Լրահոս
Օրվա լրահոսը

Րաֆֆի Հովհաննիսյան. «Կծիկն այնքան ձիգ է կապված, որ խնդիրն այն է, թե ընտրություններից հետո որ կողմից պետք է սկսենք քանդման գործընթացը»

Մարտ 16,2026 23:03 Share

«Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը «Հայելի» ակումբում խոսելով հունիսի 7-ին ընտրություններով գործող քաղաքական ուժին հեռացնելու պարագայում նոր իշխանության առջև հառնող խնդիրները լուծելու մասին՝ ասաց․ «Այդ կծիկն այնքան ձիգ է կապված, որ խնդիրն այն է, թե որ կողմից պետք է սկսենք քանդման գործընթացը։ Բոլոր եղանակներով պետք է քանդենք և պետք է կարողանանք լուծումներ գտնել։

Իրավունք հասկացությունը այսօր իսպառ վերացել է Հայաստանի իշխանական տարապատկերից։ Եվ հետևես, թե չհետևես նրանց խոսքին, գործին, հռետորաբանությանը, այնտեղ տեսնում ես, որ ոչ մի նշույլ իրավունք չկա՝ ոչ անձնական, ոչ հավաքական առումներով։ Դա երևում է ամեն տեղ՝ թե միջազգային ելույթների ժամանակ, թե քաղաքացիների հետ շփումների ընթացքում։ Եվ այդ իրավունքի գիտակցությունն է, որ մենք պիտի կարողանանք ընտրություններով, զուգահեռ գործողություններով քայլ առ քայլ հետ բերել։ Իրավունք, որը զիջվել է, հանձնվել է միակողմանի ու միանշանակ։ Եթե այդպես շարունակվի, այո, թե թանգարան կփակվի, թե Մատենադարան։ Փառքի անկյունները դպրոցներում արդեն իրենց հերթին, դասագրքերը, այն, ինչ գտնվում է իրենց քարոզչական փոքրիկ կրծքանշանից դուրս։ Եթե այդ կրծքանշանից դուրս որևէ բան լինի՝ գաղափար, միտք, քաղաքակրթություն, իրավունք, ժառանգություն, դա պիտի իսպառ բացակայի։

Այս շրջանը, որ մենք ապրում ենք և որին գնում ենք ընդառաջ՝ ընտրական և ոչ ընտրական, ինչ էլ լինի, իսկապես ընտրություն է Հայաստանի, հայ մարդու՝ մի կողմից ինքնության, ինքնիշխանության, պետականության, ապագայի, և մյուս կողմից՝ այդ ամեն ինչի մոռացության, զիջման և ստորացման միջև։

Ես այդ մարդու ելույթներին բառացի չեմ հետևում։ Լրահոսից եմ հասկանում։ Դա նոր բան չէ, օրիգինալ միտք չէ։ Եվ ճիշտ է այն մոտեցումը, որ դա զեկուցում էր, որ հաշվետվություն էր օտար մայրաքաղաքներում բազմած Հայաստանի նոր տերերին։ Եվ ցույց էր տալիս, որ իր իշխանության կամ իշխանիկության դեպքում կշարունակեն իրենց ամբողջական, համապարփակ պրեսինգը հայոց ինքնության, տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և հայ մարդու դեմ, և կարիք չկա հավելյալ մի հատ փամփուշտ արձակելու դրա համար։ Եվ մեզ հրավիրում է այդ ստորացման վերջին կետին, որ եթե այդպես շարունակվի, իր ենթադրյալ հաջորդ շրջանում Սյունիքը իսկապես ըստ էության կդառնա «Արևմտյան Ադրբեջան»։

Հայաստանի անգամ ամենատարրական, պրիմիտիվ Հանրապետությունը իր օրոք չի կարող գոյատևել։ Այստեղ Բաքվի երևանյան վիլայեթն է, նահանգն է և ինքն է նահանգապետը։ Եվ ինքն էլ իր եղանակով մեր ժողովրդին առաջարկում է՝ հանձնվեք, հաշտվեք, լռեք, և ես ձեզ կբերեմ այնպիսի վիճակ, որ թող չլինի Մատենադարան, թող չլինի արժեք, պատմություն, պատմագրություն և այլն։ Այսինքն՝ այնպիսի նահանգ, որը կարող է Հայաստան կամ ուրիշ բան կոչվել, որը գտնվում է այստեղ՝ Արագած լեռան լանջին»։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031