Նիդերլանդներում՝ մարտի 6–9-ը, և Բելգիայում՝ մարտի 13–15-ը, տեղի ունեցավ Հայ Առաքելական Եկեղեցու երիտասարդ հավատավորների եռօրյա հոգևոր առանձնացում՝ «Ավագ շաբաթը Տիրոջ հետ» խորագրով։ Այն համախմբեց շուրջ 110 հայ երիտասարդների այդ երկրների տարբեր ծխերից՝ աղոթքի, խորհրդածության և եղբայրական հաղորդակցության պահերի համար՝ Սուրբ Հարության տոնին ընդառաջ։

Այդ օրերին երիտասարդները ավելի գիտակցաբար ապրեցին իրենց հավատքը, խորացան Մեծ Պահքի և հատկապես Ավագ շաբաթվա խորհրդի մեջ, ունկնդրեցին հոգևոր ուղերձներ և ակտիվորեն մասնակցեցին զրույցների ու քննարկումների։
Հավաքները նախագահեց Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ Գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը, որի հոգևոր առաջնորդությամբ ծրագիրը ստացավ աստվածաշնչյան, եկեղեցաբանական և հատկապես երիտասարդական կյանքին առնչվող ուղղություն։
Սրբազան Հայրն իր բացման խոսքում ընդգծեց Մեծ Պահքի՝ զղջման, ներման և հոգևոր վերածնության ուղին՝ երիտասարդներին խրախուսելով մնալ Հայ Եկեղեցու աղոթող և կենսատու զավակներ՝ իրենց հավատքը դրսևորելով ոչ միայն եկեղեցում, այլև առօրյա կյանքում՝ ուսումնառության, աշխատանքի և ընտանեկան հարաբերությունների մեջ։
Կարդացեք նաև
Հոգևոր ծրագիրը վարում էին՝ Նյու Յորքի Սուրբ Ներսես հայկական ճեմարանի տեսուչ Տ. Մարտիրոս քահանա Ջևյանի գլխավորությամբ՝ ճեմարանի ուսանողներ Արին սարկավագ Պարսամյանը և Շահե կիսասարկավագ Ճանյանը։ Նրանց առաջնորդությամբ կազմակերպվեցին Սուրբ Գրքի ուսումնասիրության հանդիպումներ և թեմատիկ զրույցներ՝ Մեծ Պահքի իմաստի, Ավագ շաբաթվա իրադարձությունների, ինչպես նաև երիտասարդի ներաշխարհի, ինքնաճանաչողության և ժամանակակից մարտահրավերների մասին։ Հարց ու պատասխանների միջոցով մասնակիցները առավել խորությամբ ծանոթացան իրենց հավատքի հիմքերին և Եկեղեցու ավանդությանը։
Հավաքներին ներկա էին այդ երկրներում ծառայող հոգևորականներ՝ Նիդերլանդներում՝ Տ. Տարոն քահանա Թադևոսյանը, Տ. Մաշտոց քահանա Բաղդասարյանը և Տ. Սերովպե քահանա Էյլենջյանը, իսկ ԲԵլգիայում՝ Տ. Զատիկ վարդապետ Ավետիքյանը, Տ. Տիրայր վարդապետ Հակոբյանը և Տ. Մաղաքիա աբեղա Պեսքիմիզյանը։ Նրանք իրենց հոգևոր խորհրդածություններով և խոսքերով երիտասարդներին ուղղորդեցին դեպի անձնական հոգևոր կյանքի խորացում և ճանաչում։
Առանձնացման օրակարգում ներառված էին ինչպես աղոթքի և լռության պահեր, այնպես էլ համախմբող ծրագրեր՝ քննարկումներ, խմբային աշխատանքներ և ազատ շփում։ Դրանց միջոցով երիտասարդները ոչ միայն հոգևորապես զորացան, այլև ամրապնդեցին միմյանց հետ իրենց բարեկամական և համայնքային կապերը։
Երկու առանձնացումներն էլ ավարտվեցին կիրակնօրյա Սուրբ Պատարագով՝ նախագահությամբ Գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի։ Երիտասարդները մեծ երկյուղածությամբ մասնակցեցին արարողությանը, որը նրանցից շատերի համար դարձավ վերանորոգված հավատքի և Հայ Եկեղեցուն պատկանելիության կենդանի վկայություն։
Մամուլի հաղորդագրություն


















































