Ազգային ժողով-կառավարություն վերջին հարցուպատասխանի ժամանակ ՔՊ խմբակցության պատգամավոր Լիլիթ Մինասյանն առաջարկել էր հանդես գալ օրենսդրական նախաձեռնությամբ, որով լրագրողներին կարգելվի պետական գերատեսչությունների հերքումից հետո անդրադառնալ տվյալ թեմային։ «Քանի որ հիբրիդային հարձակումները եւ խաղաղության դեմ ուղղված նյուանսները շատանալու են նախընտրական փուլում, ես կարծում եմ, որ մենք պետք է օրենսդրական մեխանիզմով արգելենք, որ, եթե, օրինակ, լիազորված մարմինը հայտարարում է, որ նման բան տեղի չի ունեցել, պատասխանատվության ենթարկենք լրատվամիջոցներին, որոնք շարունակում են այդ լուրերը տարածել»,- ասել էր Լիլիթ Մինասյանը։
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն արձագանքել էր.«Շնորհակալ եմ, կարող ենք համատեղ աշխատել դրա շուրջ, մենք դեմ չենք»։
Այս երկխոսությունը տեղի էր ունեցել այն հարցի համատեքստում, որ «Միասնության թեւեր» քաղաքական շարժման ղեկավար Արման Թաթոյանը փաստեր էր ներկայացրել ՀՀ տարածք նոր ներխուժումների մասին։ Սուրեն Պապիկյանն ու Նիկոլ Փաշինյանը փորձում են հերքել Թաթոյանի ներկայացրած փաստերը։
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանն «Առավոտի» հետ զրույցում անդրադառնալով ՔՊ-ականների հայտարարություններին, ասաց. «Ի՞նչ են ուզում անել դրանով, որ իրենց ստերն անընդհատ մնան ուժի մե՞ջ։ Այսինքն՝ մարդիկ ապացույցներ են ներկայացնում, բայց եթե իրենք հերքում են, ուրեմն վե՞րջ։ Բա էդ փաստերի ու ապացույցների հետ ի՞նչ անենք։ Բա մի հատ հակափաստարկ բերեք ու նոր հերքեք։ Ես չեմ պատկերացնում՝ որեւէ երկրում նման բան կա՞, իրենք ուզում են դառնալ Ադրբեջան, Հայաստանն ուզում են դարձնել Ադրբեջան, քանի որ իրենց համար Ալիեւն ու Էրդողանն են հեղինակություն։ Ո՞նց է Ադրբեջանում՝ ոչ մամուլ կա, ոչ քաղաքացիական հասարակություն կա, մենք արդեն մոտենում ենք Ադրբեջանին»։
Կարդացեք նաև
Ալեքսանյանի խոսքով՝ իշխանություններն ուզում են խոսքի ազատության բացարձակ սահմանափակում կիրառել Հայաստանում։
«Մենք ի՞նչ ենք տեսնում իշխանությունների կողմից՝ անընդհատ ստեր, ո՞նց պետք է իրենց վստահենք։ Այսինքն՝ իրենք ուզում են սահման առ սահման հանձնել, հետո հերքել, իսկ մենք ծափ տանք, ասենք՝ եթե իրենք հերքում են, ուրեմն վե՞րջ, ով պիտի հավատա, ո՞վ է վստահում ու հավատում նրանց։ Այդ փոքր խմբակը էս երկիրը վարում ու ցանում է, Հայաստանը ոչինչ է դարձնում՝ ամեն ինչ վերացնելով։ Այստեղ ժողովուրդ չի ապրո՞ւմ, կարծիք չունի՞, ոչինչ չի տեսնո՞ւմ։ Չի կարող այդպես լինել՝ իրենց այդ ստերով իրենք ոչնչի չեն հասնելու։ Հայաստանում նման բան չի գործելու»,- նշեց Ժաննա Ալեքսանյանը։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ



















































