Հայ ֆուտբոլիստ, միջազգային կարգի սպորտի վարպետ, Հայաստանի վաստակավոր մարզիչ Խորեն Հովհաննիսյանն «Առավոտի» հետ զրույցում ասաց. «Մենք Արտավազդ Սահակյանի հետ լավ ընկերներ էինք։ Հավատս չի գալիս, որ նա չկա։ Ինքը հայ ազգի համար միշտ մնում է Արտավազդը։ Բոլորը հիշում են նրան։ Արտոյի ձեռքերի նման ձեռքեր աշխարհում չկան։ Նա մահացած մարդուն ոտքի էր կանգնեցնում։ Ինքը բժշկության մեջ համաշխարհային դեմք էր; Մենք կորցրինք այդպիսի մարդուն, ցավոք, նա շուտ գնաց: Շատ լավ ընկեր էր, ազնիվ մարդ։ Սիրում էր մարդկանց հավաքել մեկտեղ, միմյանց հետ հաշտեցնել։ Մի խոսքով, ինչքան լավ բան կա այս աշխարհում, կարելի է Արտավազդի համար ասել։
Արտավազդը նաեւ մեծ հայրենասեր էր։ Արցախյան այս պատերազմը որ սկսվեց, հենց առաջին օրվանից ինքն այնտեղ էր ու համարյա հետ չէր գալիս Հայաստան։ Մնում էր այնտեղ։ Ինչքա՜ն մարդկանց, ինչքա՜ն երեխաների կյանք է փրկել ու պատկերացրեք՝ մինչեւ վերջ էլ նա մնաց այնտեղ։ Արտավազդի նման մարդ ու բժիշկ 100 տարին մեկ է ծնվում։ Մենք իրեն դեռ շատ կհիշենք»։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ


















































