«105 տարի առաջ՝ Եվրոպայի կենտրոնում՝ Բեռլին քաղաքում, միջազգային իրավունքի տեսանկյունից եղավ արդարադատություն։ Թուրքիայի ռազմական դատարանը 1919-ին երիտթուրքերի կառավարության հիմնական ղեկավարներին դատապարտեց մահապատժի»,- Համահայկական հասարակական դաշինք նախաձեռնող խմբի անցկացրած՝ 105 տարի առաջ «Նեմեսիս» գործողությունն իրականացրած հայ ազգային-ազատագրական շարժման հերոս Սողոմոն Թեհլերյանի հիշատակին նվիրված հավաքի ժամանակ հայտարարեց Թուրքիայի ռազմածովային նախարար Ջեմալ փաշային գնդակահարած հայ վրիժառու Արտաշես Գևորգյանի թոռը՝ Արմեն Գևորգյանը։
Համահայկական հասարակական դաշինքի անդամները Երևանի Օղակաձև այգում տեղադրված Նեմեսիս հուշաղբյուր կոթողի մոտ հարգանքի տուրք մատուցեցին և ծաղիկներ խոնարհեցին՝ ի հիշատակ հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ Սողոմոն Թեհլերյանի։
105 տարի առաջ՝ 1921-ի մարտի 15-ին, Բեռլինի Շառլոտենբուրգ թաղամասի Հարդենբերգ փողոցում 25-ամյա Սողոմոն Թեհլերյանը «Նեմեսիս» գործողության շրջանակում սպանեց Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչներից մեկին՝ Թալեաթ փաշային։ Գերմանիայում ընթացող դատավարության ժամանակ Թեհլերյանն ազատ արձակվեց։
Կարդացեք նաև
Նախաձեռնող խմբի անդամ Թաթուլ Մանասերյանը Aravot.am-ի հետ զրույցում նշեց. «Սողոմոն Թեհլերյանի՝ Թալեաթ փաշայի հանդեպ գործած հաշվեհարդարի 105-րդ տարելիցն է, որը Հայ դատի կարևոր մասն է կազմում։ Համահայկական հասարակական դաշինքը կազմակերպել է այցելություն Նեմեսիս հուշարձան, որը բացառիկ տեղ է գրավում Հայաստանի հուշարձանների մեջ։ Անհատների՝ բազմաթիվ հասարակական կազմակերպությունների, մտավորականների ներկայությունն այս միջոցառմանը ինքնին խոսում է այն մասին, որ ՀՀ-ն, Հայաստան ասելով, ի նկատի ունի իր պատմական արմատները և այն խնդիրները, որոնք երբեք անցյալ չեն դառնում, քանի դեռ չեն լուծվել»։
Մեր այն դիտարկմանը՝ ինչպե՞ս կգնահատեք այն, որ ներկայիս իշխանությունները պատմական Հայաստանի գաղափարախոսությունը ստորադասում են իրենց բնութագրմամբ՝ իրական Հայաստանի գաղափարախոսությանը, Թաթուլ Մանասերյանը պատասխանեց․ «Մեզ համար այսօրվա իշխանություններն ընդամենը անհաջող, վարձու ծառայողներ են, որ մոռացել են իրենց իրական առաքելությունը, որ վարձված են հենց մեր՝ հասարակության, հարկատուների կողմից և իրենց լպիրշ կեցվածքով նաև արժանանում են առողջ զանգվածի շատ համարժեք վերաբերմունքին։ Մեզ համար ուղենիշը իրենք չեն, կամ իրենց համար, կամ ի հեճուկս նրանց որևէ բան անելը չէ, քանի որ նրանք շատ փոքրիկ են, որ որևէ կերպ համեմատություն անենք։ Իրենց հորինած երևույթներին կարծում եմ անգամ իրենց ընտանիքի անդամները չեն հավատում կամ հավանություն տալիս դրանց անդրադառնալուն»։
Արտաշես Գևորգյանի թոռը՝ Արմեն Գևորգյանն էլ Նեմեսիս հուշաղբյուրի մոտ հայտարարեց․ «Աշխարհում երեք կարևոր բան կա՝ արժանապատվություն, պատժի անխուսափելիություն և արդարադատություն։ Ոչ մեկը չի կարող այս երեք երևույթներից խուսափել։ Ես ձեզ ուզում եմ հիշեցնել, որ Թալեաթը՝ ներքին գործերի նախարարը, մի հրաման էր տվել երեխաների մասով, որ հայ երեխաներին պետք է կոտորել։ Հետո ցենզը փոխեց՝ իջեցրեց դեպի մեկ տարեկան երեխաների։ Այսինքն՝ աշխարհը գործ ունի մի մարդու հետ, որը կարող էր գաղտնի նման հրամաններ տալ՝ լինելով կառավարության անդամ։ Մենք արձանագրում ենք, որ Հայոց ցեղասպանությունը ոչ միայն հայերի նկատմամբ էր իրականացված, այլև դա համամարդկային ոճրագործություն է։ Մենք՝ հայերս և մեր հայորդիները, գտան իրենց մեջ այդ մեծ ուժը, որ վերականգնեն գոնե այդ բարոյական կերպարը հայերի, որը մենք կորցրել էինք»։
Սողոմոն Թեհլերյանի հիշատակին նվիրված հավաքից հետո Համահայկական հասարակական դաշինքը հուշագրեր ստորագրեց «Նեմեսիսի մահապարտներ», «Պատրիոտ դաշինք», «Հայոց աշխարհազոր» ռազմաքաղաքական դաշինքների հետ։
Մեզ հետ զրույցում այս առիթով Թաթուլ Մանասերյանը տեղեկացրեց․ «Սա մի մասն է մեր դաշինքի․ մենք յոթ հիմնական շերտերով ենք, որոնք են երիտասարդությունը, հայոց կանայք, մտավորականները, ռազմաքաղաքական միավորումները, հասարակական գործիչները, հրամանատարները, որոնք ավանդ ունեն հայոց պետականության կայացման մեջ, արցախահայությունը, հոգևոր դասը և սփյուռքը»։
Հուշագրերի ստորագրման արարողությունից հետո տեղի ունեցավ Համահայկական հասարակական դաշինքի հերթական նիստը։ Քննարկվեցին օրակարգային հարցեր, օրինակ՝ հաջորդ միջոցառման կազմակերպումը, որը նվիրված կլինի անվտանգությանն առնչող խնդիրներին»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ




















































