Հայ ազգային կոնգրեսի համագումարից հետո շատ բնական է, որ պիտի ակտիվանային նիկոլական քարոզիչները, որոնք իրենց դաստիարակության, ինչպես նաեւ մտավոր ու մշակութային պատկերացումների շրջանակներում պետք է թիրախավորեին Տեր-Պետրոսյանին: Բովանդակային առումով քարոզչական ճակատի այդ մարտիկների երեւակայությունը «ցրտից ու մթից» այն կողմ չի գնում:
Արդյոք ՀԱԿ-ի իմ բարեկամները պե՞տք է այդ տեսակի քարոզչությանը պատասխանեն: Վստահ չեմ, որ «ցրտի-մթի» վրա սեւեռված քաղաքացիների կարծիքի վրա հնարավոր է ազդել:
Կա որոշակի ընտրազանգված, որին հնարավոր չէ որեւէ բան համոզել կամ թեկուզ բացատրել: Բերեմ մի բնորոշ օրինակ: Իմ վերջին տեսագրություններից մեկում ես փորձում էի հիմնավորել, թե ինչու եմ պահպանողական գաղափարախոսությունն այս փուլում գերադասելի համարում: Ի պատասխան՝ որպես մեկնաբանություն նիկոլական օգտատերը գրում է՝ «դու պահպանողական ես, որովհետեւ պաշտպանում ու պահպանում ես նախկին մերժվածների ամեն ինչը»:
Փաշինյանական ընտրազանգվածը չունի տարրական գիտելիքներ, պատկերացում չունի, թե որոնք են Հայաստանի իրական մարտահրավերները եւ ունակ է միայն կրկնել սոցցանցերում պտտվող ինչ-որ բանաձեւեր: Հենց այդ զանգվածի վրա է աշխատում հիշյալ քարոզչությունը, եւ այդ մարդկանց համոզելը, որ կային եւ կան ավելի կարեւոր բաներ, քան «ցուրտն ու մութը»… մեծ հարգանք ունեմ այն ընդդիմադիրների նկատմամբ, ովքեր այդ մարդկանց ուզում են ինչ-որ բան բացատրել:
Կարդացեք նաև
Եթե նիկոլական որոշակի զանգվածին որեւէ բան բացատրելու իմաստն ինձ համար այնքան էլ ակնհայտ չէ, ապա կա մի բան, որում ես համոզված եմ: Ասեմ, թե ինչում:
Օրերս հայտնի դարձավ, որ Ռոբերտ Քոչարյանը որոշել է մասնակցել խորհրդարանական ընտրություններին: Իհարկե, ավելի լավ կլիներ՝ դա տեղի չունենար, քանի որ երկրորդ նախագահն այս անգամ հաստատ չի ստանա նույնիսկ այնքան ձայներ, որքան ունեցել է 2021-ին, սակայն նրա առաջադրումը լայն ասպարեզ կբացի իշխանական քարոզչության համար: Բայց, եթե իմ տեսակետը ընդդիմադիրներին հետաքրքրում է, ապա, կարծում եմ, չարժե քարոզել Քոչարյանի եւ նրան սատարող ՀՅԴ-ի դեմ: Թող դա անեն ՔՊ-ականները: «Ներընդդիմադիր» սուր բանավեճերը ձեռնտու են հենց նրանց: Քոչարյանականներն էլ, իհարկե, ցանկալի է, որ զերծ մնան այլ ընդդիմադիրների հաշվին միավորներ հավաքելուց:
Ես համոզված եմ մի բանում՝ բոլոր իրական ընդդիմադիրները պետք է կենտրոնանան միա՛յն Փաշինյանի վրա եւ իրար նկատմամբ պահպանեն «բարյացակամ չեզոքություն»:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ


















































