«Մեզ փորձում են համոզել, որ Արցախի կորուստն անկախություն է, իսկ ինքնությունից հրաժարումը՝ խաղաղություն։ Ուստի, առաջիկա ընտրությունները պարզապես տնտեսական ծրագրերի կամ լոկ լավ սոցիալական խոստումների մասին չեն։ Այս ընտրություններում հայ ժողովուրդը կանգնած է շատ ավելի խորքային ընտրության առաջ՝ սեփական անցյալը չուրացող և ինքնությունը պահպանող ինքնիշխան Հայաստա՞ն, թե «Արևմտյան Ադրբեջան», որտեղ մեզ կստիպեն փոխել մեր Սահմանադրությունը, ուրանալ մեր սրբությունները և քանդել մեր ինքնության հիմնասյուները։ Հայաստա՞ն, թե՞ «Արևմտյան Ադրբեջան»․ ընտրությունը շատ հստակ է, շատ պարզ»,- «Հայաստան» դաշինքի կազմակերպած միջոցառման ժամանակ իր ելույթում ասաց պատգամավոր Աննա Գրիգորյանը։
Հիշեցնենք, այսօր պաշտոնապես հայտարարվեց, որ ՀՅԴ-ն, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, «Առաջ» կուսակցությունը և հասարակական տարբեր շրջանակներ առաջիկա ընտրություններին կմասնակցեն մեկ դաշինքով։
Դաշինքի վարչապետի թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է․ այդ մասին հենց Աննա Գրիգորյանը հայտարարեց։
Բանախոսն իր խոսքի սկզբում նկատեց՝ անկախությունից ի վեր առաջին անգամ հայ մարդը գնալու է ընտրատեղամաս մի իրավիճակում, երբ հազարամյակներով բնակեցված Արցախում ոչ մի հայ չի ապրում, երբ մեր երկրի տարածքներն օկուպացված են, մեր հայրենակիցները շարունակում են գտնվել Բաքվի բանտերում, իսկ այս վարչախումբն էլ նախաձեռնել է համակարգված պայքար՝ մեր ազգային ինքնության դեմ։
Կարդացեք նաև
Աննա Գրիգորյանը վստահ է՝ հայ ժողովուրդն ընտրելու է Հայաստանը, որտեղ Արցախի մասին խոսելը չի համարվում սադրանք, իսկ սեփական եկեղեցին պաշտպանելը՝ հնամոլություն․ «Այն Հայաստանը, որտեղ պարտությունը դատավճիռ չէ և պարտությանը գերի չեն դառնում։ Այն Հայաստանը, որտեղ ոչ ոք չի կարող մեզ պարտադրել փոխել մեր Սահմանադրությունը, ոտնատակ տալ մեր Անկախության հռչակագիրը, մեր ծննդյան վկայականը։ Այն Հայաստանը, որտեղ Արցախ ասելուց հետո ներողություն չեն խնդրում, որտեղ պատմական փաստերը ցենզուրայի չեն ենթարկվում, տաբու չեն դառնում, որտեղ Ցեղասպանությունը հարցականի տակ չեն դնում և չեն ուրանում։ Ես վստահ եմ, որ ժողովուրդն ընտրելու է այն Հայաստանը, որտեղ պետական խորհրդանիշները, ինչպիսին Արարատն է, մեր հպարտությունն է և ոչ թե բեռը, որից պետք է ազատվել։ Որտեղ չեն պատերազմում սեփական եկեղեցու դեմ այնպես, ինչպես նույնիսկ թուրքերն ու մոնղոլ-թաթարները չէին համարձակվի, և այն Հայաստանը, որտեղ ընտանիքը, ավագ սերնդի նկատմամբ հարգանքը, հավատքը և ազգային ինքնությունը մեր արժեքներն են և ոչ՝ թիրախը»։
Հավելեց նաև՝ ոտքի ենք կանգնելու, ամուր ու մրցունակ պետություն ենք կառուցելու՝ չդավաճանելով մեր պատմությանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































