📍Պատերազմի երկրորդ շաբաթում ռազմական ենթակառուցվածքներից բացի, առաջին պլան է մղվել էներգետիկ, տնտեսական, ֆինանսական ենթակառուցվածքների թիրախավորումը: Եթե Իրանի կողմից նման ենթակառուցվածքների թիրախավորման առաջնային նպատակը պատերազմի համաշխարհային տնտեսական հետևանքների մեծացումն է, ապա Իրանում այդպիսի ենթակառուցվածքների թիրախավորումը համակարգի տնտեսական հիմքերի թուլացման նպատակ է հետապնդում:
📍Ամերիկյան վերլուծական շրջանակներում կան գնահատականներ, որ, քանի որ ղեկավարության գլխատման միջոցով Իրանում կոլապս առաջացնելու սցենարը չի աշխատել, և ԱՄՆ-ն պատերազմից դուրս գալու պլան չունի, ապա Թրամփը կարող է գնալ էսկալացիայի։ Ըստ նրանց՝ մյուս ելքն այն է, որ Թրամփը որոշի հաղթանակ հռչակել ու դուրս գալ պատերազմից, բայց ԱՄՆ նախագահը երեկ ասել է՝ չունի նման մտադրություն:
📍Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակը շարունակում է լարված մնալ։ Նեղուցի սահմանափակումը Իրանի կիրառած արդյունավետ լծակներից է։ Թրամփը «նեղուցի անվտանգությունն ապահովելու համար» դիմել է 7 երկրի: Նա զգուշացրել է, որ ՆԱՏՕ-ին սպասվում է «շատ վատ» ապագա, եթե ԱՄՆ դաշնակիցները չաջակցեն այդ հարցում: Թրամփը միաժամանակ ասել է, որ ԱՄՆ-ն նեղուցի կարիքը չունի, և մյուս երկրները պետք է շահագրգռված լինեն դրա բաց լինելով:
📍Այլ ճակատներում իրավիճակը ևս կարող է սրվել։ Ուղղություններից մեկը կարող է լինել Բաբ էլ-մանդեբի նեղուցը, եթե Եմենի հութիները իրագործեն նեղուցը փակելու իրենց սպառնալիքը: Իրադրությունն արդեն իսկ ճգնաժամային է Լիբանանում, որտեղ Իսրայելը և՛ ավիահարվածներ, և՛ ցամաքային գործողություններ է իրականացնում:
📍Պատերազմի դադարեցման վերաբերյալ իրանական կողմի հռետորաբանությունը հետևյալն է. Իրանը այս փուլում հրադադարի չի ձգտում, քանի որ դա լինելու է կիսատ հրադադար և կրկնվելու է «հրադադար – բանակցություն – պատերազմ» շրջափուլը: Ուստի Իրանը ձգտում է հրադադարի, որը կլինի վերջնական և Իրանին կտա երաշխիքներ, որ իր դեմ ագրեսիա այլևս չի իրականացվի: Այս նպատակին Իրանը ցանկանում է հասնել ընթացիկ պատերազմի գինը բարձրացնելով ու հակառակորդներին ու նրանց դաշնակիցներին հնարավորինս շատ վնասներ պատճառելով՝ անգամ իր համար ամենածանր կորուստների գնով։
📍Իսրայելի դեպքում էլ է նպատակը «նույնական»՝ Իրանին պատճառել հնարավորինս շատ վնաս, որ այս երկիրն այևս չկարողանա Իսրայելի շահերի համար սպառնալիք լինել:
📍Իրանում ինտերնետը շարունակում է անջատված մնալ, բայց այն մարդիկ, ովքեր կարող են իշխանության ձայնը լինել (պաշտոնյա, փորձագետներ), նրանք ինտերնետին հասանելիություն ունեն։ Իրանի իշխանությունների համար ներքին կայունությունը պահպանելը շարունակում է մնալ առաջնահերթություններից։ Դրա համար համակարգի աջակիցների ամենօրյա հանրահավաքներ են կազմակերպվում։ Վերջին օրերին հաղորդվում են նաև լրտեսների, «հակահեղափոխականների», «կասկածելի տարրերի» ձերբակալությունների մասին։ Ձերբակալվողների թվում են նաև ընդդիմադիր լրատվամիջոցներին տարատեսակ լուսանկարներ, տեսանյութեր ուղարկողները:
Ներիրանական հետաքրքիր զարգացումներից է այն, որ վարչակարգին դեմ լինող իրանցիների թվում նկատվում է պատերազմը մերժելու միտում: Ոմանք մեկնաբանում են, որ Ալի Խամենեիի սպանությունից հետո դեմ են պատերազմի շարունակմանն ու ոչ ռազմական ենթակառուցվածքների թիրախավորմանը:
📍Մոջթաբա Խամենեիի առողջական վիճակի մասին քննարկումները շարունակվում են. լուրջ մարմնական վնասվածքներից մինչև իսկ կոմայի մասին լուրեր են շրջանառվում։ Անկախ նրանից, թե ինչ վիճակում է Խամենեին՝ վարչակարգին հաջողվել է նրա անվան կիրառմամբ ստեղծել համակարգի կայունության ու շարունակակության պատկեր: Բայց այդ ֆոնին ավելի տեսանելի է դառնում Իրանում ուժային ու պահպանողական գծի ակտիվ դերակատարումը, որը հետագայում համակարգի ավելի կարծրացմանը կարող է հանգեցնել։
(Այստեղ առայժմ միայն արձանագրենք , որ շատ ակնառու է դարձել նախկին ԻՀՊԿ-ական, այժմ խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի դերակատարման ակտիվացումը: Դեռ պատերազմի առաջին օրերին խորհրդարանի փոխնախագահը հայտնել էր, որ Ղալիբաֆը մասնակցում է պատերազմական գործողությունների պլանավորմանը, և գուցե դրանով էր պայմանավորված նաև «Ղոդսի օրվա» երթին նրա բացակայությունը):
«Իրանն այսօր» տելեգրամյան ալիք


















































