Գյումրու ավագանու «Իմ հզոր համայնք» խմբակցության ղեկավար, պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը Aravot.am-ի հետ զրույցում, մեկնաբանելով ադրբեջանցիների՝ Ամասիայում ազատ, տանտիրոջ իրավունքով շրջելը, այնուհետ Գյումրու սրճարաններից մեկում կերուխում անելն ու նկարահանումներ կատարելը, Հայաստանի տարածքը հայրենիք անվանելը, ասաց, որ ի տարբերություն Հայաստանի իշխանությունների՝ Ադրբեջանի քաղաքականությունը երբեք չի փոխվել, նրանք երբեք էլ չեն թաքցրել, որ իրենց խնդիրը «Արևմտյան Ադրբեջան» ստեղծելն է։
«Իրենք երբեք էլ չեն թաքցրել՝ ամեն ինչ անելու են, որ վերադառնան, իսկ բառիս բուն իմաստով ոչ թե վերադառնան, այլ գան, զավթեն, բնակվեն, քիչ-քիչ բերեն Ադրբեջանից մարդիկ։
Տեսեք, հատուկ զինվորական օպերացիաներ հիմա աշխարհում շատ են տեղի ունենում, իսկ մեկ տարի առաջ՝ ընտրությունների ընթացքում, մենք բոլորս հայտարարում էինք՝ արդյո՞ք դուք պատրաստ եք, որ տասնյակ հազարավոր ադրբեջանցիներ պետք է բնակություն հաստատեն Հայաստանում, գան, ապրեն ձեր կողքը, ձեր երեխաների հետ դպրոց գնան։ Մեզ ասում էին՝ դուք չափազանցնում եք, խտացնում եք գույները։
Փաստ է, որ այդ մարդիկ այսօր կարող են այստեղ հանգիստ ման գալ, ինչ-որ մի օր կարողանալու են այստեղ, ըստ իրենց, հանգիստ ապրել։
Կարդացեք նաև
Եվ ես հիմա ձեզ մի սցենար եմ ասելու․ վերջին 8 տարվա ընթացքում ինչ ասել եմ, ցավոք սրտի, այդպես էլ եղել է․ պատկերացրեք՝ ադրբեջանական 100 ընտանիք տեղափոխվում է, օրինակ, Շիրակի մարզի գյուղերից մեկը, արհեստական մի խնդիր են ստեղծում, որից հետո Ադրբեջանը հայտարարում է, որ իր հայրենակիցներին պաշտպանելու համար պարտավոր է հատուկ զինվորական գործողություն իրականացնել։ Մենք աշխարհի պրակտիկայով արդեն վերջին 4-5 տարիների ընթացքում տեսնում ենք, որ դա տեղի է ունենում։
Այնպես որ, Հայաստանի Հանրապետության բնակչությունը, 2026 թվականի հունիսի ընտրություններին քվեարկության խցիկ մտնելով, առաջին բանը, որը պիտի մտածի՝ ինչպիսի Հայաստանում է ինքը ուզում ապրել․ ուզում է ապրել Հայաստանի Հանրապետությունո՞ւմ, թե՞ ուզում է ապրել «Արևմտյան Ադրբեջանում»։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ


















































