիլիկիա թաղամասի մարզասեր բնակչության համար:

2025թ. ընթացքում «Կենդանիների խնամքի կենտրոն»-ի կլինիկա է տեղափոխվել 4140 թափառող շուն։ Մասնավորապես, ստերջացվել և կատաղություն հիվանդության դեմ պատվաստվել է 2703 շուն, կատաղություն հիվանդության դեմ վերապատվաստվել է 671 շուն, քնեցում/անկում՝ 766 շուն, խնամակալ է գտել 83 շուն։ Մայրաքաղաքի փողոցներից և բակերից հավաքվել և ոչնչացման է ուղարկվել 1158 անկած կենդանու դի։ Կազմակերպված կրթական արշավներին մասնակցել է շուրջ 200 երեխա։ Տարվա ընթացքում կազմակերվել են կենդանիների խնամքի օրեր, որոնց մասնակցել են բազմաթիվ անհատներ և հասարակական կազմակերպության ներկայացուցիչներ։

***
Երևանում, մթնոլորտային առաստաղի բարձրացմամբ պայմանավորված, փետրվար ամսին ստացված տվյալներով օդի որակը լավ վիճակում է՝ ի տարբերություն նախորդ տարվա նույն ժամանակահատվածի: Օդի որակին և քաղաքին վերաբերող մի շարք կարևոր տվյալներ կարող եք տեսնել  gis.yerevan.am հարթակում։
***
Նոր Նորք վարչական շրջանի 2026թ․ աշխատանքային ծրագրով բարեկարգվում է Մոլդովական փողոց հ․29/6 հասցեից Բագրևանդի փողոց ընկած մայթային հատվածը։

Ավագանու մեկ այլ որոշմամբ մայիսի 1-ից Երևանի համայնքային մանկապարտեզների աշխատողների աշխատավարձերը կբարձրանան 15–20 տոկոսով։

***
Կենտրոն վարչական շրջանով անցնող Հրազդանի կիրճ փողոցը (սկսվում է Աթենքի փողոցից` Հրազդան մարզադաշտի հարևանությամբ, հասնում Հալաբյան փողոց) այսուհետ կկրի լեգենդար խորհրդային ֆուտբոլիստ և մարզիչ, օլիմպիական չեմպիոն, «Արարատ-73»-ի գլխավոր մարզիչ Նիկիտա Սիմոնյանի անունը: Ավագանին հավանություն տվեց որոշման նախագծին:

***
Աջափնյակ վարչական շրջանի Սիլիկյան 8-րդ փողոցն էլ (սկսվում է Սիլիկյան 2-րդ փողոցից, հասնում Սիլիկյան 7-րդ փողոց) այսուհետ կկրի հայ կոմպոզիտոր, քանոնահար, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Խաչատուր Ավետիսյանի անունը:

***
Երևանի Միսաք Մանուշյանի անվան պուրակում կտեղադրվի հայ բանաստեղծի ու ֆրանսիական դիմադրության շարժման մարտիկի կիսանդրին:

***
Երևանի ավագանու որոշմամբ խստացվել են արտաքին ինժեներական ենթակառուցվածքների ստեղծման (մոնտաժման, վերակառուցման, վերատեղադրման, տեղափոխման, վերանորոգման, վերականգնման և այլն) նպատակով իրականացվող քանդման ու վերականգնման աշխատանքների պահանջներն ու տեխնիկական պայմանները: Մանրամասները՝ հղմամբ.

***
Երևանի ավագանու հաջորդ հերթական նիստը կգումարվի ապրիլի 21-ին:

Երևանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031