-Երեխաներն ընտրական իրավունք չունեն։ Երբ քաղաքական գործիչը կամ քարոզարշավի մասնակիցը երեխային հարցնում է՝ ում է նա պատրաստվում ընտրել, դա կարող է դիտվել որպես երեխային քաղաքական դիրքորոշում արտահայտելու դրդում, քարոզչական տեսարանի ստեղծում երեխաների մասնակցությամբ,քաղաքական ազդեցություն անչափահասի վրա,- Aravot.am-ի հետ զրույցում այսպես է գնահատում կիրակի օրը՝ մարտի 15-ին Սյունիքի մարզում Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ անչափահաս, դպրոցահասակ երեխաներին նախընտրական քարոզարշավում ներգրավելու փաստը իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը:
Նրա խոսքով՝ «Երեխայի իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայով եւ «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքով երաշխավորված են երեխայի մտքի ազատության, կրթության, խաղաղ հավաքների ազատության իրավունքները. «Ընտրությունների ժամանակահատվածում այս իրավունքների պաշտպանության հարցը դառնում է էլ ավելի արդիական: Մտքի ազատության իրավունքի իրացման քողի ներքո երեխաներն ուղղակիորեն ներգրավվում են նախընտրական քարոզչության մեջ՝ ոչ թե հնարավորություն ունենալով քաղաքական գործընթացներին ծանոթանալու, այլ նրանց կարծիքը օգտագործելով այս կամ այն քաղաքական ուժին գովաբանելու նպատակով: Սա քաղաքական անընդունելի պրակտիկա է, նաև էթիկական լրջագույն խնդիր»։
Կարդացեք նաև
Իրավապաշտպանը նաեւ նկատեց, թե հաշվի առնելով, որ երեխաները չունեն ընտրական իրավունք, Փաշինյանի հարցերը ոչ միայն անտեղի էին, այլեւ վնասակար երեխաների համար. «Ընդհանրապես ընտրություններում ներգրավել անչափահասներին, նրանց ներուժը օգտագործելը տարբեր քարոզչական նպատակներով արգելված է եւ երեխաների պաշտպանության բոլոր ընթացակարգերով նաեւ վնասակար է: Որովհետեւ երեխաների ներգրավումը այդ գործընթացներին կարող է երեխաներին դարձնել խոցելի, համացանցում հայտնվել, ինչի հետեւանքով նրանց կարող են թիրախավորել, ինչը երեխաների դեպքում ոչ միայն ցանկալի չէ, այլեւ՝ վնասակար»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Լուսանկարները՝ «Քաղաքացիական պայմանագրի» ֆեյսբուքյան էջից




















































