«Արմավիր» ՔԿՀ-ում ինքնասպանություն գործած 53-ամյա տղամարդու մահվան դեպքով Քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝Քրեական օրենսգրքի 162-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (ինքնասպանության հասցնելը): Կատարվում է նախաքննություն: Այս մասին Aravot.am-ին հայտնեցին Քննչական կոմիտեից:
Քրեակատարողական հիմնարկի հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանն էլ մեր զրույցում հայտնեց, որ այսօր կախված վիճակում հայտնաբերված կալանավորը մի քանի օր առաջ էր կալանավորվել: Նա հաստատեց տեղեկությունը, որ կախված հայտնաբերված տղամարդու հետ նույն խցում եղել են եւս երեք հոգի: Վերջիններս նույն խցում են, խցից չեն տեղափոխվել այլ վայր:
Այսօր կախված վիճակում հայտնաբերված տղամարդը ավելի կոնկրետ մարտի 13-ին էր կալանավայր տեղափոխվել: Ըստ մամուլի որոշ տեղեկությունների, վերջինս բռնաբարության մեղադրանքով էր կալանավայրում: Թեեւ մեզ չհաջողվեց պաշտոնական հաստատում ստանալ, բայց բոլոր ժամանակային տվյալներով, կալանավայրում կախված հայտնաբերվածը Լոռու մարզում իր հարեւանությամբ ապրող անչափահաս աղջկա նկատմամբ սեռական բռնի գործողություններ կատարած տղամարդն է:
Այդ դեպքի վերաբերյալ Քննչական կոմիտեն ավելի վաղ հայտնել էր, որ նախաքննության ընթացքում պարզվել է, որ առերևույթ հանցագործություն կատարած անձը տարբեր պատրվակներով զանգահարել է իր հարևանությամբ բնակվող անչափահասին և փորձել հանդիպել: Հերթական անգամ՝ կոնֆետ հյուրասիրելու մտացածին պատրվակով, անձն անչափահասին նստեցրել է ավտոմեքենան և տեղափոխել այլ վայր, որտեղ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել նրա նկատմամբ:
Կարդացեք նաև
Անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 199-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (սեքսուալ բնույթի գործողություններին հարկադրելը), կալանավորվել է:
Ի դեպ՝ Նոնա Նավիկյանը մեզ հետ զրույցում հայտնել էր, որ կախված վիճակում հայտնաբերված կալանավորը 1973 թվականին ծնված տղամարդ է:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































