«Անվտանգությունն առաջիկա տարիներին մնում է Հայաստանի գլխավոր խնդիրներից մեկը։ Հայաստանին անհրաժեշտ է մարտունակ բանակ, ուժեղ առաջնորդ և հզոր դաշնակից, որպեսզի համատեղ ուժերով չեզոքացվեն բոլոր սպառնալիքները։ Հայաստանի արտաքին քաղաքականությունը պետք է լինի կանխատեսելի, հասկանալի և մերժի մեծ տերությունների հակասությունների վրա խաղալու տարբերակը»,- «Հայաստան» դաշինքի այսօր կազմակերպած միջոցառման ժամանակ հայտարարեց առաջիկա ընտրություններում դաշինքի վարչապետի թեկնածու, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
Հիշեցնենք, այսօր պաշտոնապես հայտարարվեց, որ ՀՅԴ-ն, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, «Առաջ» կուսակցությունը և հասարակական տարբեր շրջանակներ առաջիկա ընտրություններին կմասնակցեն մեկ դաշինքով։
Դաշինքի վարչապետի թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է։
«Հիշեցնեմ՝ հենց այդ մոտեցումն ապահովեց Հայաստանի ամենախաղաղ տարիները իմ նախագահության օրոք։ Այսօր հայտարարում եմ, որ կարող եմ ապահովել մեր անվտանգության մոդելի բացարձակ հուսալի ձևաչափ։ Մենք կողմ ենք Ադրբեջանի հետ խաղաղությանը, բայց այդ խաղաղությունը պետք է հիմնված լինի ոչ թե «պապայիս արև» մոդելի, այլ անվտանգության իրական երաշխիքների վրա։ Դա հատկապես կարևոր է այն պայմաններում, երբ իրավունքի ուժն աշխարհում փոխարինվել է ուժի իրավունքով»,- շարունակեց Ռոբերտ Քոչարյանը։
Կարդացեք նաև
Խոսելով ներհայաստանյան խնդիրների և երկրում աղքատության մակարդակի մասին, Ռոբերտ Քոչարյանն ասաց․ «ՀՀ քաղաքացին աղքատ է, ոչ թե նրա համար, որ «աղքատությունն իր գլխում է» (Նիկոլ Փաշինյանն է այդ կարծիքին – Ն․ Գ.), այլ որովհետև աղքատությունը վարչապետի գլխում է»։
Մանրամասները՝ տեսանյութում
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































