Լրահոս
Օրվա լրահոսը

«Ուզում եմ, որ Հայաստանում մարդուն կենդանության օրոք գնահատելու սովորույթ ձեւավորվի». Արտավազդ Սահակյանը բացառիկ մարդ էր ու բժիշկ

Մարտ 18,2026 13:40 Share

«Թեքեյան» կենտրոնում կազմակերպված մեծարման հուշ-երեկոյի ժամանակ լեգենդար միկրովիրաբույժ Արտավազդ Սահակյանի մտերիմները, կյանքի ու աշխատանքային ընկերները խոսեցին «Մարմնի ճարտարապետի» մարդկային եւ մասնագիտական որակների մասին։

Ռուբեն Միրզախանյան։ Հայաստանի Թեքեյան մշակութային միության նախագահ. «Դեռ երկու տարի առաջ մենք քննարկում էինք իմ առաջարկը Արտավազդ Սահակյանի հետ, որպեսզի իրեն պարգեւատրենք Թեքեյան մշակութային միության՝ կազմակերպության, որը 16 երկրներում իր բաժանմունքներն ունի, բարձրագույն՝ «Ադամանդակուռ Արարատ» շքանշանով։ Ինչպես միշտ, պարոն Սահակյանն ասում էր՝ մի քիչ համբերենք, այսօր երեք հատ վիրահատություն ունեմ, վաղը՝ չորս հատ…

Այնուամենայնիվ, գործնական խոսակցությունը տեղի ունեցավ անցյալ տարի նոյեմբերի 21-ին։ Օրը հստակ հիշում եմ, որովհետեւ ընդունվեց որոշում եւ որոշվեց՝ թող նոր տարին անցնի, փետրվար-մարտի մեջ։ Բայց տեղի ունեցավ ողբերգությունը։

Երբեւէ «Ադամանդակուռ Արարատ» շքանշանի չեն արժանացել հետմահու։ Ես չեմ գտնում, որ դա այդպես է նաեւ այսօր։ Մի անգամ ես թվարկեցի, թե ովքեր են շքանշանակիրները։ Նորին Սուրբ Օծություն Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Շարլ Ազնավուրը, մեր արվեստի, գրականության ամենանշանակալի դեմքերը։ 24 տարվա ընթացքում ընդամենը 26 հոգի է արժանացել այդ շքանշանին։ Եվ պարոն Սահակյանն ինձ ասում է. «Բայց տես, նրանք գրականագետներ, արվեստագետներ են, իսկ ես բժիշկ եմ։ Ես փորձեցի չհամաձայնել։ Նա մեծագույն արվեստագետ էր իր գործում։ Ցանկացած վիրահատություն, որ իրականացնում էր, դա արվեստ էր»։

Արա Բաբլոյան. «Արաբկիր» բժշկական համալիրի հիմնադիր նախագահ. «90-ականներին, երբ ես նախարար էի եւ մենք պետք է կարողանայինք ապահովել բժշկական ծառայությունները Արցախում, երբ որ ուզում էինք հերթականությամբ ուղարկեինք բժիշկներին ու հետո փնտրում էինք, Արտոյին չէինք գտնում, որովհետեւ նա արդեն այնտեղ էր։ Ինքը հերթ չուներ։

Էստեղ ինձ լրագրողը հարց տվեց, թե կարո՞ղ եք Արտավազդ Սահակյանին կարճ բնութագրել։ Ես պատասխանեցի. «Բացառիկ անձնավորություն»։ Շատ դժվար էր նրան զսպել, որովհետեւ ըմբոստ էր; Չէր կարողանում ընդունել անարդարությունը։ Հպարտ եմ, որ մեկ-մեկ ինձ էր տրված լինում, որ նրան զսպեի։ Բայց ամեն անգամ, երբ մտնում էի այդ պրոցեսի մեջ, ամեն անգամ գիտեի, որ ինքը ճիշտ է։ Ես հպարտ եմ, որ հնարավորություն եմ ունեցել նրա հետ շփվելու»։

Արմեն Չարչյան. «Իզմիրլյան» ԲԿ գործադիր տնօրեն. «Դժվար է անցյալով խոսել ընկերոջ մասին, առավել եւս, մարդու մասին, որի հետ մի ամբողջ մասնագիտական կյանք ես անցել, անցել ես պատերազմ, երկրաշարժ, ծայրագույն բարդ իրավիճակներ։

Արտոն այն մարդն էր, որի համար որեւէ սահման գոյություն չուներ, բացի բարոյական սահմանից, այն մարդն էր, որ ամեն ինչ կդներ զոհասեղանին ի շահ արդարության, ազնվության, հայրենիքի։ Արտոն այն մարդն է, որը ստեղծել է մասնագիտություն, որը կերտել է միկրովիրաբուժությունը Հայաստանում։ Արտոն իր մասնագիտությունը բարձրացրեց արվեստի մակարդակի։ Նրա ամեն մի վիրահատություն սիմֆոնիա էր»։

Կամո Արեյան։ Երեւանի քաղաքապետի խորհրդական. «Չկա ավելի մեծ առաքելություն, երբ սեփական կյանքդ ես դնում հազարավոր մարդկանց կյանք նվիրելով։ Եվ այն, ինչ նա արեց, արեց բացառիկ առաքինությամբ։ Ես այսօր այստեղ կանգնած եմ եւ իմ երկու ձեռքերի վրա էլ իր մատների հետքը կա։

Եթե հիմա վստահ գրիչ եմ բռնում, հացի պատառ, կամ մի ընկած քար բարձրացնում եմ, որ դնեմ տեղը, պարտական եմ Արտո Սահակյանին։ Եվ հուր ու հավիտյան ձեռքերս վերեւ պարզած՝ պիտի աղոթեմ իր կենարար երկրային գոյության ու երկնային արքայության համար։ Խոնարհումս»։

Թաթուլ Մխիթարյան. Գործարար, Արտավազդ Սահակյանի մտերիմ ընկեր. «Այսօր 100 օր է, որ Արտավազդ Սահակյանը հեռացել է մեզնից։ Ես չեմ կարող գնահատականներ տալ իմ ավագ ընկերոջը։ Ես հիմա խոսում եմ նրա ընկերների անունից; Մենք Արտոյի հետ 30 տարուց ավելի ընկերական կապի մեջ ենք։ Եվ եթե թվարկենք, թե Արտոյի հետ ինչեր ենք արել, շաբաթներ են պետք։ Նա բացառիկ մարդ էր, քայլող հանրագիտարան։ Բայց այստեղ չգնահատվեց։ Մի անգամ ասացի՝ մի երկու երկիր կա, ուր քեզ տանելու հնարավորություն ունեմ։ Քեզ հիվանդանոց, կլինիկա կտանք, արձանդ էլ կկանգնեցնենք։ Ասաց չէ, ես Հայաստանից տեղ չեմ գնա։ Բա այս ժողովրդին ի՞նչ անենք։ Հիմա ես եմ ասում. «Բա էս ժողովրդին ի՞նչ անենք»։ 50 հազար եւ ավելի վիրահատություն է արել։ Գուցե, դա Գինեսի ռեկորդ էլ է։ Սա նրա բնութագրականն է։ Ուզում եմ, որ Հայաստանում մարդուն կենդանության օրոք գնահատելու սովորույթ ձեւավորվի»։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031