Լրահոս
Օրվա լրահոսը

«Սա ինձ համար չսպասված որոշում էր, որովհետև այս գործով առկա են բավականին իրավական բացեր». ՀԿԴ դատավոր Վահե Դոլմազյանը մեղադրական վերդիկտ կայացրեց

Մարտ 16,2026 21:23 Share

Հակակոռուպցիոն դատարանում հրապարակվեց նախկին դատավոր Արուսյակ Ալեքսանյանի, նրա օգնական Թամարա Պետրոսյանի և փաստաբան Էրիկ Ալեքսանյանի գործով վերդիկտը։

Երեք տարուց ավելի դատաքննություն իրականացրած դատավոր Վահե Դոլմազյանը մեղսագրված հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու մեջ մեղավոր ճանաչեց բոլոր երեք մեղադրյալներին էլ։ Միևնույն ժամանակ, նկատի ունենալով այն հանգամանքը, որ դատարանը հրապարակեց մեղադրական վերդիկտ, հանրային մեղադրողի միջնորդությամբ քննարկեց նաև խափանման միջոցը։ Բոլորի նկատմամբ կիրառված գրավի խափանման միջոցին դատարանը համակցված կիրառեց նաև բացակայելու արգելք խափանման միջոցը՝ պայմանավորված այն հանգամանքով, որ արդեն մեղադրական վերդիկտ է կայացրել։

Հաջորդ դատական նիստը նշանակվեց ապրիլի 9-ին, որի ժամանակ արդեն կքննարկվեն պատժի հետ կապված հարցերը և կկայացվի դատավճիռը։ Պաշտպանական կողմը միահամուռ մտադիր է դատարանի այս վճիռը անպայման բողոքարկել։

«Սա ինձ համար չսպասված որոշում էր, որովհետև այս գործով առկա են բավականին իրավական բացեր։ Մասնավորապես, Էրիկ Ալեքսանյանին մեղսագրվում է Արուսյակ Ալեքսանյանի լիազորությունների անցմանը օժանդակություն։ Փաստն այն է, որ ըստ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին որոշման՝ իբրև դատավոր Արուսյակ Ալեքսանյանը տեղեկացված է եղել գործի վերամակագրման մասին։ Այսինքն՝ որ այլևս ինքը չպետք է քննարկի խափանման միջոցի վերաբերյալ միջնորդությունը և այդ պայմաններում անցել է իր լիազորությունները՝ գործը պահել է իր մոտ, քննել է և որոշում է կայացրել։

 

Այստեղ իրավական և փաստական մեծ խնդիրներ կան։ Այդ ժամանակ դատարանի նախագահի ժ/պ եղել է դատավոր Գագիկ Պողոսյանը։ Ամենամեծ խնդիրը, թերևս, այն է, որ վերամակագրման թերթիկը չի հասել «Աջափնյակ» նստավայր, որտեղի դատավոր տվյալ պահին հանդիսացել է Արուսյակ Ալեքսանյանը։ Վերամակագրման թերթիկը չի գնացել դատարան, որևէ մեկը չի եկել, Արուսյակ Ալեքսանյանին ցույց չի տվել վերամակագրման թերթիկը, չի ասել՝ գործը տվեք։ Ավելին, գործով հիմնավորվում է, որ վերամակագրման թերթիկի խնդիր է եղել էլեկտրոնային փոստի հետ կապված։ Խոսքը վերաբերում է «Կենտրոն» նստավայրին։ Էլեկտրոնային փոստի զննություն էլ է իրականացվել, և նամակը՝ վերամակագրման թերթիկը չի եկել, հասել «Աջափնյակ» նստավայր։

Եվ այս պարագայում, երբ որ Արուսյակ Ալեքսանյանն առհասարակ տեղեկացված չի եղել, որ X անձի կալանքի գործի վերաբերյալ միջնորդությունը վերամակագրվել է և այլ դատավոր պետք է քննարկի, ինչպե՞ս է դատավորն անցել իր լիազորությունները։ Չկա այդ հարցի պատասխանը։ Ու այս պայմաններում դատավոր Դոլմազյանը մեղադրական վերդիկտ կայացրեց բոլոր երեք մեղադրյալների նկատմամբ»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Էրիկ Ալեքսանյանի պաշտպան Գայանե Պապոյանը։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031