«Ուժեղ Հայաստան» կուսակցության անվտանգային թիմի ղեկավար, լեգենդեր հետախույզ, պատերազմի հերոս Արթուր Ավանեսյանը (Կանդազ) այսօր ներկայացրեց Սամվել Կարապետյանի «Ուժեղ խաղաղություն» անվտանգության ծրագիրը։
«Սամվել Կարապետյանի «Ուժեղ խաղաղություն» ծրագրով մենք առաջարկում ենք հետեւյալ լուծումները։ Առաջինը՝ ներդնել «խելացի սահմաններ» համալիր համակարգը՝ մարդկային գործոնի ռիսկը նվազեցնելու եւ սահմանների անխոցելիությունն ապահովելու համար։ Սահմանագծի ողջ երկայնքով արհեստական բանականության հիման վրա սենսորային ցանցերի եւ ինքնավար հարվածային միջոցների տեղակայում։
Երկրորդ՝ ստեղծել ռազմական հետախուզության եւ կանխատեսման համակարգ՝ սպառնալիքները վաղ փուլում հայտնաբերելու նպատակով։
Երրորդ՝ զինված ուժերում միասնական կառավարման համակարգի ներդրում, որը կառավարում է օդային, ցամաքային եւ տեղեկատվական տիրույթների համապատասխան գործողությունները։
Կարդացեք նաև
Չորրորդ՝ ռազմարդյունաբերական համալիրի ստեղծումը մեզ համար գերակա նպատակ է։ Դա մեզ հնարավորություն է տալու նվազեցնել մեր կախվածությունն այլ երկրներից ճգնաժամային իրավիճակներում։
Հինգերորդ՝ Հայաստանի երկինքը լինելու է ամբողջովին պաշտպանված։ Սա մեզ համար գերակա նպատակ է։ Ցավալիորեն պատմությունը ցույց է տվել՝ եթե անպաշտպան է Հայաստանի է երկինքը, անպաշտպան է հայ զինվորը։
Վեցերորդ՝ ինձ համար պատվի հարց է, որ մեր հասարակության մեջ վերականգնվի հայ զինվորի, հայ սպայի պատիվը։ Հայ զինվորը չի պարտվել, չի խոնարհվել, չի հանձնվել, քանի դեռ թիկունքից չեն հարվածել նրան։ Թույլ ղեկավարի օրոք չենք կարող ունենալ ուժեղ բանակ, պարզապես ի վիճակի չենք ուժեղ բանակ կառուցելու։ Եղնիկների բանակը՝ առյուծի գլխավորությամբ, կռվում է առյուծի նման։ Իսկ առյուծների բանակը՝ եղնիկի գլխավորությամբ, փախչում է եղնիկի նման»,- ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում
Ըստ Ավանեսյանի՝ բանակը դառնալու է մասնագիտական աճի եւ սոցիալական բարձր կարգավիճակի երաշխավոր։ Իրենք վերանայելու են սպայական կազմի կրթական ստանդարտները՝ շեշտը դնելով ռազմավարական մտածողության, տեխնոլոգիական գրագիտության եւ առաջնորդության վրա։ Զինվորական ծառայությունը պետք է դառնա երկրի ամենամրցունակ մասնագիտություններից մեկը։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


















































