«Կլինիկական մահ» ախտորոշմամբ հիվանդանոց տեղափոխված մեկ տարեկան երեխային ծեծի ենթարկած ու ձերբակալված կինը երեխայի մոր ընկերուհին է։ Այս մասին Aravot.am-ին պատմեց 1 տարեկան երեխայի ազգականներից մեկը, որը չցանկացավ, որ անունը հրապարակենք։
Նա պատմեց, որ երեխայի մայրը վերջերս էր ամուսնալուծվել ամուսնուց։ Նրանք համատեղ, բացի տուժած 1 տարեկան տղայից, ունեն չորսամյա աղջիկ, որը այս ընթացքում բնակվում է մորական տատիկի, պապիկի տանը։
Երեխային խոշտանգած կինը միջին տարիքի է՝ մոտ 40 տարեկան, ունի այլ երեխաներ։ Ըստ մեր զրուցակցի՝ երեխային ծեծած կինը այժմ երեխայի հոր հետ է ապրում։ Մեր զրուցակիցը պատմեց նաև, որ երեխայի կենսաբանական մայրը, ամուսնալուծությունից հետո, բնակարան է փնտրում, զուգահեռ նաև աշխատանք, որ երկու երեխաների հետ տեղափոխվի այլ բնակարան։
Իսկ մինչ այդ բնակվում է այն նույն տանը, որտեղ ապրում են երեխային ծեծի ենթարկած կինը և երեխայի հայրը։ Երեխային բժշկական կենտրոն է տեղափոխել հենց երեխայի հայրը։ Ըստ մեր զրուցակցի՝ երեխայի մայրը դեպքի պահին տանը չի եղել։ «Այնքան խառն է, էլ չգիտեմ՝ երեխայի մոր ընկերուհի, երեխայի խորթ մայր… աբսուրդ է, չեմ պատկերացնում՝ բանական մարդը ուղղակի չէր կարող այսպիսի անբանական քայլի դիմել»,- հավելեց մեր զրուցակիցը։
Կարդացեք նաև
Նա ասաց, որ իր տեղեկություններով երեխան դեռ ծանր վիճակում է, ստացել է գանգուղեղային վնասվածք․ «Բժիշկները դեռ ոչ մի բան չեն ասում վիճակի մասին»։
Հիշեցնենք, որ ըստ shamshyan.com-ի՝ մարտի 16-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Կեսգիշերից անց «կլինիկական մահ» ախտորոշմամբ Երևանի «Արաբկիր» բժշկական կենտրոն է տեղափոխվել տղա երեխա;
Բժիշկները մոտ 1 ժամ անհրաժեշտ բուժօգնություն ցուցաբերելուց հետո կարողացել են երեխայի սրտի աշխատանքը վերականգնել, սակայն երեխան դեռ գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































