1998թ․ դեկտեմբերի 10-ին՝ Երևանում՝ իր բնակարանի շքամուտքում պաշտպանության նախկին փոխնախարար Վահրամ Խորխոռունու սպանության դեպքից 27 տարի անց մեղադրյալի աթոռին հայտնված Սասուն Առուշանյանը շուրջ մեկ ամիս է, ինչ ազատության մեջ է։
Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ դատավոր Արտակ Կարապետյանի նախագահությամբ, որոշել է փոխել Առուշանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ վերացնելով տնային կալանքը և կիրառելով վարչական հսկողությունը՝ միևնույն ժամանակ անփոփոխ թողնելով խափանման միջոցներ բացակայելու արգելքը և գրավը՝ 15․000․000 մլն դրամի չափով։
Նշենք, որ Առուշանյանն ի սկզբանե կալանքի տակ էր, դատարանը ամիսներ առաջ փոխել էր նրա խափանման միջոցը՝ կիրառելով տնային կալանք, ինչն այժմ նույնպես վերացվել է։ Դատարանը, գնահատելով խոչընդոտման հավանականությունը, նկատել է, որ մեղադրյալի ենթադրյալ հանցակիցներից մեկը գտնվում է հետախուզման մեջ, իսկ մյուսը մահացած է։
«Բացի այդ, այն պայմաններում, երբ երկրորդ անգամ ձերբակալվելուց հետո Սասուն Առուշանյանի նկատմամբ անզատության հետ կապված խափանման միջոց կիրառելը մեծապես կապվել է Սասուն Առուշանյանի կողմից վկաների վրա ապօրինի ազդեցություն գործադրելու հավանականության հետ, ապա Դատարանի ուշադրությունից չի կարող վրիպել այն հանգամանքը, որ վկաների մի մասն արդեն մահացել են, մի մասի կա՛մ գտնվելու վայրը հայտնի չէ․ կա՛մ գտնվում են ՀՀ-ից դուրս, կա՛մ նրանք ՀՀ-ում հաշվառում չունեն։
Կարդացեք նաև
Այս ամենը՝ անգամ սույն գործի պարագայում, ունի առանցքային նշանակություն՝ մեղադրյալի կողմից վկաների վրա ներազդելու հավանականությունը գնահատելու տեսանկյունից, և նման պայմաններում Դատարանի գնահատմամբ խոսք չի կարող գնալ մեղադրյալի կողմից գործով անցնող անձանց վրա ազդեցություն գործադրելու բարձր հավանականության մասին։ Ի վերջո չպետք է մոռանալ նաև այն, որ Սասուն Առուշանյանին վերագրվող արարքները կատարվել են ավելի քան քսանյոթ տարի առաջ, և կարող է քննարկվել նաև նրան վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով քրեական պատասխանատվությունից ազատելու հարց, ինչը ևս նշանակալից գործոն է՝ գնահատելու համար մեղադրյալի կողմից վկաների վրա ներազդելու հավանականության աստիճանը»,- նշված է դատական ակտում։
Ինչ վերաբերում է այն փաստարկին, թե հետախուզման մեջ գտնվող մեղադրյալ Հրայր Նարիմանյանը նախկինում քրեակատարողական հիմնարկից նամակ է ուղարկել Սասուն Առուշանյանին, որով հայտնել է մի շարք հանգամանքներ, որոնք կարող են վկայել Սասուն Առուշանյանի կողմից ապացուցման գործընթացին միջամտելու մասին, ապա, դատարանը նշել է, որ այդ իրադարձությունն ունի տասնամյակների վաղեմություն, ըստ այդմ՝ այն չի կարող վկայել Սասուն Առուշանյանի կողմից ներկայումս գործի քննությանը խոչընդոտելու բարձր հավանականության մասին։ Ավելին՝ Սասուն Առուշանյանին երկրորդ անգամ արգելանքի վերցնելուց հետո չի արձանագրվել նրա կողմից խափանման միջոցի պայմանները խախտելու որևէ դեպք։
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում։


















































