Լրահոս
Օրվա լրահոսը

«Սահմանափակումները կարող են լինել անհամաչափ եւ հաճախ օգտագործվել այնպես, որ վնասվի խոսքի ազատությունը».Աշոտ Մելիքյան

Մարտ 16,2026 16:26 Share

Ազգային ժողով-կառավարություն վերջին հարցուպատասխանի ժամանակ ՔՊ խմբակցության պատգամավոր Լիլիթ Մինասյանը առաջարկել էր հանդես գալ օրենսդրական նախաձեռնությամբ, որով լրագրողներին կարգելվի պետական գերատեսչությունների հերքումից հետո անդրադառնալ տվյալ թեմային։ «Քանի որ հիբրիդային հարձակումները եւ խաղաղության դեմ ուղղված նյուանսները շատանալու են նախընտրական փուլում, ես կարծում եմ, որ մենք պետք է օրենսդրական մեխանիզմով արգելենք, որ, եթե, օրինակ, լիազորված մարմինը հայտարարում է, որ նման բան տեղի չի ունեցել, պատասխանատվության ենթարկենք լրատվամիջոցներին, որոնք շարունակում են այդ լուրերը տարածել»,- ասել էր Լիլիթ Մինասյանը։

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն արձագանքել էր.«Շնորհակալ եմ, կարող ենք համատեղ աշխատել դրա շուրջ, մենք դեմ չենք»։

Այս երկխոսությունը տեղի էր ունեցել այն հարցի համատեքստում, որ «Միասնության թեւեր» քաղաքական շարժման ղեկավար Արման Թաթոյանը փաստեր էր ներկայացրել ՀՀ տարածք նոր ներխուժումների մասին։ Սուրեն Պապիկյանն ու Նիկոլ Փաշինյանը փորձում են հերքել Թաթոյանի ներկայացրած փաստերը։

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը «Առավոտի» հետ զրույցում, անդրադառնալով հարցին, թե արդյոք նմանօրինակ նախաձեռնություններով իշխանությունները փորձում են հավելյալ ճնշում գործադրել մամուլի վրա, ասաց. «Սա այն դասական օրինակն է, որ երբ լրագրողական հանրությունը չի ինքնակարգավորվում եւ ինքն իր հարցերը չի լուծում, միջամտում են իշխանությունները եւ որոշում են օրենսդրական կարգավորումներ լուծել հարցերը»։

«Երբ որեւէ տեղեկություն է հրապարակվում մամուլում եւ այդ պարագայում պաշտոնական հերքում է լինում, ապա պետք է ներկայացվի նաեւ այդ հերքումը։ Լրագրողի գործն է ճշտելու, թե որքանով է այդ պաշտոնական տեղեկությունը համապատասխանում իրականությանը։ Եթե Արման Թաթոյանի ներկայացրածի հետ կապված օրինակը բերենք, ապա այդ տեղեկությունը ոչ միայն պաշտպանության նախարարը հերքեց, այլ նաեւ հրապարակումներ եղան արբանյակային լուսանկարներով, որ դիրքերի փոփոխություն չի եղել։ Լրատվամիջոցն այդ տեղեկությունը եւս պետք է հրապարակի ու համադրի Արման Թաթոյանի հրապարակման հետ։ Եթե սա պահպանվում է, բնական է, որ որեւէ պատասխանատվության մասին խոսելն ավելորդ է։ Բայց եթե պետական գերատեսչության հերքումը չի հրապարակվում, դա առաջին հերթին լրագրողական էթիկայի խախտում է, լրագրողներն ու լրատվամիջոցները պետք է հետեւեն այդ պահանջներին։ Եթե դա չի արվում, այստեղ արդեն իշխանությունն է իր լծակներն օգտագործում։

Եվ, այո, այստեղ ես պետք է ասեմ, որ մտահոգություն կա, որ սահմանափակումները կարող են լինել անհամաչափ եւ հաճախ օգտագործվել այնպես, որ վնասվի խոսքի ազատությունը։ Խնդիրն այստեղ երկկողմանի է՝ մեր այս բեւեռացված մեդիա միջավայրում կան բազմաթիվ լրատվամիջոցներ, որոնք մեկ կարծիքով բավարարվում են, ավելին, այդ կարծիքը դարձնում են քարոզչության առարկա»,- ասաց Աշոտ Մելիքյանը։

Նրա խոսքով՝ եթե իշխանությունները որեւէ մտահոգություն ունեն, դա պետք է լայն քննարկման առարկա դառնա լրագրողական համայնքի ներկայացուցիչների եւ փորձագիտական շրջանակների հետ։ Հենց այնպես վերցնել ու ինչ-որ օրենսդրական սահմանափակումներ կիրառելը ճիշտ չէ։

«Ես չեմ կարծում, որ այդ առաջարկը կարող է դառնալ օրինագիծ ու մտնել շրջանառության մեջ, բայց եթե այդպիսի քայլ ձեռնարկվի, ապա մենք մեր գործընկեր կազմակերպությունների հետ անպայման գործընթացին կմիջամտենք, մեր տեսակետը կարտահայտենք եւ առաջարկություններով հանդես կգանք։ Կարծում եմ՝ առայժմ սա քաղաքական դիրքորոշում է, հուսանք, որ սա շատ հեռու չեն գնա»,- հավելեց նա։

Միաժամանակ Աշոտ Մելիքյանն ասաց՝ եթե պետական մարմինը պարզաբանում է ներկայացնում, դա ամենեւին չի նշանակում, որ վերջնական ճշմարտությունը պետական ատյաններինն է, եւ եթե իրենք հերքել են, դա 100 տոկոսանոց ճշմարտություն պետք է ընկալվի։ «Լրագրողներն իրավունք ունեն շարունակել թեման՝ բացահայտելով նոր փաստեր, բայց այդ դեպքում պետք է մինիմում երկու կարծիք լինի։ Եթե լրագրողները կարող են հայտնաբերել փաստեր, որոնք հերքում են այդ հերքումը, լրատվամիջոցի սուրբ պարտականությունն է թեման շարունակել։ Բայց կրկնում եմ, ցանկացած սահմանափակում, ըստ Եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածի երկրորդ մասի, պետք է լինի իրավաչափ, համաչափ եւ նախատեսված լինի օրենքով։ Այսինքն՝ նոր սահմանափակումներ մտցնելը քաղաքական քմահաճույքի բան պետք է չլինի, խիստ հիմնավորված պետք է լինեն։ Ես կարծում եմ՝ այս առաջարկության հիմքերը կկորեն, երբ լրատվամիջոցները ցուցաբերեն պրոֆեսիոնալ մոտեցում հատկապես զգայուն հարցերը լուսաբանելիս»,- նշեց Մելիքյանը։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031