Օրերս Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա տոնակատարությունների շրջանակում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը իր 100-րդ հոբելյանական համերգաշրջանում ներկայացրեց նշանակալի համերգ՝ ընդգծելով Հայաստանի և Ֆրանսիայի միջև խորը մշակութային կապերի կարևորությունը:
Մարտի 13-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահը վերածվել էր հայ-ֆրանսիական մշակութային հարթակի՝ ֆրանսիական երաժշտության լեգենդար դեմքերից մեկի՝ դիրիժոր Ժան-Կլոդ Կազադեսուսի և ֆրանսահայ վիրտուոզ դաշնակահար Ժան-Պոլ Գասպարյանի մասնակցությամբ:
Կարդացեք նաև
Համաշխարհային ճանաչում ունեցող դիրիժոր Ժան-Կլոդ Կազադեզյուսը հայկական նվագախումբ բերեց իր նրբաճաշակությունն ու ֆրանսիական երաժշտության կատարյալ իմացությունը: Նրա ղեկավարությամբ՝ ունկնդիրը վայելեց դաշնակահար Ժան-Պոլ Գասպարյանի կատարումը, որը հայտնի է իր նրբազգաց և բարձր վարպետության կատարումներով և իր ելույթով դարձավ ֆրանսիական մշակույթում ձևավորված հայկական ժառանգության խորհրդանիշը:
Համերգից հետո երաժշտագետ Լիլիթ Եփրեմյանը Aravot.am-ի հետ զրույցում հայտնեց հետևյալը. «Վերջին ժամանակների ամենավառ համերգային իրադարձությունը Երևանում կայացավ մարտի 13-ին: Երաժշտություն արարելու գաղտնիքը բոլոր ժամանակներում եզակի մարդկանց է տրված, և երբ մի բեմում են հենց այդպիսի անուններ, ու նրանց ձեռքում հայտնվում է մի կատարյալ գործիք` Էդուարդ Թոփչյանի Հայաստանի Ազգային Ֆիլհարմոնիկ Նվագախումբը, որ նմանվում է եռացող տիեզերական հրաբխի, ապա իրական երաժշտական արարչագործության ուժը երջանկության անչափելի էներգիայի աղբյուր է դառնում հայաստանյան շնորհակալ ունկնդրի սրտում: Ֆրանսիական մշակույթի մեկտեղված էլեգանտ նրբագեղությունն ու գերմարդկային հզորությունը, ես կասեի` նաև համարյա դետեկտիվային երաժշտական սյուժեների հափշտակող արկածախնդրությունը, այնքա՜ն գայթակղիչ են ու, միևնույն ժամանակ, այնքա՜ն հարազատ են մեզ»:
Երեկոն նվիրված էր ֆրանսիական ռոմանտիզմի հանճարներին. հնչեցին համաշխարհային երաժշտության նվագախմբային երկացանկի ամենադրամատիկ և սիրված գլուխգործոցները: Համերգը բացեց Բեռլիոզի «Հռոմեական դիմակահանդես» նախերգանքը՝ լի էներգիայով, իտալական կոլորիտով և նվագախմբային փայլուն երաժշտությամբ: Հաջորդեց Սեն-Սանսի Դաշնամուրի կոնցերտ թիվ 2-ը, Ժան-Պոլ Գասպարյանի բարձրարվեստ մեկնաբանությամբ: Ընդ որում՝ այս ստեղծագործության մեջ համադրված են գրեթե կրոնական հանդիսավորությունն ու փայլուն վիրտուոզությունը: Համերգը եզրափակվեց Բեռլիոզի «Ֆանտաստիկական սիմֆոնիա»-ով՝ ծրագրային երաժշտության բացառիկ, հեղափոխական գլուխգործոցով, ինչը դասական երաժշտության կենդանի կատարման ամենաազդեցիկ տպավորություններից է:
Այս համերգը երաժշտական բարձրագույն արվեստի տոն էր և հերթական վկայությունը հայ-ֆրանսիական դարավոր, անխախտ մշակութային կապերի:
Համերգի ավարտին 91-ամյա լեգենդար դիրիժոր Կասադեսուսը, որն այդ ծավալուն և բարդ ծրագիրը ղեկավարեց պարզապես պատանու կայտառությամբ, հզոր էներգիայով և փորձառու արվեստագետին հատուկ խորը, փիլիսոփայական մեկնաբանությամբ, մեզ հետ կիսվեց. «Այս նվագախումբը հրաշալի, հզոր «երաժշտական մեքենա» է՝ լի տեխնիկական հմտություններով ու խորը զգացմունքայնությամբ: Միանգամից ընդհանուր լեզու գտանք: Պետք է նշել, որ ծրագիրը բավականին բարդ էր ու հավակնոտ: Այո, մենք փայլուն աշխատանք տարանք և հրաշալիորեն համադրեցինք մեր սերը երաժշտության հանդեպ: Իսկ իմ կապը հայկական մշակույթի հետ սկսվել է դեռևս 1960-ականներին, երբ բախտ ունեցա հանդիպելու մեծն Արամ Խաչատրյանին: Այդ հանդիպումը տեղի ունեցավ Փարիզում, երբ հրավիրել էինք նրան ղեկավարելու Concerts Colonne նվագախումբը: Այդ տարիներին ես նվագախմբում հանդես էի գալիս որպես հարվածային գործիքների մենակատար:
Տարիներ անց՝ իմ ղեկավարությամբ, ընկերոջս՝ լեգենդար ֆրանսիացի ֆլեյտահար Ժան-Պիեռ Ռամպալի հետ, Նյու Յորքի հռչակավոր Քարնեգի հոլում կատարեցինք Խաչատրյանի Ջութակի կոնցերտի փոխադրումը ֆլեյտայի համար: Համերգը բացառիկ հաջողություն ունեցավ: Արամ Խաչատրյանն այն երաժիշտն է, որն անփոխարինելի և հսկայական դեր ունի հայկական ու համաշխարհային մշակույթի մեջ: Բացի այդ, ես շատ մտերիմ եմ եղել Շառլ Ազնավուրի հետ: Մենք միասին շատ ենք աշխատել, երբ ես դեռ հարվածային գործիքներ էի նվագում, իսկ հետագայում, լինելով Théâtre du Châtelet-ի երաժշտական ղեկավարը, նրա հետ ձայնագրել ենք «Պարոն Կարնավալ» մյուզիքլը, որտեղ առաջին անգամ հնչեց նրա հանրահայտ «La Bohème»-ը»:
Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ
Լուսանկարներում՝ կադրեր երևանյան համերգից
























































