Հակակոռուպցիոն դատարանում, դատավոր Արամ Գրիգորյանի նախագահությամբ, այսօր ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի կնոջ գործով դատական նիստն էր։ Դատարանն այսօր քննեց մեղադրյալներից Աննա Բադալյանի պաշտպան Ինեսա Պետրոսյանի միջնորդությունը՝ Բադալյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու ու գործը կարճելու վերաբերյալ։
Ինեսա Պետրոսյանը որպես հիմք ներկայացրեց այն հանգամանքը, որ Բադալյանի նկատմամբ փաստացի դեռևս 01.12.2023-ին է սկսվել քրեական հետապնդում, երբ վերջինս հրավիրվել է որպես վկա հարցաքննության, բայց քրեական վարույթի շրջանակներում հարցաքննվելիս վարույթ իրականացնող մարմնի կողմից ծանուցվել է կասկածյալի պարտականությունների մասին։
Ըստ փաստաբանի՝ այդ ժամանակահատվածից Բադալյանը գտնվել է կասկածյալի, մեղադրյալի կարգավիճակում։ Բացի այդ, ըստ Պետրոսյանի՝ հաշվի առնելով, որ Բադալյանին մեղսագրված է ոչ մեծ, միջին ծանրության հանցանքների կատարում և այդ արարքների համար նախատեսված քրեական հետապնդման ենթարկելու վաղեմության ժամկետները վաղուց լրացել են, հետևաբար պետք է քրեական վարույթը կարճվի ու քրեական հետապնդումը դադարեցվի։
Մեղադրող դատախազն առարկեց՝ պնդելով, որ տվյալ դեպքում Բադալյանի նկատմամբ քրեական հետապնդումը հարուցվել է 2026-ի փետրվարի 3-ին։ Ըստ դատախազի՝ պաշտպանի միջնորդությունը ենթակա է մերժման, քանի որ վաղեմության ժամկետի ընդհատում տեղի չի ունեցել։
Կարդացեք նաև
Ինեսա Պետրոսյանի ներկայացրած միջնորդության վերաբերյալ դիրքորոշում հայտնեց նաև Ռուզաննա Խաչատրյանի պաշտպան Հայկ Ալումյանը. «Եթե մեղադրողն ասում է՝ փաստացի քրեական հետապնդում չի իրականացվել, ես ուզում եմ հասկանալ՝ ինչ նկատի ունի մեղադրողը, եթե արձանագրություններում հստակ նշված է, Բադալյանն ասում է, որ ինձ պատշաճ ծանուցվել է, որ քրեական հետապնդում է իմ նկատմամբ իրականացվում»։
Դատարանը լսելով կողմերին՝ որոշեց մերժել Ինեսա Պետրոսյանի միջնորդությունը, նիստը հետաձգվեց։
Հիշեցնենք, որ Սեյրան Օհանյանի կնոջը՝ Ռուզաննա Խաչատրյանին, մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2021 թվականի դեկտեմբերի 13-ից 2022 թվականի հունիսի 23-ն ընկած ժամանակահատվածում կազմակերպել և ղեկավարել է Աննա Բադալյանի և Կարինե Մարգարյանի կողմից քաղաքացիական գործով ապացույցներ կեղծելը, կազմակերպել և ղեկավարել է Աննա Բադալյանի կողմից քաղաքացիական գործով արգելանքի տակ գտնվող գույքերի նկատմամբ ապօրինի գործողությունների կատարումը, ինչը դրսևորվել է այդ գույքերը ապօրինի օտարելով, ինչպես նաև 2022 թվականից մինչև 2024 թվականն ընկած ժամանակահատվածում, հանդիսանալով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձ, իր կողմից ներկայացված հայտարարագրերում թաքցրել է հայտարարագրման ենթակա 2 անշարժ գույքերի վերաբերյալ տվյալները, ինչը հանգեցրել է առանձնապես խոշոր չափերով գույքերի չհայտարարագրմանը։
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































